ani avetisyan portret

Եվ փոխվել եմ, և չեմ փոխվել

Մարդու կյանքը հիշողությունների մի ողջ շղթա է, անցնում են օրերը, և ներկան դառնում է անցյալ՝ թողնելով միայն հուշեր…

…Թերթում եմ լուսանկարներիս ալբոմն ու հիշում մանկությունս: Որքա՜ն ջերմություն ու սեր կա այդ լուսանկարներում, որքա՜ն սեր կար այդ օրերում…

Հիշում եմ, գրեթե տասը տարի առաջ, երբ ընդամենը հինգ-վեց  տարեկան էի, աշխարհն ինձ համար այնքան գունավոր ու պարզ էր, այնքան անկեղծ… Հիշում եմ՝ ինչպես էի երազում քրոջս ու եղբայրներիս պես դպրոց գնալ, բարձր գնահատականներ ստանալ: Այսօրվա պես հիշում եմ առաջին սեպտեմբերս ՝ կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկը: Նստել էի դպրոցական նստարանին ու մտածում, որ նոր կյանք է սկսվել ինձ համար… Եվ իրոք դա մի նոր կյանք էր՝ նոր գույներով ու պատկերներով: Տասը  տարի առաջ բացվեց իմ առջև գրքերի կախարդական աշխարհը, որն այսօր էլ իմ անբաժան ուղեկիցն է: Տասը տարի առաջ փոխվեց իմ կյանքը: Մի կողմ դրեցի սիրելի խաղալիքներս ու ձեռքս գրիչ վերցրեցի:

Արդեն տասը տարի է անցել: Տասը տարի… Այն այնքան երկար է  թվում, այնինչ ընդամենն ակնթարթ էր, որն անցավ՝ դառնալով հիշողություն: Անցած տասը տարիների  մասին  այսօր պատմում են   միայն հուշերս, լուսանկարներս և  այդ տարիներին ստացած և մինչ այսօր մնացած գիտելիքներս ու տպավորություններս:

…Երբեմն հետ եմ նայում ու փորձում համեմատել ինձ՝ տասը տարի առաջ և այսօր: Փոխվել է թե՛ արտաքինս և թե՛ ներաշխարհս: Այն ժամանակ անհոգ ու անփորձ երեխա էի և միակ զբաղմունքս էլ խաղալն էր, իսկ այսօր  արդեն քիչ թե շատ ճանաչում եմ աշխարհն ու մարդկանց, տարբերում լավն ու վատը, այսօր ես ունեմ հստակ նպատակներ և ձգտում՝ դրանց հասնելու… Այդ օրերից տասը տարի անց՝ այսօր, ես արդեն սովորում եմ ավագ դպրոցում՝ նոր հույզերով ու երազներով լցված: Տասը տարի անց ես բոլորովին այլ կերպ եմ տեսնում ու պատկերացնում աշխարհը:

Դպրոցական կյանքիս առաջին գարնանից տասը տարի անց աշխարհն այնքան էլ չի փոխվել ինձ համար: Նորից նույն գարուններն ու նույն աշուններն են, նույն երկինքն ու աստղերը: Ամեն ինչ գրեթե այնպիսին է, ինչ տասը տարի առաջ էր, միայն մարդիկ են փոխվել, այդ նրանք են սկսել  այլ կերպ տեսնել աշխարհը… Ես էլ բացառություն չեմ:

Հիշում եմ, թե տասը տարի առաջ որքան  էի սիրում  նստել բակում ու հաշվել աստղերը, երազում էի մի օր վերջապես հաշվել բոլորը, երազում էի տեսնել, թե ինչպես են վայր ընկնում աստղերը, և թե ինչ է լինում դրանից հետո: Այս բոլորն անցյալում  էր, այսօր արդեն գիտեմ, որ հաշվել աստղերն անզոր եմ, որ աստղերը չեն ընկնում… Բայց  երազանքներս այնքան էլ չեն փոխվել, ուղղակի այժմ ես ցանկանում եմ ոչ թե հաշվել աստղերը, այլ տեսնել դրանք, այնտեղ՝տիեզերքում…

Հետ եմ նայում ու հասկանում, որ տասը տարի առաջ և անց՝ և՛ փոխվել եմ, և՛ չեմ փոխվել…