sona saribekyan

Պապս ու տատս

Գնացել էի հարևան գյուղ՝ Ոսկեպար, որտեղ ապրում են Վարդուհի տատիկս ու Լևոն պապս: Հաճախ եմ գնում նրանց տեսակցության, ու ամեն անգամ մեծ դժվարությամբ եմ հեռանում նրանցից: Տատս ու պապս ասացին, որ շուտով գնալու են սար:

Գյուղում ավանդույթ կա, որ բոլոր այն ընտանիքները՝  հիմնականում ծերերը, ովքեր ունեն շատ անասուն, ամեն տարի գարնանը գնում են սար՝ անասուններին պահելու, քանի որ այնտեղ խոտը շատ առատ է, և անասունների կաթնատվությունը, յուղատվությունը բարձրանում է: Եվ ինչպես բոլորը, իմ տատն ու պապը ևս բացառություն չեն կազմում ու ամեն տարի գնում են սար:

Ամառային արձակուրդներն սկսելուն պես առաջին հերթին որոշեցի այցելել նրանց: Սակայն սարը շատ հեռու է մեզնից, ու մեքենաներ հաճախ չեն գնում:

Ամեն օր քնում-արթնանում  էի այն հույսով, որ հաջորդ առավոտ մեքենա կլինի, կգնամ նրանց այցելության:

Մի արևոտ օր, հազիվ աչքերս բացելով, լսեցի ծանոթ ձայն: Քեռուս ձայնն էր, ու ակամա լսելով նրա ձայնը վազեցի դուրս:

-Բարլուս , գալի՞ս ես սարը:
-Հա, բա ոնց չեմ գալի, սպասի, առանց ինձ չգնաս,- ասացի ու վազելով մտա տուն՝ անհրաժեշտ իրեր վերցնելու:

Մի քանի րոպե անց ճանապարհ ընկանք:

Ճանապարհը շատ երկար էր՝ մոտ չորս-հինգ ժամ, որն ասես չէր վերջանում: Եվ հանկարծ երևաց Պոպոզ ղաշը: Պոպոզ ղաշը ուրթի ամենաբարձր սարն է, որի գագաթին կա մի խաչքար, որը պապիկիս եղբայրը՝ Աշոտ պապիկն է հեռուներից բերել և հաստատել այդտեղ՝ Պոպոզ ղաշում: Խաչքարի մոտ կա մի տաղավար, ուր ամեն Վարդավառի տոնի հավաքվում ենք, զրուցում, հաց ուտում , ուրախանում, ծիծաղում… Հետո սարի աջ փեշին երևաց մեր «կոկոլը»  (կոկոլը փոքրիկ խրճիթն է): Կոկոլի առաջ երևաց  տատս՝ սպիտակ մազերի երկար հյուսով: Տատս սրտատրոփ սպասում էր ինձ ու քեռուս: Հասնելով կոկոլին՝ իջանք, ու մեծ կարոտով վազեցի տատիս գիրկը:

-Տատի՜…
-Ջանի՜…
-Բա ո՞ւր ա պապը,- միանգամից հարցրի ես:
-Պապը գնաց կովերը բերի ջուրը, հիմի կգա,- ու տատս սկսեց ձայն տալ պապիս:
-Լևա՜ն, Լևա՜ն, արա Լևա՜ն: Եկել են, երեխեքս եկել են:

Ու մի քանի րոպե անց երևաց պապս՝ արագ-արագ քայլերով մոտենում էր մեզ:

-Պապի՜, պապի՜, պապի՜…,- տեսնելով նրան ակամա գոռացի ես:
-Հե՜յ, հե՜յ, հե՜յ… Գալիս եմ, գալի՜…

Մինչ պապս կհասներ, ես ու տատս մի լավ սեղան գցեցինք, և պապիս հասնելուն պես նստեցինք հաց ուտելու, ու ինչպես միշտ, պապս արեց նույն արտահայտությունը:

-Այ կնիկ՝ Վարդուշ, անգույն, թունդ կոֆես բե՛ր:
-Սպասի էլի, այ մարդ, երեխեքս նոր են եկել, մին կարոտս առնեմ, հետո կոֆետ կտամ (հիմա կմտածեք, թե հաց ուտելու ժամանակ ինչ սուրճ, որովհետև սուրճը հիմնականում խմում են հաց ուտելուց հետո: Պապիս «կոֆե» բառի տակ թաքնված էր օղի բառը):

Ու այսպես ծիծաղով ավարտեցինք մեր ընթրիքը: Արդեն մութն ընկել էր, տատս ու պապս գնացին անասնագոմ՝ իրենց ամենօրյա գործերը անելու: Արդեն բոլոր գործերը ավարտել էինք, տատս վառեց լամպը, որը միանգամից լուսավորեց փոքրիկ տնակը:  Նստեցինք սեղանի շուրջ, ու տատս սկսեց ինձ ու քեռուս հարցեր տալ:

-Բա ին՞չ  կա, է, գյուղերում, լա պատմեք. ո՞վ գնաց, ո՞վ եկավ, ո՞վ մնաց, ո՞վ ամուսնացավ, ո՞վ մեռավ,- էսպես մի շարք հարցերի շարան:

Մինչ պատմում էինք տատին գյուղի անցուդարձից,  լսեցինք բարձր խռմփոցի ձայն: Պապս հոգնած քնել էր: Տատս մարեց լամպի լույսը, մենք էլ քնեցինք:

Հիմա արդեն մեկ տարի է անցել: Չնայած տատս ու պապս մի տարով էլ են ծերացել, բայց այն նույն խանդավառությամբ ու ոգևորությամբ պատրաստվում են այս տարվա մեծ ուղևորությանը դեպի Չալտաշ, այն փոքրիկ կոկոլը, Պոպոզ ղաշը, որտեղ շա՜տ-շա՜տ ուրախ ու տխուր օրեր են անցկացրել միասին: