Mariam barseghyan

Չորրորդ ամսվա 28-րդ օրը…

«Հետևողական աշխատանքի համար»

Եթե ասեմ, որ գրելը իմ տարերքն է՝ երևի թե չեմ խաբի: Միշտ ցանկացել եմ զբաղվել լրագրությամբ, բայց երբեք նման հնարավորություն չեմ ունեցել: Լրագրությամբ զբաղվելու մի շարք փորձերից հետո ես հանդիպեցի «Մանանա» կենտրոնին:

Առաջին հանդիպում` Ստեփանավանի մեդիադասընթաց: Այս հանդիպումը դարձավ ամենանշանակալից օրերից մեկը: Չնայած այն փաստին, որ դասընթացը ուրիշ քաղաքում էր, ես որոշեցի բաց չթողնել այդ հնարավորությունը: Սկզբում մի քիչ ամաչում էի, գրեթե չէի խոսում, բայց հետո «Մանանա»  թիմի անմիջականությունը ստիպեց ինձ ակտիվանալ: Ես ուղղակի երջանիկ եմ, որ այդ օրը, բազում տաղանդավոր և ստեղծագործ պատանիներից ընտրեցին հենց ինձ: Այս հանդիպումը ենթադրում էր նոր հանդիպում, որը եղավ Ծաղկաձորյան մեդիաճամբարի մեկ շաբաթը: Պետք է ասեմ, որ դա իմ ամենալավ յոթ օրն էր և ամենալավ ծննդյան տարեդարձը (Մեդիա ճամբարը համընկել էր իմ ծննդյան տարեդարձի հետ): Այդ յոթ օրերի ընթացքում ես սովորեցի լինել ստեղծագործ: Սկզբում լավ չէի գրում, նյութերիս մեջ կյանք չկար: Եվ տարօրինակ էլ չէ, ինչպե՞ս կարող էր կյանք լինել անշունչ հաշվետվության մեջ: Տիկին Ռուզաննան մի անգամ ասաց, որ նյութերս ավելի շատ հաշվետվության են նման, նստեցրեց իր կողքին և սկսեց խմբագրել նյութերիցս մեկը: Այդ օրը ես հասկացա, որ պետք է դուրս գամ ինձ հատուկ փակագծերից և սկսեմ գրել այն, ինչ մտածում և զգում եմ, որ պետք է նյութերս լինեն անկեղծ և հստակ, հասկանալի և հարազատ ուրիշներին:

Իսկ այսօր մեկուկես տարի անց 17.am-ին թղթակցելուց հետո ես ստացա մրցանակ իմ հետևողական աշխատանքի համար, որը դարձավ այն նոր էջի սկիզբը, որտեղ ես կկատարելագործվեմ, կգրեմ նոր և ավելի հետաքրքիր պատմություններ, կդառնամ ավելի ստեղծագործ և իմ ձայնը ավելի լսելի կլինի, քան երբևէ: