Պատմություններ օվկիանոսի այն կողմից

Հասանք ԱՄՆ: Ասում են՝ մինչև ինքդ չվերապրես՝ չես հասկանա: Չնայած Ֆլեքս շրջանավարտների բազմաթիվ խորհուրդներին ու փորձի փոխանակմանը,մինչև ինքդ չհասնես ԱՄՆ՝ չես հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում «տարբեր ժամային գոտիներում ապրել» երևույթն ու ամեն քայլափոխին հարազատ հայերենի փոխարեն անգլերեն լսելը: Առաջին մի քանի օրը մղձավանջի է նման՝ չես գիտակցում թե որտեղ ես, դժվարությամբ ես ընկալում օտար լեզուն, որը լսում ես ամեն քայլափոխիդ՝ անգամ տանը, որտեղ ապրում ես: Երբեմն անգլերենի հետ միասին օգտագործում ես հայերեն, մեկ-մեկ էլ անգամ ռուսերեն բառեր, որովհետև մինչև էստեղ հասնելը մեկ օր անցկացրել ես Ուկրաինայում:

Ինչ խոսք, դժվար է, մինչև այն պահը, երբ հանդիպում ես հյուրընկալ ընտանիքիդ հոգատարության ու տան ջերմ մթնոլորտի հետ: Այն, ինչ կատարվում ու կատարվելու է, Ֆլեքս ընտանիքը բնութագրում է մեկ նախադասությամբ՝ «Ոչ լավ, ոչ վատ, ուղղակի տարբեր»: Այս տարին Հայաստանում ապրած բոլոր տարիներից տարբեր է լինելու: Հայաստանից մեկնած 39 երիտասարդները ապրելու են մի ամբողջ կյանք մեկ տարվա ընթացքում: