hayrapi baghdasaryan

Պատերազմը

Սկզբում էնքան հեռու էր թվում պատերազմը: Կիլոմետրերով, տարիներով հեռու: Թվում էր՝ մեզ չի հասնի: Բայց հասավ: Էն էլ ոնց: Վազելով հասավ: Հետն էլ, առանց զգուշացնելու, առանց ցավներս ու վախներս տեսնելու տասնյակ տղերքի տարավ:

Մինչև էսօր չեմ պատկերացրել ծնողների ու երեխաների ցավը՝ իրենց զավակներին ու հայրերին մահվան բերանն ուղարկելուց, բայց երբ տեսա՝ հայրս հանում է զինվորական հագուստը, որ ջոկատով մեկնեն ճակատ՝ սիրտս մղկտաց: Տատս էլ վատացել էր, սիրտը թպրտում էր ջրից դուրս ընկած ձկան նման:

Երբ իմացանք զոհերի մասին, բոլորիս դեմքից կյանքին հավատով նայող հայացքը գնաց: Էլ չենք ժպտում քանի օր է: Հորս հետ էլ խոսել չի լինում էս դեպքերից: Իրենց արյան գնով ազատված տարածքների ու բնակիչների վրա հանկարծ թշնամին էլի ձեռք է բարձրացրել: Ընկերներից մեկը լուրն իմանալուց հետո լաց է եղել: Անասելի է ցավը, կորուստը`ահռելի: Քանի տան ճրագ մարեց…

Սիրտս կտոր-կտոր էր լինում ամեն մի անուն կարդալուց: Չմեռան իրենք: Ապրում են, ապրելու են:

Կապիտան Ուրֆանյանի մասին էլ բառ չեմ կարող գրել: Մի անասելի հերոսություն է արել: Աստվածային կամքի տեր երիտասարդ, որ իր արյան, իր բեկորների գնով փրկեց ընկեր տղերքին ու հայրենի սահմանի մի մասը: Ընկածներից ամեն մեկն էլ մեր հարազատ զավակներն ու եղբայրներն են: Չէ՛, չեն մեռել նրանք: Էս մեր կապույտ երկնքում սավառնող ամեն արծվի մեջ մի զինվորի հոգի է մտել: Նրանք մեռնողները չեն: Անմահ են:

Գիտակցված մահը երբեք էլ մահ չէ՝ այլ հավերժություն: