astghik hunanyan

Պատմական կերպարը՝ պատմության ուսուցի՞չ

Հավանաբար քեզ քո 16 կամ 123-ամյա կյանքի ընթացքում գոնե մի անգամ հարցրել են, թե ուսուցիչներիցդ ում ես ամենաշատը սիրում, իսկ դու սառցադաշտում կաղին տեսած սկյուռիկի հայացքով նայել ես, վարպետորեն «ցրել» հարցը ու շարունակել ապրել երկար ու երջանիկ։ Ո՞նց թե չեն հարցրել, հա՜, դե ոչինչ, ձևացրու՝ իբր հարցրել են, որ պատմությունս չփչացնես։

Ինձ էլ են հարցրել, էն էլ ծանոթանալիս, կարծես պատասխանիցս երեխաներիս ապագան կախված պիտի լիներ։ Չեմ հիշում՝ ինչ եմ պատասխանել, բայց ոնց որ երեխաներիս ապագան իրոք «հարամել եմ»։ Ամեն դեպքում, եթե հիմա ինչ-որ մեկի խելքին փչի ու նորից հարցնի, մի հիսուն տարի Օսկար չստանալուց հետո վերջապես օսկարակիր Դի Կապրիոյի ինքնավստահ հայացքով կասեմ՝ ընկեր Ազատյանին։ Լեգենդներ են պտտվում, որ նա իսկապես քառասուն տարվա մանկավարժ է, ու, ուշադրություն, էդ արտահայտությունը երբեք չօգտագործած ուսուցիչ։ Մեկ էլ ասում են՝ իր մեթոդները երբեք չեն հնանում, ոնց տատիկիս տատիկի համար, էնպես էլ իմ։

Եթե Տիգրան Մեծն իմանար, որ իր մասին ընկեր Ազատյանն է մեզ պատմելու, Հայաստանը ոչ թե ծովից ծով, այլ օվկիանոսից օվկիանոս կձգեր, Աշոտը ոչ թե Երկաթ, այլ ասենք Արծաթ կամ Ոսկի կկոչվեր, Պապ թագավորը գոնե մինչև պապ դառնալն ու «տարիներն անցել, պապիկ եմ դարձել» երգը խմած ժամանակ երգելու տարիքը կապրեր, Հրայր Դժողքը, առանց Նեսթլի թեյերի, չիփսի ու ինտերնետի, ոտքով դրախտ էլ կհասներ, իսկ այ Դավիթ Անհողի՜նը, ինքը հաստատ հողերը կորցնելու պատճառով չէր, որ հետ եկավ ու դավաճանության համար ներողություն խնդրեց Գագիկից, այլ այն բանի համար, որ գիտեր՝ ընկեր Ազատյանը ամոթանք կտա իրեն մի հազար տարի անց։ Ա, դե շատ խելացի տղա էր է, երեկվա պես հիշում եմ։ Մոռացա ասել, ընկեր Ազատյանը մի պատմական կերպար է՝ մեր պատմության դասատուն։ Ու այսօր, այստեղ՝ թագավորական բեմիցս, իր մասին եմ խոսելու։ Շականակագույն աչքերով, միշտ էլեգանտ ու յուրահատուկ ոճով զգեստներ հագնող կին է ընկեր Ազատյանը։ Գրկես, բաց չթողնես…

Դե գիտեք՝ ինչքան եմ սիրում մեր կրթական համակարգից բողոքել, բայց ինքն ամեն ինչ արել ա, որ մերն ուրիշ լինի։

Երբ 6-րդ դասարանում էինք ու պատմություն էինք անցնում, ընկեր Ազատյանի պահանջով գրավորները տարբեր հետաքրքիր ձևերով էինք գրում. ում ֆանտազիան ինչքանի հասներ։ Բինգո, ի՞նչ ունեմ ես․ ֆանտազիա։ Ու մենք, ուշադրության կենտրոնում գտնվելու երեխայական պահանջին հետևելով, ձգտում էինք ամենակրեատիվ նկարներն անել։ Ու կապ չունի՝ լավ էինք նկարում, թե անտաղանդի մեկն էինք, մենք տնային աշխատանք անելուց հաճույք էինք ստանում։ Ինչի մեջ ասես գրում էինք. նկարված թագերի, պարիսպների, պալատների, անգամ էդ թագավորական շորերի (իբր շորի ձևն ա տենց), կարմիր ու կանաչ «ծիծակ» կոշիկների, թագավորի ոսկե ատամի, փչացած ատամի, պլոմբած ատամի, մի խոսքով։ Դա նպաստում էր մեր ստեղծագործական ու կրեատիվ մտածողության զարգացմանը, սեր առաջացնում էդքան ծանր ու դժվար առարկայի նկատմամբ։ Բայց միայն դա չէ, որ ստիպում էր սիրել պատմությունը։ Դուք պիտի ընկեր Ազատյանի դաս բացատրելը լսեիք։ Ոչ մի անգիր արած բառ, ոչ մի «զուբրիտ», էնքան սիրուն էր ամեն ինչ ներկայացնում, մարդ ուզում էր հայտնվել հին ժամանակներում, մի քանի անգամ էլ Վարդան Մամիկոնյանի կենացը խմել ու գնալ պարսիկ փղերի դեմ։ Առանց գինի, իհարկե։ Դրանք արդեն խմած կլինեն։ Հիմա կասես՝ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս։ Եսիմ։

Հետո մեծացանք։ Բոլորն էլ մեծանում են, իրականում էդ կարևոր չի։ Հա, ի՞նչ էի ասում։ Էլ տնային աշխատանքն անելիս չէինք նկարում, բայց սերը պատմության հանդեպ մեկ ա՝ չէր մարել։ Ընկեր Ազատյանը էլի շատ սիրուն ու տպավորիչ էր բացատրում, դասերը էլի լի էին տվյալ ժամանակաշրջանի հետ կապված ոչ գրքային, հետաքրքիր պատմություններով, լրացուցիչ նյութերով։ Կարճ ասած՝ անհնար է իր պատմածը չլսել, ինչքան էլ հետաքրքիր չլինի, թե հազար տարի առաջ ազգդ ինչ ա արել կամ ինչ չի արել։

Հետո, կրթական համակարգում պատմության ամենամեծ խնդիրը պատմության դասերն անգիր (զուբրիտ) անելն է. ոչ մի կաթիլ տրամաբանություն։ Մենք էդ երբեք չենք զգացել։ Ընկեր Ազատյանի հովանու ներքո՝ մենք տրամաբանում ենք։ Ամեն անգամ թողնում է մտածենք՝ օրինակ՝ ինչի՞ էդ իրադարձությունը էդպես եղավ, ինչի՞ էդ քայլն արեց թագավորը, ինչի՞ էր x թագավորությունը պայմանագիր կնքում հենց y թագավորության հետ, այլ ոչ թե z-ի, ու բազմաթիվ խելացի ու անիմաստ պատասխաններից հետո միայն բացատրում։ Ու էդտեղ մենք մեզ թագավոր կամ կառավարիչ ենք զգում, փորձում ենք խելացի բաներ մտածել, որ թագավորությունը փրկենք հավանական վտանգներից (չնայած, պետք է խոստովանեմ, շատ անգամներ եթե մենք լինեինք թագավոր, հիմա երկիրը կործանել էինք, ինչևէ)։

Ուրեմն մի մեթոդ էլ ունի ընկեր Ազատյանը, որ, կարծում եմ, ոչ մի ուսուցիչ չունի. մինչև 8-9-րդ դասարան ամեն դասին մի հոգի կարգապահությանն էր հետևում, ով խոսեր՝ անունը գրվում էր գրատախտակին, եթե իհարկե հարգելի չէին պատճառները։ Ու գիտե՞ք՝ հետաքրքիրը որն էր, բոլորը լռում էին։ 9-ից հետո էլ չենք հետևում, ասում է՝ մեծացել, խելոքացել եք (հա, բա չէ)։

Ու էլի մի բան, որ իրոք հանճարեղ ա։ Դասի ընթացքում մի խումբ երեխեք դաս են հարցնում մյուս խմբին։ Ասենք x-ը դաս է հարցնում y-ին, a-ն b-ին և այլն, ու էդ ամենին հետևում է ընկեր Ազատյանը, ուղղում թե՛ պատմողի ու թե՛ հետևողի սխալները, էդպես միանգամից ստուգելով բոլորի՝ դասին պատրաստվածության աստիճանը։

Մի խոսքով, ինձ մի հարցրեք՝ սիրածս ուսուցիչն ով ա։