Anushik Mkrtchyan

Կարոտելով մորս

Դեռ հինգ ամիս էլ չկա, բայց արդեն չափից շատ եմ կարոտել մորս: Եթե ասում եմ, որ կարոտել եմ մորս, դա չի նշանակում, որ չեմ կարոտել հորս: Նրանք մեկնել են արտագնա աշխատանքի: Մամային չեմ ասում մայրիկ կամ մայրս, որովհետև այդպես շատ պաշտոնական է թվում:

Շատ եմ կարոտել մամային ու ամեն րոպե ուզում եմ գրկել, նրա ջերմությունը զգալ, կիսվել էն ամենով, ինչը չեմ խոսել այս հինգ ամիսների ընթացքում: Կարոտելով նրան, ամեն մեկի ձայնը լսելուց, նմանեցնում եմ նրա ձայնին, տեսնելով մարդկանց, նրանց դեմքի մեջ փնտրում եմ մամայի դիմագծերը, հայտնվելով ամբոխի մեջ, փնտրում եմ նրան:

-Երեխանե՛ր, որբաթ օրը, ժամը՝ 13: 30, ծնողական ժողով է: Խնդրում եմ, տեղյակ կպահեք ձեր ծնողներին, -ասաց դասղեկս՝ընկեր Հակոբյանը և դուրս եկավ դասարանից: Իսկ ես ի՞նչ անեի…Չէ որ մայրս այստեղ չէ: Ուրեմն պետք է տատիկը գնար: Բայց երբ մտնում ես ծնողական ժողովի սենյակ և տեսնում դասընկերներիդ մայրերին և քո տատիկին, մի տեսակ ուրիշ զգացողություն ես ունենում:

Տեսնելով ընկերներիս, ովքեր գալով տուն, գրկում են իրենց մորը, համբուրում, խոսում ու ծիծաղում, սիրտս կտոր-կտոր է լինում: Բարի նախանձով նայում եմ նրանց և մտքումս ասում, որ Աստված տա, որ իմ իրավիճակում երբեք չհայտնվեն: Երբեք չզգան էն, ինչը ես: Մի օր ընկերուհուս մայրը այնպես գրկեց, որ պատկերացրի ինձ` իմ սեփական մոր գրկում: Թեև ցույց չտվեցի այդ, բայց հոգուս խորքում ուզում էի ավելի ամուր գրկել:

-Անուշիկ, նայի՝ էն կինը ինչ նման ա մամային,- ասաց քույրս, երբ հիվանդանոցում տեսավ մի շիկահեր կնոջ, ում սանրվածքը հետևից շատ նման էր մորս սանրվածքին;

-Հա, Սյուզ, նման ա, – ասացի ես, մտքումս պատկերացնելով մորս արտաքինը:

Ամեն օր դասից տուն գալուց, երբ մտնում եմ ներս, ուզում եմ միայն մորս դեմքը տեսնել: Միայն այն, որ ես կասեմ. «Մամ, տա՞ն ես», և նա էլ կպատասխանի՝ հա, դա արդեն երջանիկ պահ է ինձ համար: Իսկ այժմ, երբ մտնում եմ ներս… Լսում եմ տարբեր ձայներ, բայց ոչ մորս: Հիմա էլ եմ կարոտում նրա ձայնը, և սկսում են աչքերիցս դանդաղ հոսել արցունքները: Հիշում եմ նրա մեկնելու օրը: Ես երկար գրկել էի նրան ու չէի ցանկանում բաց թողնել: Այդ վայրկյանին ավելի էի կապվում մորս հետ ու ավելի լավ հասկանում, որ թեկուզ աշխարհը շուռ գա, մեկ է, մորից թանկ բան չկա, և երբեք չնեղացնել նրան:

Հուսամ, որ շուտ կավարտվի էս մղձավանջը, և մայրս կլինի կողքիս, ինչպես առաջ էր: Կգամ տուն ու կպատմեմ նրան իմ դժգոհություններից, իմ ուրախություններից, իմ հաջողություններից և ինձ հետ կատարվող ամեն ինչից: Կլսեմ նրա խրատական զրույցները և ինձ էլ լիարժեք կզգամ: