harutyun hayrapetyan portret 2

Պատմում է մայրս` Հասմիկ Մկրտումյանը

«…Դպրոցն էինք։ Ես ութերորդ դասարանում կսորվեի, 13-14 տարեկան հազիվ էղնեի։ Երկար դասամիջոցն էր, ժամը 12-ին 25 էր պակաս։ Մենք էլ բուֆետն էինք. դասամիջոց կենեինք։ Հանկարծ ուժեղ ձայն լսվեց, դղրդոց մի հատ անհասկանալի, չհասկցանք` ինչ է կատարվում։ Գետինը սկսեց դղրդալ, ըմբես կդղրդար, որ չէինք կարող քայլել։ Հազիվ մի կերպ դուրս եկանք դպրոցից։ Երեխեքը խուճապահար փախնում էին։ Մինչև դուս եկանք, արդեն վերջացել էր։ Մի երկու վայրկյան հետո սկսվեց երկրորդ ցնցումը, ավելի ուժեղ, քան առաջինն էր։ Հանկարծ հիշեցի փոքր քրոջս մասին։ Մնացած քույրերս արդեն դուրս էին եկել։ Իսկ փոքրը առաջին դասարանցի էր։ Մի կերպ մտա դպրոց` աստիճանները քանդվել էին, բայց ես կարողացա բարձրանալ երկրորդ հարկ։ Գնացի քրոջս դասարան, բայց նրանք այնտեղ չէին. ուսուցիչը նրանց դուրս էր հանել։

Մայրս դպրոցում էր աշխատում, երբ տեսավ մեզ ՝չորս քույրերիս: Տեսավ, որ ամեն ինչ լավ է, միանգամից վազեց եղբորս հետևից՝ մանկապարտեզ։

Հավաքվեցինք բոլորս։ Հայրս էկավ, նստեցինք մեքենան ու գնացինք Լեննական՝ էն ժամանակ քաղաքի անունը Լեննական էր։

Գնացինք` մտածելով, թե մենակ մեզ մոտ է երկրաշարժ։ Մենք Լեննական էլ տուն ունեինք, ըդուր համար գնացինք։ Արդեն կհասնեինք, տեսանք դեպի մեր ավտոն թռնող թռչունների երամ։ Երամով այդ թռչունները էկան, հարվածին մեքենային ու ընկան ներքև։

Էս տեսարանը ես կյանքում չեմ մոռանա: Նրանք ինչ-որ բանից փախնում էին։ Ինչ-որ անհայտ բանից։

Արդեն մոտենում էինք քաղաքին, երբ տեսանք քաղաքի ճանապարհին դեպի մեր կողմը էկող մարդկանց։ Մեքենան կանգնեցրինք ու հարցրինք.

-Էս ո՞ւր կերտաք, ժողովուրդ։

-Ո՞ւր մնանք, ո՞ւր… Լեննական էլ չկա։

Առաջ էրտալով տեսանք մի ամայացած քաղաք։ Հեչ բան չէր մնացել։ Սարսափելի տեսարան։ Շենքի արմատուրներից կախված մարդկանց անդամահատված դիակներ, որոնք 13-14 տարեկան երեխան չի մոռանա երբեք, այդ տեսարանները տպվել են իմ հիշողության մեջ։

Բազմահարկ շենքերից մնացել էր միայն հեղինակավոր «16 հարկանին», որին այդպես էլ կոչում էին։

Հասանք մեր շենքին, որը մեջտեղից կիսվել էր, բայց չէր փլվել։

Այդ շենքում էր ապրում նաև քեռուս ընտանիքը։ Նրանք բոլորը փնտրում էին միմյանց։ Բայց …

Քեռուս թոռը չկար…

Նրան չէին գտնում։ Դպրոցի փլատակների միջից 2 օր անց գտան նրա անշնչացած դին։

Ստիպված հետ վերադարձանք Ամասիա։

Ամասիայում ավերածություններ քիչ էին եղել՝ մի երկու շենք, բայց մենք չկարողացանք մեր շենքը մտնել, քանի որ ցնցումները կրկնվում էին։

Ստիպված մնացինք հորեղբորս նորակառույց պահեստում. մենք և երկու հորեղբորս բազմազավակ ընտանիքները։

Այստեղ մնացինք մոտ 10 օր, մինչև եկան մարդասիրական ավտոբուսները։

Կանանց ու երեխաներին այդ ավտոբուսներով տարան Կիրովական (Վանաձոր)։

Փրկվածներին գնացքով տեղափոխում էին Խորհրդային Միության տարբեր եղբայրական հանրապետություններ։ Գնացքը գնում էր Ուկրաինա, բայց մեզ համար տեղ չկար։ Մեր հետ եկող կանայք շատ լաչառ էին։ Ստիպեցին ևս մեկ վագոն ավելացնել մեզ համար։

Ուղևորվեցինք դեպի Ուկրաինա։ Այնտեղ հյուրատանը ապրեցինք մոտ 2 ամիս։ Ամանորին այնտեղ էինք, հատուկ մեզ համար տոնածառ դրեցին հյուրատանը, Ձմեռ պապ բերեցին, ուզում էին թեթևացնել մեր վիշտը, բայց ապարդյուն։

Այնտեղ մեզ լավ ընդունեցին, բայց ժամանակն էր հետ վերադառնալու, և մենք հետ եկանք Երևան: Երկու ամիս էլ այնտեղ ապրեցինք և հետ եկանք մեր հայրենի Ամասիա։ Այս անգամ սկսեցինք ապրել վագոնի մեջ, հետո վագոնները դարձան երկուսը, և ի վերջո տուն ստացանք։

Էհ, գյումրեցի, գյումրեցի… Ավաղ, շատ ցավ ես տեսել, տառապանք ես կրել բայց միշտ էլ պատվով ես դուրս եկել բոլոր փորձություններից»։