Ջեյմս Բարի կամ ինքնամոռաց սիրո պարգևը

Բոլոր երեխաները, բացի աշխարհում մեն մի երեխայից, վաղ թե ուշ մեծանում են:

Ջեյմս Բարի

 

Ճաշկերույթի ժամանակ նա հանկարծ նկատեց, որ նստած է մի այնպիսի հմայիչ կնոջ կողքին, որի նմանը կյանքում չէր տեսել: Կինն զգուշորեն մի քանի կոնֆետ դրեց ափսեի մեջ, այնուհետև աննկատ թաքցրեց փոքրիկ պայուսակի մեջ:

-Այդ ո՞ւմ համար եք տանում կոնֆետները,- երեխայի նման հետաքրքրասիրությունը չկարողացավ զսպել նա:

-Պիտերի,-կտուկ պատասխանեց նա:

Այս փոքրիկ դրվագով սկսվեց մի մեծ ու գեղեցիկ բարեկամություն Սիլվիա և Արթուր Դեվիս ամուսնական զույգի ու արդեն ճանաչված գրող Ջեյմս Բարիի միջև: Պիտերը, որի համար Սիլվիան կոնֆետներ էր տանում, նրանց որդիներից մեկն էր: Ջեյմսն այնքան էր մտերմացել տղաների հետ, որ նրանց մասին խոսելիս տղայական հպարտությամբ ասում էր` իմ տղաները: Դեվիսները Բարիի այս խոսքերից չէին նեղանում, չէ՞ որ Բարին չուներ իր սեփական երեխաները և ինքնամոռաց սիրում էր իրենց ընտանիքը: Սակայն շուտով Դեվիսները ստիպված էին ճաշակել կյանքի ամենադառը պտուղները: 1906 թվականին տղաների հայրը` Արթուրը, հիվանդանում է: Ախտորոշումն անբեկանելի էր` քաղցկեղ: Մի ամբողջ տարի Բարիի մինչ այդ ճանաչած ամենահրաշալի ընտանիքը տառապում էր հոր հետ միասին. վիրահատություն վիրահատության ետևից, ծանր ապրումներ… Բարին իր սիրելիների կողքին էր, բայց… 1907 թվականին տղաները որբացան: Ո՞վ գիտի, Սիլվիայի ինքնամոռաց սերն էր մեղավոր, թե՞ պարզապես երջանկությունն էր երես թեքել Դեվիսներից, շուտով ինքն էլ հիվանդացավ քաղցկեղով: Սիլվիայի հիվանդության օրերին Բարին ամեն ինչ մոռացել էր. տուն, տեղ, կարողություն, ամեն բան նվիրաբերել էր հիվանդին և նրա որդիների խնամքին: Սիլվիան` աշխարհի ամենահմայիչ ու բարի մայրիկը, որը նախատիպն էր գուցե նրա ամենահռչակավոր գրքի միսիս Դառլինգի, շուտով մահանում է, որդուն` Մայքլին թողնելով մի նամակ: «Միսթր Բարին մեր հեքիաթի արքայազնն է, ամենալավ հեքիաթի արքայազնը, որը երբևէ ծնվել է, որովհետև նա իսկապես կա, գոյություն ունի»: Դեվիսները չէին սխալվում: Մինչև իր կյանքի վերջը Ջեյմս Բարին փոխարինեց ծնողներին, դառնալով նրանց հինգ որդիների բարեկամն ու հայրը: Սրանք գեղեցիկ խոսքեր չեն: Բարին իր ուսերին առավ  տղաների դաստիարակության և կրթության պատասխանատվությունը: Տղաները սիրում էին նրան: Բարին երեխաների հետ իրեն լավ էր զգում, երեխաները մոռանում էին, որ իրենց կողքին մեծահասակ է, մեկը նրանցից, ով սիրում է հանդիմանել, խելք սովորեցնել և երեխաներին հաշվի չառնել: Բարին ուրիշ էր: Դա գիտեին ժամանակակիցները: Նշանավոր բևեռախույզ նավապետ Սքոթը, մահից առաջ, երբ արդեն արշավախումբը փրկելու հույս չկար, վերջին նամակը հենց նրան է հղում: Այդ նամակը մահից կես տարի հետո գտնում են Սքոթի ծոցագրպանում: Սքոթը խնդրում էր գրողին չմոռանալ Հարավային բևեռում զոհված արշավախմբի որբացած երեխաներին ու այրիներին: Բարին կատարեց Սքոթի վերջին պատգամը: Նրա ջանքերով ստեղծվեց զոհվածների ընտանիքների օգնության հիմնադրամ: Եվ ոչ միայն այդքանը: Գրողը հաճախ էր այցելում Սքոթի որդուն:

Հետագայում նրա մասին Պիտեր Սքոթը գրում է. «Բարին, կարող եմ առանց վարանելու ասել, գիտեր, թե ինչպես լեզու գտնել երեխաների հետ: Ես չեմ հիշում մի դեպք, որ ես երկնչեի նրա ներկայությունից, չնայած մենք հաճախ էինք նստում իրար կողքի և ժամերով լռում»: Իսկ ավելի հաճախ Բարին ժամանակ էր գտնում նրան նամակներ գրելու:

«Իմ թանկագին Սքոթ (ի դեպ, Անգլիայում այսպես դիմում են իրար միայն հասակակիցները), ես նստած եմ իմ սենյակում, ծխում եմ իմ ծխախոտատուփի ծխախոտը: Սքանչելի ծխախոտատուփ է (ծխախոտատուփը Բարիին էր նվիրել Պիտերը), ես հետևում եմ, որ ոչ մեկն այն չգողանա: Ով կգողանա իմ փողերը, դատարկ բան կգողանա: Իսկ նա, ով կփորձի գողանալ իմ ծխախոտատուփը, լավ է զգուշանա ինձանից: Հուսով եմ, շուտով կհանդիպենք: Ես ապրում եմ տղաներիս հետ (նկատի ունի Դեվիսներին), նրանք լի են ավյունով: Ողջույններս ձեզ և ձեր մայրիկին: Միշտ մնում եմ, թանկագին Սքոթ, ձեր խոնարհ ծառան»:

Մոռացա ասել, որ Սքոթը որդու անունը Պիտեր էր դրել ի պատիվ Ջեյմս Բարիի վեպի հերոսի` Պիտեր Պենի: Ո՞վ չի լսել Պիտեր Պենի մասին: Եթե նույնիսկ նրան նվիրված գրքերը չեք կարդացել, հաստատ տեսած կլինեք բազմաթիվ էկրանավորումներից գոնե մեկը:

Ջեյմս Մեթյու Բարին ծնվել է 1860 թվականի մայիսի 9-ին շոտլանդական մի փոքրիկ քաղաքի` Կիրիմյուիրի արվարձանում: Նրա հայրը սովորական մի ջուլհակ էր, իսկ մայրը` աշխարհի ամենասքանչելի մայրիկը, որը գիտեր բազմաթիվ երգեր, հեքիաթներ ու ավանդություններ և մեծ ոգևորությամբ որդիներին էր հաղորդում այդ ամենը: Փոքրիկ ընտանիքը մեծ երազանք ուներ: Ապրելով ծայրահեղ աղքատության ու զրկանքների մեջ, նրանք երազում էին իրենց որդիներին կրթության տալ: Վերջապես Ջեյմսի ավագ եղբայրը` Ալեքսանդրը, ուսուցչի աշխատանք է ստանում Գլազգոյում և իր վրա է վերցնում Ջեյմսի հետագա կրթության հոգսը: Հավանաբար ծնողների և եղբոր անձնազոհ սերն է Ջեյմսն իբրև ժառանգություն ստանում: Չէ՞ որ շուտով ինքն էլ դառնում է նրանց նման միշտ պատրաստ ծառայելու այլոց: Էդինբուրգի համալսարանն ավարտելուց հետո Ջեյմսն սկսում է երաժշտագիտական հոդվածներ տպագրել: Երբ արդեն հասուն մարդ էր, նա անկեղծորեն խոստովանում է. «Սպանեք էլ` մեկ է, չեմ կարողանում մի մեղեդին մյուսից տարբերել: Ատում եմ երաժշտությունը»: Այնուհետև, չարաճճիություն արած տղայի նման ավելացնում է. «Գիտե՞ք, ես մի քանի տարի երաժշտական քննադատ եմ եղել»: Շուտով Բարին հոգնում է ինքն իրեն խաբելուց, և սկսում է հոդվածներ գրել: Երեսուն տարեկանում նա արդեն բազմաթիվ վեպերի ու պիեսների հեղինակ էր: Նրա պիեսները մեծ հաջողությամբ բեմադրվում էին մեծացնելով գրողի համբավը: Դարասկզբին Բարին դառնում է Անգլիայի ամենահեղինակավոր գրական դեմքերից մեկը: Գնահատվում էր ոչ միայն նրա գրողական տաղանդը, այլև մարդկային արժանիքները` առաքինությունն ու բարությունը: Շատերն էին խորհուրդ հարցնում այդ արդարադատ և բարյացկամ մարդուց: Բարին ոչ մեկին չէր մերժում: Եվ չէր էլ սպասում, որ դիմեն իրեն: Նա ինքն էր պաշտպան կանգնում թույլերին ու տառապյալներին: Լինելով ֆիզիկապես թույլ ու տկար, նա չէր դադարում հիանալ արկած որոնողներով, ճանապարհորդներով ու հետազոտողներով: Նրա բարեկամներից էր նշանավոր գրող Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը («Գանձերի կղզին» կարդացե՞լ եք), Աֆրիկայի հետազոտողներ Պոլ դյու Շայլուն և Ջոզեֆ Թոմսոնը, խիզախ նավապետ Սքոթը:

Այս ամենի մասին պետք է ասել, որպեսզի դուք իմանաք, թե ինչպես ծնվեց աշխարհի ամենանշանավոր տղաներից մեկը` Պիտեր Պենը: Չէ՞ որ Պիտերի մեջ այնքան բան կա կնքահորից: Պիտերը նրա երազանքի տղան է: Պիտեր Պենը ծնվել է 1911 թվականին: Նա ծնվեց ի սեր որբացած հինգ եղբայրների: Երբ տղաների հետ զբոսնում էին Քենսինգթոնյան զբոսայգում, Բարին արագ մի պատմություն էր հորինում Պիտեր Պենի մասին  (հիշո՞ւմ եք, Սիլվիա մայրիկը ճաշկերույթից կոնֆետները Պիտերի համար էր տանում): Ես չեմ սիրում, երբ մեծերը դնում ու բզիկ-բզիկ են անում մեր սիրած հերոսներին. բարի էր, խելոք, սրամիտ, համարձակ… Դե, եթե այսքան բան ասում եք, արժե՞ արդյոք կարդալ: Ասեմ միայն, որ ինչպես «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքն է ծնվել Լիդդել քույրերին պատմելու շնորհիվ, այնպես էլ «Պիտեր Պենը» Դեվիս եղբայրների համար էր հորինվել և երկար ճանապարհ անցել մինչև վեպ դառնալը:

Տղաները հիշում են, որ սիրելի Բարին գրում էր այնպես թեթև ու ինքնամոռաց, ինչպես առհասարակ, կարող են խաղալ երեխաները: Նրա պատանի ընկերներից մեկը մի անգամ մանկական անմիջականությամբ հարցրեց նրան. «Ինչո՞ւ եք գրում, միսթեր Բարի»: Իսկապես, ինչո՞ւ է մարդ գրում, ես հաստատ ոչ մի բան չէի գտնի ասելու, իսկ նա հանգիստ պատասխանել է. «Մի՞թե դու չգիտես: Իմ մատները լի են թանաքով, և թանաքն ինքն իրեն հոսում է»: Այսպես է գրվել «Պիտեր Պենը»: Ոչ թե գրվել, այլ ինքն իրեն դուրս է հորդել:

Միայն մի բան եմ ուզում ձեզ հուշել: Հաճախ, երբ մեկն օգնության կարիք ունի, մենք զլանում ենք ձեռք մեկնել: Մեզ թվում է, թե մեր ժամանակը այնքան թանկ է, մեզ այնպիսի ապագա է սպասում, որ չարժե սրա-նրա վրա զուր տեղը ժամանակ կորցնել: Այնինչ, հենց ուրիշներին օգնելու համար կորցրած ժամանակն է մեզ մարդ դարձնում: Վկա այս գիրքը, որը, երևի թե, ինքնամոռաց սիրո համար պարգև է անձնազոհ մարդուն` Ջեյմս Բարիին, հյուսված որբ ու վշտակեզ տղաների երախտագիտությունից:

IMG_0962