Suren Ghazaryan

Սևան մեդիա ճամբար. Պլանները փոխվում են

Նոյեմբերի 2: Եղանակն ասես մեր դեմ է: Չենք կարողանում նկարահանել մեր վավերագրական ֆիլմերը: Թվում էր, թե, վերջ, մինչ ճամբարի ավարտը պիտի մոռանանք նկարահանումների մասին: Սակայն հենց սրանով է 17-ը տարբերվում: Մենք արագ և պահին համապատասխան որոշումներ ենք կայացնում: Դե, ուրեմն կնկարենք այնպիսի ֆիլմեր, որոնք կարելի է նկարել հենց տեղում:

Նկարելու ենք սոցիալական գովազդներ: Նախ մեզ բացատրեցին, թե ինչ է սոցիալական գովազդը, դիտեցինք «Մանանա» կենտրոնի նկարահանած սոցիալական գովազդներից:

Հետո բաժանվեցինք խմբերի և սկսեցինք գաղափարներ մտածել: Ճիշտն ասած, սկզբում սոցիալական գովազդի վրա ոչ մեկը ուշադրություն չդարձրեց, և բոլորը ոգևորված ուզում էին խաղարկային ֆիլմ նկարել: Քննարկեցինք շատ գաղափարներ, անգամ ամենաանհավանականները, օրինակ, ֆիլմեր քաղբանտարկյալների կամ Սիբիր աքսորվածների մասին։ Բայց հենց մածում էինք իրագործման մասին, հասկանում էինք, որ չունենք համապատասխան դերասան կամ ֆիլմին անհրաժեշտ առարկաներ և սարքեր:

Առաջին խումբը վերջապես առաջարկեց ֆիլմի գաղափար, որը հնարավոր էր իրականացնել մեր ձեռքի տակ եղածով։ Պիտի «պատերազմեին» ճամբարի 2 թիմերը։

Այդ ընթացքում 2-րդ թիմը մտածում էր այլ գաղափարի շուրջ։ Ահաբեկիչները հարձակվում են հյուրանոցի վրա և ցանկանում են վնասել տեղի «բնակիչներին»,սակայն մի քանի քաջեր վնասազերծում են ահաբեկիչներին և ազատվում նրանց հալածանքներից։

Չնայած դրանք շատ անիրական և ֆանտաստիկ են թվում, բայց մեր մտածողությունն է այդպիսին։

Երբ համոզվեցինք, որ ֆիլմերը այս պահին իսկապես հնարավոր չէ նկարել, նոր միայն սկսեցինք սոցիալական գովազդների մասին մտածել: Սկզբում քննարկեցինք, թե այս պահին ինչն է հուզում մեր սերնդին: Բազմաթիվ խնդիրներից առանձնացրեցինք ամենաշատ ձայն հավաքածը: Մեր սերնդին շատ է խանգարում վիրտուալ կյանքը, ամբողջ օրը հեռախոսով շփվում ենք մեր ընկերների հետ` մոռանալով իրականությունը:

Հետո առաջացան հիմնական գաղափարները օրինակ՝ «Սելֆի Սևանով», «Կատուն ու համացանցը», «like-ի կյանքը», «Ձմեռային խաղերի հմայքը» և այլն։ Դե ինչ, օգտագործում ենք ձեռքի տակ եղածը: Շուտով կսկսենք: