marine ghahramanyan portert

Պատմում է պապիկս

«1982 թվականին աշխատում էի Ներքին Կարմիրաղբյուրի կուլտուրայի տան տնօրեն: Մեկ ամսով ինձ ուղարկեցին Երևան` կուլտուրայի ինստիտուտին կից վերապատրաստման դասընթացների: Մեզ տեղավորեցին սննդի արդյունաբերության տեխնիկումի հանրակացարանում: Ինձ հետ սենյակում էր մնում Իջևանի պիոներ տան տնօրեն Սերյոժա Սուքիասյանը:

Մի օր դուրս եկանք զբոսնելու: Սերյոժան ասաց` կուզե՞ս տեսնել Արամայիս Սահակյանին: Իհարկե` ուրախացած ասացի ես: Սերյոժան մտավ առաջին պատահած հեռախոսախցիկը և զանգահարեց Արամայիս Սահակյանին ու ասաց, որ ուզում է իրեն տեսնել: Սահակյանն ասաց, որ մայրը հիվանդ է, դեղ էր պատվիրել, որ Մոսկվայից բերեն, գնում է դեղը օդանավակայանից վերցնի: Մեկ ժամ հետո կլինի «Ոզնի» ամսագրի խմբագրությունում: Արամայիս Սահակյանը «Ոզնի» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Բավականին ժամանակ ունեինք: Մտանք մոտակա սրճարան, որպեսզի ժամանակը շուտ անցնի: Պայմանավորված ժամին արդեն խմբագրությունում էինք: Առաջինը մեզ հանդիպեց քարտուղարուհին:

Բարևելուց հետո դիմեց ընկերոջս. «Դուք Սերյոժա՞ն եք»: «Այո»,- պատասխանեց ընկերս: «Կարող եք մտնել»,- ասաց քարտուղարուհին: Առանց դուռը ծեծելու ընկերս ներս մտավ: «Կարո՞ղ եմ ես էլ մտնել: Մենք միասին ենք»,- ասացի ես:

Քարտուղարուհին ժպտաց և ասաց` իհարկե:

Ես ներս մտա: Սերյոժան ու Արամայիս Սահակյանը գրկախառնվեցին, կարոտի խոսքեր փոխանակեցին: Իսկ մենք ձեռքով բարևցինք իրար: Առաջարկեց նստել: Ընկերս և Արամայիս Սահակյանը սկսեցին զրուցել: Ես որտեղ նստած էի, սեղանի ձախ կողմում դրված էր այն ժամանակի «Սալյուտ» անունով սիգարետ և լուցկի: Ձեռքով մի փոքր տուփը հրեցի: Արամայիս Սահակյանն ասաց. «Երիտասարդ, ծխո՞ղ եք»: Ասացի` այո: Ասաց. «Մեզ մոտ ծխում են, կարող եք օգտվել», և սեղանին դրեց մոխրամանը: Ես շնորհակալություն հայտնեցի, բայց չծխեցի: Հարցրեց` որտեղի՞ց եք: Ասացի` Շամշադինից եմ: Ասաց, որ ինքը Շամշադինում շատ ընկերներ ունի: Մոտ կես ժամ զրուցելուց հետո մենք հրաժեշտ տվեցինք «ամենայն հայոց Ոզնուն» և դուրս եկանք: Դուրս գալուց նա ինձ նվիրեց «Ոզնու» վերջին համարը, որը դեռ չէր առաքվել: Երբ վերադարձանք հանրակացարան, ընկերներիս մոտ պարծեցա, որ տեսել եմ Արամայիս Սահակյանին: Անցել են տարիներ, բայց իմ հիշողության մեջ թարմ է մնում Արամայիս Սահակյանի հետ հանդիպումս»,-պատմեց պապիկս’ Ալբերտ Ղահրամանյանը: