Պատմություն տան մասին

Երկրագնդի կապույտ մակերեսի վրա կանաչով ներկված գյուղ կոչվող մի տարածք կար: Այնտեղ կյանքը շագանակագույն էր՝ մոխրագույն բծերով, իսկ դրսից վարդագույն էր՝ կանաչի վրա:

Գյուղում աշխարհի մնացած վայրերում ապրող մարդկանցից չտարբերվող մարդիկ էին ապրում, ապրում էին գրեթե նույն կերպ, ինչպես աշխարհի բոլոր մնացած վայրերում, բայց և տարբեր նրանցից: Այստեղ էլ օրը սովորականի նման էր սկսվում, սովորականի նման մարդիկ քնում էին, արթնանում, տղաները բանակ էին գնում, շատերն էլ հեռանում էին երկրից: Այստեղ օրը մթնում ու լուսանում էր նույն կերպ, երեկոներն այստեղ նույնքան գեղեցիկ էին, խաղաղ: Սովորականի նման այստեղ ամեն օրը հաջորդում էր մյուսին։ Սովորականի նման այստեղ էլ տարիներով ոչինչ չէր փոխվում:

Սովորականի նման, և այսօր էլ, գյուղում ամեն ինչ նույնն է:

Սովորականի նման այսօր էլ այստեղ շատերն են ապրում, տուն են կառուցում, սիրում են, սիրվում ու ատում: Տղաները բանակ են գնում, գալիս են կամ չեն գալիս, շատերն են հեռանում երկրից ու հետ չեն դառնում: Այստեղ իմ ու քո հայրենիքն է ամբողջանում, սովորականի նման, բայց անսովոր կերպով։

Ծնվել ու ապրել գյուղում։ Գիտե՞ք, այնքան էլ հեշտ չէ։

Ապրել գյուղում նշանակում է հողը զգալ մարմնի բոլոր բջիջներով, նրան տալ բոլոր հույսերն ու երազանքները և սովոր լինել փոխարենը ոչինչ չստանալուն:

Նայել ծառերին ու այնտեղ՝ նրանցից կախված տեսնել գյուղացու ողջ տարվա աշխատանքը: Մեղուների ներդաշնակ ձայնի մեջ «Հորովել»-ի մեղեդին գտնելն ու մեղուներին չզիջելով՝ աշխատելը։

Հաշվել կարկուտի յուրաքանչյուր հարված ու այն համեմատել գյուղացու սրտի զարկերի հետ, հետո պատառոտված տերևներից այն կողմ տեսնել նրա՝ նույնքան պատառոտված նպատակները:

Իմանալ նաև նրա՝ աշխարհի գույները հողից դուրս փնտրելու բոլոր ջանքերն ու նորից դեպի նա վերադառնալը: Հիասթափությունը, բարկությունն ու բախտից, աշխարհից խռովելը, ինքն իր հետ վիճելն ու հաշտվելը։ Սիրելը։

Զգալ ելակի դաշտերում նրա թողած ժամերի ու օրերի հաշիվը, անվերջ կորացող մեջքի ու հոգնած ոտքերի ցավը:

Նշանակում է իմանալ նրա՝ աշխարհում վարդագույնը մի քիչ ավելացնելու բոլոր փորձերը, պարզության մեջ կեղծիք չմտցնելու ջանքերը: Իմանալ նրա՝ քչով գոհանալու ու իր քիչը՝ աշխարհի հետ կիսելու մաքրությունը…