Չլինեի ես, չէին լինի քրոջս առավոտները

-Վեներա, այ Վեներա, Վեներա ջան, արթնացի, ջան,- համարյա երգելով շշնջում էր քույրս իմ ականջին, իսկ ես ավելի էի ամուր գրկում վերմակս ու աչքերս փակում:

-Վեն, հոգնեցի արդեն, դե, արթնացի , վա՜յ,- առավոտյան 7-ն է,  և ես քրոջս  արդեն նվիրում եմ զայրանալու պատճառ:

-Հա, ըհը… հեսա… հաա,- քրոջս չարհամարհելու համար ասում եմ ամենաքիչ բերանի շարժում պահանջող բառերը:

-Լավ, Վեն ջան, դե, ես գնամ թեյ պատրաստեմ, դու արդեն հագնվի,- ասաց քույրս  ու չիմանալով, որ տասը րոպե հետո արդեն շատ բարկացած ասելու է.

-Աաաա,Վեն, դե արդեն հոգնեցի է, էլի սփռոցին թափեցիր էս թեյը, հերիք ա, մտածված ե՞ս անում,- չգիտեմ ինչու, վերջերս միշտ պատահմամբ շրջում եմ իմ թեյի բաժակը, և քույրս այդ ամենը հավաքելով միշտ կիսատ է թողնում  նախաճաշը:

-Ես արդեն գնամ դասի, հա՞,- ինքս ինձ վրա շատ բարկացած ասացի քրոջս, ու մեղավորության արցունքներ էին հայտնվել աչքերիս:

Արագ դուրս եկա տնից, նստեցի երթուղային ու այնտեղ գիրք էի կարդում, քրոջս նվիրած գիրքը:

Դպրոցում արդեն երրորդ ժամն էր, երբ ես մոռացած այդ ամենի մասին երգ էի լսում, երբ հանկարծ կարդացի քրոջս ուղարկած հաղորդագրությունը. «Այ Վեն ջան, ինչի՞ ես լացում, է, իմ առավոտները առանց սփռոց մաքրելու ու քո վրա ջղայնանալու անհնար ա, այ ջան, չտխրես հանկարծ, դու Վեներան ես, չէ՞»:

Հիմա քույրս հեռվում է: Առավոտներն սկսում եմ մենակ, ոչ ոք չկա, որ առավոտյան համարյա երգելով շշնջա.

-Վեներա, այ Վեներա, Վեներա ջան, արթնացի, ջան…