Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Չոր ու անհարմար ոտքը

Կապվածությունը հոր պապի, կամ մոր տատի հետ հաստատ այնքան ուժեղ չէ, ինչքան օրինակ հոր, մոր կամ տատ ու պապի հետ: Բայց այն օրը, երբ արդեն գիշեր էր, ու մութը իր մեռելային ծանրությամբ ընկել էր քաղաքի վրա, և երբ բոլորը քնած էին, և միայն ես էի արթուն ու քրքրում էի ընտանեկան անցած-գնացած տեսանյութեր ու նկարներ, գտա հորս պապի վիդեոն, նայելիս աչքերս թրջվեցին:

Թեև դեռ վեց տարեկան էի, երբ նա հոգին ավանդեց, և թեև արդեն տասնմեկ տարի է անցել, բայց ես հիշում եմ:

Երբեք չեմ մոռանա նրա մեծ, հաստ և կոշտացած ձեռքերը, որոնցով բռնում էր մեր՝ իմ ու եղբորս ձեռքից ու ման ածում։

Երբեք չեմ մոռանա, որ միայն մեզ էր հիշում այն ժամանակ, երբ նույնիսկ սեփական երեխաներին էր մոռացել։

Երբեք չեմ մոռանա իմ ու եղբորս կռիվները նրա իսկական ոտքի վրա նստելու համար։ Նա մի ոտքը կորցրել էր պատերազմի ժամանակ, պրոթեզ էր, հետևաբար՝ չոր ու անհարմար էր նստելը այդ ոտքին, իսկ առողջ ոտքը փափուկ էր։ Երբ նա իր ծնկներին էր նստեցնում մեզ, ես ու եղբայրս կռվում էինք առողջ ոտքի համար։ Ու միշտ հաշտվող ու խելոք Լիլիթը տեղի էր տալիս իհարկե։ Ի՞ նչ անեի. մեծը ես էի։

Հիմա նման բաների համար կռիվ չէի անի, այլ մի քիչ շատ հարցեր կտայի ու ուղղակի կլսեի նրա ձայնը՝ նստած թեկուզ պրոթեզին։