Anush abrahamyan

Ջուր գողացողը

-Տո, էդ ջուրն դո՞ւ իս բերե, օր էգես ու մի հադ էլ կռիվ ա կենիս, Անո:

-Բա հե՞րդ ա բերե: Սաղ գիշեր բոստանիմ ջրեմ, քու մասին չխոսամ էլ, դու սաղի հետ բոստան ա ջրիս, պետք ա կեղնի՝ ջրիս, պետք չէ կեղնի՝ էլի կջրիս:

Այդ մի բանը կանանցից մեկը ստեց: Ամբողջ գիշեր մենք էինք հողամաս ջրել: Ու ամբողջ գիշեր ես ու եղբայրս էինք նստել առվի մոտ ու պահել ջուրը:

-Հա, հա, Միրավն ինձի ա ջուր տվե, քզի չտվե:

Էլի ստում է, ախր ես ու հորեղբայրս երեկ առավոտյան վեցին գնացինք ջուր «առնելու»: Ջուրը հաստատ մերն էր, մեզ կես ժամվա բան էր մնացել, իսկ առավոտյան ժամը հինգին առվի վրա կռվող այս կանայք չէին էլ փորձում հասկանալ ինձ: Վտանգավոր դրություն էր, և նրանք պատրաստ էին ձեռքի բահերով մենամարտել:

Մտածեցի, որ պետք է գնամ: Մեկ է, անհնար է նրանց որևէ բան հասկացնել, բայց մայրս հողամասում է, ու ջուրն էլ կտրվել է:

Չէ, չեմ գնա, կմնամ ու կտեսնեմ` ինչ է լինելու վերջը:

-Անո, Անո:

-Հա, սա Խաչիկ ջան:

-Ջուրն լավ ուժեղցուցեմ, արի՝ էտանք ջրինք բոստանն:

Կանացից մեկի ամուսինն էր, ով մեծ քայլերով արագ հասավ մեզ մոտ:

-Լավ, Սեդա, ես մգա կերտամ, ու վայն էգավ քզի տարավ, թե դու իմ ջուրն կդրիս: Էսմալ լավ ա, հավասար ա, կեսն ընձի, կեսն՝ քզի,- առվին նայելով ասաց կանանցից մեկը:

-Լավ, Անո, ես էլ ա կերտամ:

-Աղջիկ ջան, դու հնճի՞ս մածե, գնա ձեր տուն, ձզի ջուր չկա,- դառնալով ինձ, ասաց կանանցից մեկը: Ես հակացա, որ մնալն ավելորդ էր, ու քայլեցի դեպի տուն: Բայց չմտածեք, թե ես ամբողջ գիշեր չեմ քնել, որ այդքան հեշտ ջուրը զիջեմ, այն էլ այն դեպքում, երբ երկար ժամանակ մայրս հողամասում է, ու ջուրն էլ մերն է: Լավ, մի պաղպաղակ կուտեմ հին պատին նստած ու կսպասեմ մինչև այդ կանայք վերջնականապես չերևան թաղամասում: Շատ չսպասեցի «արևի թաղամասում» (այդպես եմ անվանում, որովհետև այդ թաղամասում լինում եմ միայն ամռանը, հողամաս ջրելու օրերին): Վերջապես բահերը ուսներին դրած կանայք այլևս չերևացին, և ես շուրջս նայելով հանգիստ մոտեցա այն առվին, ուր ջուրը երկու մասի էր բաժանվում: Այ, հիմա պետք է գործել:

Արևը արդեն իր շողերը դատարկ թաղամասում էր տարածել, ու խոտի վրա նստած ցողը վաղուց չորացել էր: Առվի մեջ քարերը այնպես շարեցի, որ ջուրը միայն մեր հողամաս գնար, ու սպասեցի: Ախր քիչ էր մնացել, որ վերջացնենք, մինչև կանայք մտնեն հողամաս ու տեսնեն, որ մարգերում ջուր չկա, մենք վերջացրած կլինենք:

Չմտածեք, թե ես ջուրը գողացա, չնայած այդ կանայք այդպես էլ մտածեցին: Քիչ ժամանակ էր անցել, և ես չէի նկատել արագ քայլերով ինձ մոտեցող կնոջը, ով չկարողանալով զսպել զայրույթը, հեռվից գոռաց.

-Տո, այ աղջի,- այ այստեղ ոտքերիս մեջ գտնվող ամբողջ ուժով վազեցի: Չգիտեմ՝ ինչ արագությամբ եմ վազել, որ երկար ճանապարհը հինգ րոպեում եմ անցել: Ես չէի զղջում իմ արածի համար, ի վերջո, ես ոչ մի վատ բան չէի արել:

Մերոնք հողամաս ջրելը վերջացրել էին, ու ես մտածում էի, թե ինչ պատասխան պետք է տամ հաջորդ անգամ հողամաս ջրելիս «արևի թաղամասում» հանդիպած զայրացած կանանց: Չնայած, ոչինչ էլ չեմ ասի, ուղղակի պաղպաղակ ուտելով կսպասեմ մինչև նրանք հեռանան:

Այս ամենը գրելուց հետո ես ուզում եմ հավատալ, որ սա նրանցից մեկը երբևէ չի կարդա գրածս: