Սուտը, մեծ քիթը և հայը

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Երևի բոլորիս էլ փոքր ժամանակ ասել են. «Սուտ մի՛ խոսիր, քիթդ կմեծանա»:  Ես բացառություն չեմ եղել, ինձ նույնպես շատ հաճախ ասում էին այս արտահայտությունը և, որպես ապացույց, ցույց էին տալիս Բուրատինոյի մուլտֆիլմը:  Ինձ շատ էր վախեցնում մեծ քիթ ունենալու միտքը:  Եվ ամեն անգամ, երբ բակում խաղի ժամանակ մանկական ստեր էի ասում, վազում էի տուն ու երկար ժամանակ մնում հայելու դիմաց:  Մայրս հասկանում էր ու հարցնում.

-Ի՞նչ ես խաբել:

Ես անկեղծորեն պատասխանում էի, իսկ մայրս սփոփելով ինձ ասում էր.

-Էս անգամ քիթդ չի երկարի, բայց էլ չխաբես:

Շուտով իրար հերթ չտալով՝ անցան իմ մանկության օրերը: Ժամանակն էր դպրոց գնալու ու սովորելու հայոց ոսկեղենիկ տառերը:

Առաջին դասարանի վերջին ամսում, երբ կրկնում էինք տարվա նյութը, ուսուցչուհին մեզ հանձնարարեց հետաքրքրաշարժ մի վարժություն:

Դպրոցական օրն ավարտվեց: Գնացի տուն ու առանց ճաշելու սկսեցի գրել տնային աշխատանքս: Այսօրվա պես հիշում եմ գրքի այդ էջը: Վարժությունը հետևյալն էր. հայ հայտնիներից մի քանիսի նկարներն էին պատկերված, իսկ դրանց տակ խաչբառի տեսքով բաց էր թողնված տվյալ մարդու մասնագիտությունը:

Գրված էր՝ հայ մեծանուն □ □ □ □ □ □ □ , իսկ վերևում ՝ Մհեր Մկրտչյանի նկարը:

Մենք պետք է լրացնեինք վանդակները: Այսպես, ես սկսեցի գրել (անկեղծ կլինեմ՝ մի կերպ էի գրում, ծուռումուռ տառերով): Արդեն հոգնել էի, երբ նկատեցի, որ երկու նկար է մնացել: Կարդացի՝ Մ-հ-ե-ր Մը-կըրտ-չյան հ-ա-յ մե-ծա-նուն □ □ □ □ □ □ □ : Նայեցի նկարին ու գոչեցի .

-Օ՜յ, ի՜նչ մեծ քիթ ունի,-ու գրեցի ՝ սու-տա-սան:

Հաջորդը՝ Առ-նո Բա-բա-ջան-յան հ-ա-յ մ-ե-ծ …..

-Վա՜յ, մի տես, մեզ ասում են մի՛ ստեք, իսկ իրենք այնքան են ստել, որ երևի ամենամեծ քիթն ունեն,-ինձնից շատ գոհ գրեցի՝ խա-բե-բա:

Աշխատանքները ստուգվեցին, ես սխալ էի գրել, ուսուցիչը ամոթանք տվեց ու նույնիսկ չլսեց իմ բացատրությունը: Տետրիս մեջ հայտնվեց առաջին երկուսը:

Երկար ժամանակ է անցել թե՛ երկուսից, թե՛ մանկության տարիներից: Հիմա էլի նայում եմ հայելու մեջ. այն ժամանակներից մինչև հիմա քիթս իրոք մեծացել է: Երևի ես էլ երբևէ պատճառ եմ ունեցել ստելու: Մեծացել եմ, ամոթով եմ հիշում, որ մեր մեծերին հանդգնել եմ սուտասան կարծել: Հասկացել եմ, որ մեծ քիթը հային բնորոշ հատկանիշ է: Իսկ շատերն ասում են նաև, որ մեծ քիթը խելացիության նշան է: Չգիտեմ, երևի Բուրատինոն մեր ազգի համար գրված հեքիաթ չէ: