aniharutyunyanarm

Չվաճառված բանջարեղենը

-Էսօր համարյա բան չծախվեց, Թամար, – հազիվ լսելի ձայնով, կարծես ամաչելով դռան շեմից դիմեց կնոջը Արմենը։

Թամարը, որ սովոր էր ամուսնու ցածր ձայնին, խոհանոցից շատ լավ լսել էր ամեն օրվա անցանկալի նախադասությունը ու ճաշն այնպես ներողամիտ ժպիտով դրեց սեղանին, որ Արմենը մի պահ մոռացավ մեքենայում մնացած 2 պարկ բիբարը, ձմերուկներն ու մի քանի պարկ լոլիկը։

- Ախր, էս անտեր եղանակը միանգամից շատ տաքացավ, շոգին մարդիկ տնից դուրս ըսկի չեն գալիս, էլ ուր մնաց գնան առևտրի, – փորձում էր արդարանալ Արմենը, բայց ի՞ր, թե՞ Թամարի առաջ։ Միգուցե թոռան, որ շաբաթվա վերջին գալու ու նոր մեքենա էր ուզելու։ Նրան էլ հո չե՞ս բացատրի, որ մարդիկ առևտուր չեն անում, լոլիկով ստիպված պահածո պիտի սարքեն, որ ձմռանն իր այդքան սիրած լոլիկով ձվածեղն է դառնում։

- Ոչինչ, Արմեն ջան, կդնենք պադվալում, հով կլինի, չի փչանա, վաղը նորից կգնաս, – ժպիտով շարունակում էր հանգստացնել ամուսնուն։

- Գիտե՞ս` շուկայում ում տեսա, Թամար…- փորձում էր մեքենայում մնացած պարկերի ծանրությունն այլ խոսակցությամբ ցրել Արմենը, բայց երկուսն էլ գիտեին, որ իրենց նախկին հարևան Գևորգին տեսնելը երբեք էլ իրադարձություն չէր Արմենի համար, ավելին՝ մեկ էր, բայց խոսել էր պետք` անիմաստ թեմաներից ու անկարևոր մարդկանցից, որ իրար համոզեին` ամեն ինչ լավ է, երեխեն էլ առանց մեքենա չի մնա:

Ամեն օր առավոտ շուտ գյուղից դուրս եկող ու շուկա ճանապարհվող, ծանրությունից հազիվ շնչող տասնյակ մեքենաներից մեկն է Արմենի մեքենան: Վարորդներն իրար տեսնելիս հեռվից-հեռու ձայն են տալիս` թեթև-թեթև հետ գաս, բայց վերադառնալիս մնացած բեռի կեսը, թվում է, ավելի է ծանրացել մեքենայի վրա, ակները թուլացել են, մեքենան` խոնարհվել:

Ամեն օր շուկայում կանգնող, ծանրությունից ու երկար ճանապարհից հոգնած հարյուրավոր մեքենաներից մեկն է Արմենի մեքենան: Շուկայում, որտեղ բոլորը թեթևացած մեքենայով տուն գնալու մասին են մտածում, տարբեր կողմերից գրեթե նույն խոսակցությունն է լսվում.

- Թանկ ես ասում, ախպեր, սենց չեղավ, – առանց այդ էլ ջրի գնով դրված ապրանքը փորձում է ավելի էժանացնել գնորդը:

Թանկ ես ասում. ախպեր. ոչինչ, որ դու ամբողջ ամառ այգուց համարյա տուն չես գնացել, ամեն ամպրոպի ժամանակ վեր ես թռչել ու ոչ մի բան փոխել չկարողացողի հայացքով նայել երկնքին ու ամբողջ գիշեր չես քնել, դե ոչինչ, ի՞նչ էական է արևի տակ քաղհան անելդ, այգին ջրելու քո հերթին սպասելդ ու ամբողջ գիշեր մարգերում ջրին հետևելդ, մեկ է, թանկ ես ասում, ախպեր:

Շուկայում, որտեղ մեքենաների երկաթը արևից այրելու աստիճան տաքանում է, մարդիկ ու բանջարեղենը, մրգերը մի կերպ են դիմանում, տանից բերած սառը ջուրը ժամանակից շուտ վերջանում է, խոսակցության թեմաներն էլ. ի՞նչ պիտի խոսես անծանոթ վաճառականի հետ` մի քիչ եղանակից, բիբարը ճիշտ մշակելու տարբերակներից ու երկրի վիճակից, հետո արդեն շատացող գնորդների աղմուկից խոսակցությունները դադարում են, փոշին ու անընդհատ լսվող թվերը` օդում շատանում: Ոմանք օրվա կեսից արդեն դատարկ տուն են գնում, որոշները գնում են ուշ գիշերին` ծանր մեքենայով ու դրանից ծանր սրտով, բայց հաջորդ առավոտյան մարդիկ նորից սիրում են շուկա գնալը, բոլորը նորից` անկախ երեկվանից մնացած պարկերի, արևածագին հավաքվում են, պարկերը պինդ կապում, հարևաններով մի քանի րոպե զրուցում ու նորից` թեթև հետ գալու մաղթանքով ճանապարհ ընկնում: Արմենը վաճառում է մնացած պարկերը, ու երեխեն առանց մեքենա չի մնում: