Astghik Ghazaryan

Պահապանը

-Անո մամ, ֆերմեն ե՞ս քյըմ… Ինձ էլ կտանե՞ս հետդ…

Գոմը մեր տնից հեռու էր, ու թեև ես փոքր էի, թեև երկար ճանապարհը ինձ շատ էր հոգնեցնում, թեև երբ տուն էի գալիս, ոտքերս ցավում էին, ես գնում էի, չէի’ն տանում, գնում էի. ինչպե՞ս կարող էի մենակ թողնել իմ Անո մամային…

Անո մաման օրական երկու անգամ գնում էր գոմ` առավոտյան և երեկոյան: Առավոտյան քնած էի լինում, դրա համար էլ միայն երեկոներն էի ուղեկցում նրան. տունդարձին երևի մութ կլիներ, ու Անո մաման կվախենար մթից, բայց եթե ես նրա հետ լինեի, ոչնչից էլ չէր վախենա, չնայած ինքս ահավոր վախենում էի մթից և ամեն ինչից:

Ճանապարհին համոզում էի, որ դույլն ինձ տար. հանկարծ կհոգնեին ձեռքերը: Փոքր, ավելի ճիշտ միայն փոքր ժամանակ էի հավեսով գործ անում, ու հենց հավեսս բավարարելու պահանջով էլ խլում դույլը ու թափահարելով, մեկ-մեկ էլ գետնին քսելով` գնում էի: Բայց այդ մեկ-մեկն այնքան հաճախակի էր դառնում, որ դույլը հայտնվում էր Անո մամայի ձեռքին:

Դեպի գոմ տանող ճանապարհի վրա գտնվող թաղերը լիքն էին շներով, ու ամեն անգամ դրանք, չգիտեմ որտեղից իմանալով, որ վախենում եմ իրենցից, հայտնվում էին ճանապարհիս ու իրենց ներկայությամբ սարսափահար անում ինձ: Ես հայտնվում էի Անո մամայի հետևում` նրա փեշից բռնած:

Այսպես, ադրենալինի պակաս չզգալով, տեղ էինք հասնում, ու ես, հաղթահարելով ու թաքցնելով կովերից ունեցած վախս, մտնում էի գոմ` Անո մամային մենակ չթողնելով մի խումբ «հրեշների» հետ: Բայց գոմում «հրեշներից» բացի կային ինձ նման փոքրիկ հորթուկներ, ուլիկներ, որոնք, վախենալով ինձնից, հեռու էին քաշվում` չիմանալով անգամ, որ ես էլ իրենցից էի վախենում: Նրանց ինձ էի նմանեցնում ու միայն վերջերս պատահաբար իմացա, որ տանը ինձ տրված մականուններց մեկը` «չափիչը», նշանակում է՝ ուլ, ու այդ ժամանակ հասկացա, որ մերոնք համը հանել են, և որ իմ բոլոր մականունները` «չափիչ, մկծեռ, մկռոշ, մուկ», կենդանիների անվանումներ են:

Առանձնապես ոչ մի գործ չէի անում գոմում: Իմ` վախկոտիս փոքրիկ ուղեղին թվում էր, որ պաշտպանելու եմ Անո մամային, իսկ դա մե՜ծ գործ էր:

Ի վերջո վերցնելով բաղձալի կաթը, ճանապարհվում էինք տուն: Հիշում եմ` մի անգամ` տուն վերադառնալիս, անձրև սկսեց, դա էլ հերիք չէր, գումարվեց կայծակը… Ու թեև ես հորեղբայրներիս կանանց` Անո մամային ու Սաթիկ մամային, մորս պես եմ սիրել ու երբեք տարբերություն չեմ դրել, այդ պահին բնազդաբար, ինչպես հորթուկը կամ քուռակը վտանգի դեպքում, մայր կովի կամ ձիու մոտ է վազում, ես էլ էի ուզում վազել, գրկել մորս ու փրկվել վտանգից:

Շուտով հասանք տուն: Ես ուզում էի գրկել մայրիկին, բայց չգրկեցի, որովհետև գրկախառնությունը ինձ համար միշտ էլ տոնական մի արարողություն է եղել, որն արել եմ ծննդից ծնունդ` երբեք էլ չսիրելով իմ փակ բնավորությունը, որն ինձ միշտ էլ խանգարել է արտահայտել ու ցույց տալ զգացմունքներս…

Բայց երանի թե այսօր էլ ունենայի մանկական նույն բարի սիրտը, որը ժամանակը, անկախ իմ կամքից, խլում է ինձնից…

 Հրապարակվել է 17 Ապրիլ ի, 2017