shushan stepanyan portret

Չգիտեմ

Վերջերս մի մարդու հանդիպեցի ու հենց իր մասին էլ ուզում եմ պատմել:

Ընկերուհիներով հավաքվել էինք: Արդեն ուշ էր, որոշեցինք տաքսի նստել ու տուն հասնել: Մեր ուրախ տրամադրությունը նույնն էր անգամ մեքենայի մեջ: Մի բանն այն չէր ուղղակի. տաքսու վարորդը նման չէր բոլոր այն վարորդներին, ովքեր «կենտ» մազափնջով են, սև քառակուսի ակնոցնով ու ովքեր բարձր երաժշտության ներքո հարցնում են. «Ո՞ւր ենք գնալու, քուրս» ու վերջում էլ. «Հազար դրամ, ցավդ տանեմ» (դե հա, մի քիչ չափազանցրի գուցե, բայց ամեն դեպքում):

Երբ նստեցինք, տարբեր թեմաներից էինք խոսում, ու մեզնից մեկն ասաց.

-Էրեխե՛ք, կարելի ա մի օր գալ Սարյանի թանգարան: Դասերին որ նայենք, պիտի ոչ մի բան չհասցնենք: Անպայման գանք, էլի:

Վարորդը, որ ամբողջ ժամանակ լսում էր մեր խոսակցությունը, ասաց.

-Ապրեք, էրեխե՛ք ջան, անպայման գնացեք: Հենց մի քիչ ներքև էլ Փարաջանովինն է, դա էլ գնացեք: Հա, իմիջիայլոց, Այվազովսկու երկու հարյուր ամյակին նվիրված ցուցադրություն կա Ազգային պատկերասրահում, դա էլ գնացեք: Անգամ նկարներ կան, որ այսքան ժամանակ չեն ցուցադրվել, ու հիմա կարող եք տեսնել:

Եթե անկեղծ, սկզբում բոլորս զարմացած էինք իրեն նայում, որովհետև մի տեսակ անսովոր էր մարդկային նման կերպարը ըմբռնել որպես տաքսու վարորդ: Հասկանալի էր, որ արվեստագետ է՝ շատ-շատերի պես չգնահատված ու հուսալքված: Հարց ու փորձից հետո հասկացանք, որ նկարիչ էր, պարզապես կարիքից դրդված այժմ այս գործին է:

-Հասկանում եք, արվեստի մեջ լինելն ու մնալը շատ դժվար է: Դու չես կարող նման կերպ գոյատևել, այն էլ մեր երկրում, եթե մեկ այլ գործով չզբաղվես: Շատ եմ ցավում դրա համար: Բա, էրեխե՛ք ջան:

-Շատ նկարներ ունեմ՝ տարբեր երկրներ ցուցադրությունների ուղարկված: Սա էլ իմ մասին պատմող մի հոդված է փոքրիկ (մեքենայում է պահում իր մասին պատմող նյութերը): Արվեստին չես կարող մոտենալ որպես բիզնես, որպես գումար աշխատելու միջոց, արվեստն աշխարհ է, որում ու որով պիտի ապրես: Կներեք էրեխեք ջան, երևի շատ խոսեցի: Ուղղակի, որ տեսա ձեր հետաքրքրությունը, սկսեցի պատմել: Գնացեք, շատ գնացեք նման տեղեր: Ձեր ժամանակը ճիշտ ու արժեքավոր բաների վրա ծախսեք:

Սառը տխրություն էր լցվել ներսս, որովհետև տխուր էին ոչ միայն խոսքերը նրա, այլև հայացքը ու հենց ինքը:

Մենք, որ ուրախ զրուցում էինք սկզբում, արդեն լռել էինք ու ամենքս մի տող, մի միտք էր փորձում իրենով անել:

Արվեստագետը, ով կյանքն ընկալում է յուրահատուկ, դրական, խաղաղ ձևով և ով կյանքը, աշխարհը, հասարակ մարդուն ավելի մոտ է դարձնում հոգևորին, այսօր գնահատված չէ, այսօր արժանավայել ապրելու հնարավորություն չունի: Միայն մարդիկ, ովքեր մեզ ավելի մոտ են դարձնում սպառնալիքներին, որոնց պատճառով կյանքը հաճախ սև է թվում, ինքնագոհ ու երջանիկ են ապրում:

Չգիտեմ…