ani avetisyan.armavir

Պա՞պ, ո՞նց ես

Բարի լույս, նոր օր, քո նույն արևով, չզգացվող նույն տաքությամբ, անձրևից մնացած թաց հետքերով ու թեք ճանապարհների լիքը լցված նույն ջրափոսերով:

Գալդ առաջինն զգացողներից մեկը գյուղով անցնող դպրոցի ճամփան է, որ վաղ առավոտյան երեխեքի ցեխոտ կոշիկների տակ երկար տրորվում, ամեն անգամ նրանց ճանապարհում ու դիմավորում է, ու մեկ էլ Երվանդը, որ քո պատճառով ամեն անգամ իր չսիրած ճամփան բռնում ու մրսելով քայլում է դպրոց հասնելու հույսով ու միշտ բացակայող ցանկությամբ:

-Ե՞ր, այ Երվանդ:

-Թող, ախպեր, մտքերով արդեն հասել ա երկրորդ հարկ:

-Բա Անուշիկին հո մենակ չի՞ թողնելու, արդեն ցրտել ա,- համատարած հռհռոց առաջացնելու հույսով ասված արդեն լավ ծանոթ ու ամեն անգամ ավելի տափակ թվացող նույն խոսքերը:

-Տղերք, հավեսներդ չունեմ, սրտովս գնացեք:

Ընկերների շրջանում մշտապես տրվող հայտնի ախտորոշումն էր` «սիրահարված ա». հավես չունենալու համար հարգելի թվացող, բայց Երվանդի հետ չկապվող պատճառ:

-Ե՞ր, բա ե՞րբ ես սիրտդ բացելու:

-Հա, էլի, մեռավ սպասելով խեղճ աղջիկը,- Արմենի՝ հնությունից արդեն սևացած չաշխատող հումորն էր:

-Վա՞խտ ես գտել: Դու «պավեսկեքի» մասին մտածի:

Խոսողը, իհարկե, Երվանդն էր: Ձմռան հավաքն արդեն սկսվել էր: Եղբայրը` Կարոն էլ գնացողներից մեկն էր լինելու: Չէ, Երվանդը հերթական բողոքավորը չէր, որ 2 տարին կորցրած է համարում ու դրանք վատնելու իմաստը չի գտնում: Երվանդը եղբոր վաստակածով ու հոր` արտագնա աշխատանքից ստացվող եկամուտով պահվող ընտանիքի մի անդամն էր, ու դասերից հետո գյուղացիներից մեկի այգում օրավճարով աշխատող 15-ամյա դպրոցականը, որին մնում էր գլուխը կախ իր տարիքի համար խիստ ծանր բեռը եղբորից վերցնելն ու ամեն երեկո աշխատելուց թուլացած ուսերին պահելը:

-Հել, հել, հավաքվի, պարապմունքիս պիտի հասցնեմ…

Էլի նույն ճանապարհը, նույն ջրափոսերն ու նույն հոգսերը միշտ մտքում պահելով, մինչև տան դռանը հասնելով ու դրանք դրսում գցելով, երկու կողմերից մի կերպ ձգած ժպիտը դեմքին ներս մտնելը:

-Տա՞տ, բա տնեցիք ո՞ւր են:

-Մերդ բաղն ա, Կարոյին էլ նոր կանչ տվին, գործ էր եղել:

-Ուտելու բան կա՞ տաքացրած:

-Դրած ա հացը: Խոսացի՞ր հորդ հետ:

-Դե հա, նորմալ ա, նորություն չկար: Դուրս գամ, տեսնեմ՝ մաման ինչ գործի ա:

-Հացդ, Երվանդ…

Նույն սառը օդը, անցած օրվա անձրևն ու լցվող ջրափոսերը: Իսկ մտքում ամեն անգամ ավելի կարճացող նույն խոսակցությունն էր՝ միշտ կիսատ ասվող ու անպատասխան մնացող հարցով.

-Ալո՞, բարև, պապ: Երվանդն ա, ո՞նց…

-Հլը փող չեմ ստացել, բալես…

Երվանդն էր, 15-ամյա էն դպրոցականը: