valentina

5 հնարք սոցիալական մեդիայի աղբից ազատվելու համար

Չնայած սոցիալական մեդիան ունի շատ առավելություններ՝ կարևոր տեղեկություններ որսալու համար, բայց դրան զուգահեռ հաճախ կարող ենք հանդիպել տեղեկատվական աղբի և մեր ուղեղը լցնել ոչ անհրաժեշտ ինֆորմացիայով։

Որոշ նյարդաբանական հաշվողական սարքերի շնորհիվ պարզ է դարձել, որ մեր ուղեղի հիշողության տարողությունը տատանվում է 2․5 պետաբայթերի սահմանում, որը 1000 տերաբայթ է և որը մոտավորապես հավասար է 300 տարի միացրած հեռուստացույցի ինֆորմացիային։

Գրողը տանի ․․․

ա) ինչքան մեծ ծավալով ինֆորմացիայի տարածք ունի ուղեղը և ինչքան փոքր ծավալի ինֆորմացիայի հնարավորություն այլ կարևոր տեղեկատվություն կուտակելու համար։

բ) ինչո՞ւ պետք է մեր ուղեղը լցնենք Լիլիթիկի ընկերոջից բաժանվելու սրտաճմլիկ գրառումներով, հայկական էլիտայի շքեղ հարսանիքների կազմակերպչական աշխատանքների համար տրամադրված գումարով, մի անգրագետ և փիառի ծարավ բլոգերի անիմաստ լայվերով։ Ինչո՞ւ ենք մենք էդ աղբը կարդալուց հետո մեր ուղեղը կասկածներով լցնում ինչ-որ մի Գայուշիկի պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ։ Ի՞նչ օգուտ կտա մեզ, եթե իմանանք, որ Գայուշիկը կատարել է քթի, դեմքի, ոտքերի ու ձեռքերի պլաստիկ վիրահատություն։ Իմանալով տուժում ենք մենք՝ կորցնելով ժամանակ, ուրախանում է Գայուշիկը։ Ինչո՞ւ։ Որովհետև սիրունացել է Գայուշիկը։ Որտե՞ղ պետք կգա Լիլիթիկի ու Գուրգենչիկի բաժանման պատճառը։ Լավ, կոպիտ եմ, եթե էդքանը կարդալուց հետո Լիլիթիկն ու Գուրգենչիկը նորից կմիանան, եկեք սրտիկենք էդ գրառումը, եկեք բարի գործ անենք։ Ու վերջում, ինչո՞ւ էդ 1000 տերաբայթից 10 մեգաբայթը պետք է լցվի մի մարդու լայվ նայելուց, ով բացահայտ փիառի ծարավ է։ Ախր, բռնես ասես՝ ինչո՞ւ ես էշ-էշ խոսում, կսկսի արտիստիկ խառնվածքով ու տարիների փորձով  հիստերիկին բնորոշ կեցվածքով խոսել իր խոսքի ազատությունը սահմանափակելու մասին։ Ասում եմ,  լավ  է՝ էդ անտեր «օրենք»-ն էլ կա, կապ չունի, թե որ օրինական դաշտում է, որ հոդվածով է հաստատվում, ու ինչ է նշանակում լինել խոսքի մեջ ազատ։ Կարևորը անիմաստ դուրս տալու ժամանակ բառապաշարը ու մտքերը վերջանալու դեպքում այդ սահմանադրական իրավունքը կօգտագործվի որպես պաշտպանական ֆունկցիա։ Կարելի է անգամ գովազդ նկարել․ «Հաճա՞խ եք էշ-էշ խոսում։ Չգիտե՞ք ինչպես փաստարկել ձեր անիմաստ դուրս տվածը։ Հոգ չէ՝ օգտագործեք․ «մի սահմանափակեք ազատ խոսելու իմ իրավունքը» կախարդական խոսքերը։ Ազատ խոսքի իրավունք, և էշացման պրոցեսն արդարացված է»։

Գրողը տանի, բայց տեսե՞լ եք ինչ բարի աչքեր ունի էշը։

Չշեղվելով վերնագրից և զերծ մնալով տեղեկատվական աղբ փոխանցելուց, առաջարկում եմ հնարքներ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել սոցիալական մեդիայի  ճնշումը։

1․ Մուտք ենք գործում մեր սոցիալական էջ։

2․ Մկնիկի ձախ սեղմակը պահում ենք Settings դաշտի վրա։

3․ Բացված բաժիններից ընտրում ենք Privacy.

4. Հետո սեղմում ենք Deactivation (Ժամանակավոր ապաակտիվացում) and Deletion (ընդմիշտ ջնջում): Հավատացեք, սկզբի համար սեղմելը Deactivation լրիվ բավարար է, քանի որ այդպես անհետանում են ձեր բոլոր տվյալները (Չեն ջնջվում, անհետանում են) այնքան ժամանակ, ինչքան ցանկանում եք։

5․ Reason դաշտում նշում եք ձեր ժամանակավոր հեռացման պատճառը և հաստատում։ Մի քանի շաբաթ հետո հասկանում եք, որ երբեք էլ ցանկություն չեք ունենա վերադառնալ սոցիալական մեդիա, որովհետև իրական կյանքում ապրելն ավելի հետաքրքիր է։ Հարկ է նշել, որ հաջորդ օրը ու հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում Ձեր ուսին կարող է կանգնել սատանան և ստիպել ձեզ վերադառնալ։ Մի՛ կերեք նրա արդարացումները, ինչքան էլ սոված եք։ Կերեք ջանք ֆուդ, խմեք կոլա, ծխեք շոկոլադե ձողիկ, բայց մի փորձեք ուտել նրա արդարացումները։ Դիմադրելուց հետո կսկսվի իսկական աստվածաշնչյան դրախտը։

Ահա այսքան պարզ և հեշտ բանաձև ունի սոցիալական մեդիայի աղբահանման խնդիրը։ Գիտեմ, որ վերնագիրը կարդալով ակնկալում էիք առավել բարդ, միջնադարյան թուրմերի բաղադրատոմսեր, որոնք այժմ քչերին է հայտնի, բայց ցավում եմ, որովհետև նման թուրմերը այլևս չեն ծառայում իրենց նպատակին, բայց շնորհավորում ենք, որովհետև դուք ունեք առավել մատչելի տարբերակ։ Վստահ եմ, կարդալուց հետո կգտնվեն մարդիկ, որոնք կասեն՝ ես չեմ կարող։ Հավատացեք, ձեր մեջ այդ ժամանակ կխոսի սատանան։ Խունկը ծխեցնելով եզրափակում եմ ճառս ու կոչ եմ անում հանել ձեր միջի նեգատիվը ու գալ իրականություն` հետս ապրելու։

Հետո այս ճգնավորական սովորությունը կդառնա բնավորություն։ Ակտիվացնելուց հետո, կհասկանաք, որ ատում եք բոլոր տեսակի մեդիաները, բայց մի քանի օր հետո էլի կսովորեք էդ ակտիվությանը, հետո երբ կլցվի ձեր նեգատիվի բաժակը, էլի ցանկություն կունենաք ժամանակավոր կորելու, ու այսպես շարունակ։ Այժմ, ես ինձ կարող եմ համարել էքսպերտ, որովհետև գտնվում եմ այդ պրոցեսի վերջին փուլում։

Հա՜, մի անգամ ֆեյսբուքիս ընկերներից մեկը ասաց․

-Բա ինչի՞ ես սենց կորում ու հետ գալիս, հետո էլի կորում ու հետ գալիս։ Մնա էլի։

Ես էլ լուրջ դեմքով, թե բա՝ հոգնում եմ։

Ինքն էլ, տխուր ու փիլիսոփայական հայացքով նայեց վրաս, հետո թեքեց հայացքը, ձեռքը ծալեց մոտեցնելով բերանին՝ ստեղծելով լուրջ խնդրի շուրջ մտածելու հայացք ու ասաց․

-Հը՜մ ․․․