Sofya Tadevosyan

Պապս

Այս մարդուն չճանաչելու և միայն նրա գործերին նայելու դեպքում երբեք չեք հավատա, որ նա ունի ընդամենը մեկ ձեռք՝ ձախը, և այդ ձեռքի վրա ընդամենը չորս մատ:

Եղիազարյան Գագիկ Բալաբեկի: Իմ պապիկը: Մարդ, ում ճանաչում և հարգում են ոչ միայն Գագարինում, այլև ամբողջ Գեղարքունիքի մարզում: Ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 30-ին Դդմաշենում:

Սովորել և ավարտել է տեղի դպրոցը՝ գերազանց առաջադիմությամբ: Ինչպես յուրաքանչյուր երիտասարդ, պապս էլ էր երազում ընդունվել համալսարան, ստանալ բարձրագույն կրթություն, աշխատել, և ի վերջո, ընտանիք կազմել: Սակայն սկսվեց Հայրենական պատերազմը: Իսկ ինչպես հայտնի է, յուրաքանչյուր պատերազմ կիսատ է թողնում մարդկանց երազանքները: Գալիս է, որպեսզի մի հարվածով վերացնի ներկայի, անցյալի ու ապագայի սահմանը: Որպեսզի բոլոր մարդկանց կյանքը կիսի մինչ և հետպատերազմյան շրջանների:

1943 թվականն էր, և նոր դպրոցն ավարտած պապս իրենց գյուղի 28 կամավորների հետ զինվորագրվեց: Այդ թվականի հուլիսի 6-ին մեկնեցին Կուրսկի ճակատամարտ, իսկ մինչև այդ վերապատրաստվել էին Դիլիջանում, որտեղ պապս ստացել էր կրտսեր սերժանտի կոչում: Դաժան մարտեր էին մղում Կուրսկի մոտ, որտեղ որոշվում էր երկրի լինել-չլինելու հարցը:

Պապս կռվում էր Սիվաշյան-շտետինյան 15-րդ հրաձգային դիվիզիայում:

-Պապի, իսկ հիմա հիշո՞ւմ ես, թե ինչ մարտերի ես մասնակցել,- հարցնում եմ ես:

-47-րդ հրաձգային գնդի կազմում մասնակցել եմ Կուստորնոյի, Մալոարխանգելսկի, Յասնայա Պոլյանայի, Ստուդենեցի, Լոնի, Օսիպովիչի…,- անընդհատ թվարկում է նա, իսկ ես ընդհատում եմ և հարցնում պատերազմում ապրած իր ամենադժվար օրվա մասին:

Պապս հոգոց է հանում և սկսում է պատմել.

-Դնեպրի վտակ Սոժայի գետանցումը…

Պապիկս սևանցի էր, Հրազդանի ափին մեծացած մարդ, ով հաճախ կռիվներ էր վարել գետի ալիքների հետ, կռվել ու հաղթել: Դրա համար էլ իր գնդացրային ջոկին հանձնարարել էր ռադիոբարձրախոսը անցկացնել գետի մյուս ափը:

Իսկ 1944 թվականի հոկտեմբերի 15-ին Ռիգայի ծովափում ընկել էին ռմբակոծության տակ, ու հենց այդտեղ էլ պապիկս կորցրել էր աջ թևը: Մոտավորապես չորս ամիս նա անցկացրել է հոսպիտալում, հասել է մինչև հեռավոր Վլադիվոստոկի հոսպիտալը, իսկ պատերազմից հետո վերադարձել է հայրենի գյուղ:

Պատերազմն ավարտվեց, բայց աշխատել էր հարկավոր, ապրել ու նորից կառուցել այն, ինչ պատերազմը քանդել էր և վերացրել: Վերադառնալով հայրենիք` դարձավ Դդմաշենի ակումբի վարիչ: Աշխատելով մեկ տարի՝ անընդհատ մտածում էր ուսումը շարունակելու մասին: 1951 թվականին ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը և այն ավարտել է 1955 թվականին: 1956 թվականին նշանակվել է նախկին Ավանի՝ ներկայիս Գագարինի դպրոցի տնօրեն և աշխատել է մինչև 2004 թվականը:

Ահա թե ով է իմ պապը: