amalya harutyunyan

Չէ որ դու 12 ես

Երեկ, երբ բացեցի աչքերս, առաջին դասարան էի, մի քանի ժամ հետո արդեն 8-րդ, իսկ հիմա, երբ ժամանակն ինձնից առաջ է ընկել ու վազում է, ես չգիտեմ, թե ինչ հրաշքով 12-րդ դասարանում եմ հայտնվել:
Կասեք` ինչ կա որ, մենք էլ 10-ում ենք կամ 11-ում, 9-րդցիներն էլ կասեն` շուտով մենք էլ ենք ավարտում:
Իսկ ես կպնդեմ, որ մեկ է`12ը շատ-շատ ուրիշ, խառը և միաժամանակ հետաքրքիր շրջան է:
Հենց 12-րդ դասարանում են բոլոր մտքերդ խառնվում իրար, մի մեծ հանգույց դառնում, ու դու չգիտես` որտեղից քանդել կամ բացել այն: Իսկ միգուցե ճար չգտնելով կտրե՞ս հանգույցը: 12-րդ դասարանում են բոլոր երազանքներդ ու նպատակներդ միախառնվում իրար, ցանկություններդ քեզ հանգիստ չեն տալիս:
Հենց 12-ում ես հասկանում, որ աշխարհի բոլոր մասնագիտությունները քեզ համար են, ու դու չես կարողանում ընտրել որևէ մեկը, կամ հասկանում ես, որ ոչ մի մասնագիտություն այս աշխարհում չկա քեզ համար, ու դու առանձնահատուկ մի բան ես փնտրում:
12-րդ դասարանում դպրոց չես ուզում հաճախել, խուսափում ես դասերից, չես գնում դասին ու ամբողջ միջանցքով թափառում ես ու չես էլ հասկանում, որ վերջին մի քանի անգամն ես նստում դպրոցական նստարանին, որ կավիճները վերջին անգամ են սխալ գրելու, որ դասարանցիներդ վերջին անգամ են սխալ հուշելու, որ դասերին թաքուն վերջին անգամ ես նյութ գրելու, որ վերջին անգամ է 45 րոպեն հավերժություն թվալու:
12-րդ դասարան, այն դասարանն է, երբ դու վստահ ես, որ չես կարոտելու դպրոցը, բայց ինչ-որ տեղ նրան միշտ հիշում ես:
12-ը ամեն ինչ խառնելու ու նորից դասավորելու դասարանն է: 12-ը երազանքներդ նպատակ դարձնելու ու նրանց ավելի մոտ գտնվելու ժամանակն է:
Հույզերդ, հույսերդ խառնելու, վհատվելու և ուրախանալու, ժպտալու և լացելու տարիքն է, գրքերն ու տետրերը մի կողմ շպրտելու, ամեն ինչում շտեմարաններին մեղադրելու, ուժերիդ հավատալու, ու քեզ նորից վերագտնելու հատվածն է:
12-ում հասկանում ես, որ չափից շատ բան ես ցանկանում, ուզում ես օրերիդ մեջ տեղավորել անհնարինը ու հասնել ամենին, իսկ ժամանակը մեծ արագությամբ սլանում է` չսպասելով քեզ:

12-ը անվերջ պարապելու, քեզ շատ բաներից զրկելու, հնարավորություններդ բաց թողելու, մինչև կեսգիշեր դաս անելու ու քունը կարոտելու, բայց միաժամանակ, երազանքին հասնելու դասարանն է:

Դու չես հասկանում` այլևս մեծ ես, թե փոքր, քեզ մի քանի ամիս է մնում վերջնական մեծահասակ դառնալու համար, իսկ քո պատկերացումներում դու ամեն ինչ նոր բացահայտող ու սովորող մեկն ես:
12-ում հասկանում ես, որ կարելի էր դպրոցում դաս սովորել, որ դասագրքերը ուղղակի թերթելու համար չեն, ու մի բան ևս գիտակցում ես` ժամանակը չես կարող հետ բերել, հետևաբար, պետք է հիմա փորձես սովորել:
12-ը քեզ տասնյակ անգամներ կորցնելու ու տասնյակ անգամներ վերագտնելու, ուժերդ չգնահատելու ու նորից ուժերիդ հավատալու մի մեծ պայքարի ժամանակն է:
Ու հոգ չէ, եթե հիմա էլ բացել ես շտեմարանը ու կանգ առել, հոգ չէ, որ հոգնել ես անվերջ վազվզոցից ու անընդհատ պարապելուց, հոգ չէ, որ դու հիմա վերև ես բարձրանում ու ընկնում ես, որ քեզ կորցնում ու լաց ես լինում, որ մի քանի րոպե հետո ժպտում ես, հոգ չէ, որ ցանկություններդ չափից շատ են, երազանքներդ` էլ ավելի ու ընդհանրապես, կարևոր չէ, որ ճանապարհն էլ մի փոքր հոսանքազրկվել է, ու մութ է: Կարևոր չէ, որ այս ժամանակահատվածում թողնում են շատերը, ու շատերն էլ գտնում քեզ, կարևոր չէ, որ քեզ ասում են` չես կարող, կարևորը, որ դու հավատում ես:
Հոգ չէ, որ պետք է մի քանի ամիս համառ պայքարես, չէ որ դու 12 ես…