ani ghulinyan

Պատուհանագոգի գրքերը

Առաջ ես չէի հասկանում, թե ինչու են մարդիկ գիրք կարդում, ժամեր, օրեր անցկացնում գրքերը` թերթելով ու աչքերը ցավեցնելով: Չէ որ կյանքը շարունակվում է, և այնքան շատ բան կա անելու, հաստափոր գիրքը կարդալու փոխարեն կարելի է  մեկուկես ժամանոց ֆիլմը դիտել կամ կարդալ կրճատումներով տարբերակը…
Ամենամոտ ընկերուհիս շատ էր կարդում, հետո գալիս էր կարդացածը ինձ պատմում: Սկսեցի հետաքրքրվել նրա կարդացած գրքերով: Նախկինում միայն Ժյուլ Վեռն էի կարդացել, ու էլի դպրոցական ծրագրի որոշ հեղինակների:
Առաջին գիրքը, որ կարդացի առանց դպրոցում հանձնարարելու, իմ ցանկությամբ, «Գևորգ Մարզպետունին» էր: Շատ հավանեցի, շարունակեցի հայոց պատմավեպերի ընթերցանությունը: Հետո  պապիս  խորհրդով սկսեցի  կարդալ համաշխարհային գրականության դասականներին` Դյումա, Ռեմարկ ու Քամյու:
Հիմա սկսել եմ ավելի շատ կարդալ, ազատ ժամանակս միշտ դրան եմ հատկացնում, ինչ մեղքս թաքցնեմ, երբեմն դասերի ժամանակ էլ եմ կարդում, հետո դասի մասին ուսուցիչների տված հարցերին պատասխանելու փոխարեն ասում եմ. «Կներեք, էլ չի՞ կրկնվի»:

Ուզում եմ լրացնել չկարդացած տարիներիս բացը, ափսոսում եմ կորցրած տարիների համար:
Գրքեր կարդալուց հետո իմ մեջ մեծ փոփոխություններ եմ նկատում, խոսակցականս ավելի է բացվել, բառապաշարս զարգացել, ու երևի ավելի հասուն եմ դարձել:
Իմ պատուհանագոգին միշտ գրքեր կան, այն գրքերը, որոնք կարդում եմ, կարդացել եմ կամ նախատեսում եմ կարդալ: Գիտեմ, որ երբեք չեմ հասցնի բոլոր լավ գրքերը կարդալ` ժամանակը թույլ չի տա, բայց գիտեմ նաև, որ մինչև վերջին օրը կշարունակեմ պայքարել ժամանակի հետ, ու իմ պատուհանագոգի գրքերը երբեք չեն պակասի: