Պապայի «անվախ» աղջիկ

Ես մի մարդ եմ, ով տանել չի կարողանում ոչ մի  տեսակ կենդանի: Չգիտեմ ինչ, բայց հաստատ ինչ-որ բան ինձ վանում է կենդանիներից, միգուցե դա վա՞խն է, չէ, բայց ես այդքան էլ վախկոտ չեմ, ոնց մտածում է հայրս: Ես իմ  ինքնավստահ բնավորության համաձայն ու ինչ-որ տեղ հայրիկիս ապացուցելու համար, որ վախկոտ չեմ, վերցրի  իմ անբաժան ընկեր  ֆոտոապարատը  և սկսեցի նկարել կենդանիներ: Աստվա՜ծ իմ, ես ինձ իմ ձեռքով կրակը գցեցի, թե ինչու, պատմությունս լսելով կհասկանաք:
Նախ սկսեմ նրանից, թե ինչու հայրս սկսեց ինձ վախկոտ համարել: Այսօր առավոտյան, երբ  աչքերս բացեցի, անկողնուս վրա մի  ոզնի էր  նստած և ուշադիր ինձ էր նայում: Վախից այնպես բղավեցի, որ մեր տանը  կից ապրող հարևանի փոքրիկը քնից արթնացավ ու սկսեց լաց լինել: Հայրս լսեց բղավոցս և իր կատակից  բավարարված` բարձր ծիծաղելով ներս մտավ ու սկսեց ինձ «վախկոտ», «թույլիկ» կոչել: Ես  շարունակ փորձում էի համոզել, որ վախկոտ չեմ, բայց  դե ինչ արած, ինձ  այնպես էի պահում, որ  հայրիկիս թվար  համակերպվել  եմ  վախկոտ լինելու մտքին: Մի պահ  փորձեք  հասկանալ`  ներսումս  ինչ  էր կատարվում. իմ գլխում իրարանցում  էր սկսել,  ու ես  շարունակ ելք էի  փնտրում մականուններից ազատվելու համար: Այդ պահին  հիշեցի «Մանանա» կենտրոնի մասին ու մտածեցի օրս  լցնել արկածներով` հետաքրքիր նյութ ստանալու համար:
Հայրս նստած թերթ էր կարդում, երբ ես,  մտքումս  ձևակերպելով  հարցս, մոտեցա նրան:
-Պապ, քեզնից կարո՞ղ եմ մի  բան խնդրել:
-Գումար չունեմ, գնա այստեղից:
-Է՜,  պապ, ի՞նչ գումար, այս  անգամ խնդրանքս տարբերվում է մնացած  բոլոր անգամներից:
-Ամեն անգամ նույն  երգն ես երգում, բայց ի՞նչ ասեմ, խնդրիր:
-Պապ, դեռ մտածում ես վախկոտ ու թույլի՞կ եմ:
-Վայ, մոռացել էի, իմ վախկոտ ու թույլիկ աղջիկ, խնդրիր ինչ-որ կուզես:
-Պապ, ես  ուզում  եմ  կենդանիներ  նկարել, ու վատ չի լինի, որ  ինձ  հետ  գաս:
-Նկարե՞ս, բայց  դու  չե՞ս  վախենում:
-Ե՞ս, վախենա՞մ, չի կարող այդպիսի բան  լինել, ես ուժեղ աղջիկ եմ:
-Դե ուրեմն,  գնացինք:
Ես  սկսեցի ամենաանվնաս կենդանիներից: Պապիկիցս թաքուն  ես ու հայրս մտանք մեր հին ախոռ, որտեղ պապիկս պահում է  իր աղավնիներին: Մի քանի գեղեցիկ նկար ստանալուց հետո նկարեցի բադիկին, հետո բոլոր այն կենդանիներին, որոնց հանդիպեցի ճանապարհիս: Ամեն ինչ  հարթ էր ընթանում, ես նույնիսկ  սկսեցի  սիրել կենդանիներին:
Արդեն մութն ընկել էր, և ես ու  հայրս որոշեցինք  տուն  գնալ: Ես հարցրի  հայրիկիս.
-Ի՞նչ կասես, պա՛պ, հիմա էլ եմ վախկո՞տ:
-Բա ի՞նչ ես, է, դե եթե այդքան անվախ ես, արի  գնանք առավոտյան վախդ չափած ոզնուն նկարի:

Ես  համաձայնվեցի` չմտածելով` ինչ կրակի մեջ եմ ընկնում: Նկարելու  ժամանակ ոզնին հանգիստ նստած էր, և ես  որոշեցի մի քանի նկար մոտիկից նկարել: Նկարելու ժամանակ  ոզնին դուրս թռավ ու իր ճանկերը խրեց  թևս, ճիշտ է շատ ցավեց, բայց  կարևորը  նկարեցի  ոզնուն դուրս գալու ժամանակ: Դա էլ հերիք չէր, նկուղից  դուրս գալու  ժամանակ  տրորեցի  շան  պոչը, մի կերպ պրծա, մինչև  տուն  շան պատճառով բղավելով վազել եմ: Երբ հայրս հասավ տուն, ասաց.
-Պապայի անվախ աղջիկ, արի  գրկեմ, թույլի՛կս:
-Է՜,պա՜:
Անունս  էլ մնաց  «թույլիկ», բայց  ես  համոզվեցի, որ ատում եմ  բոլոր կենդանիներին: