lia avagyan

Ոչ ավանդականի մասին

Հիմա վերջին զանգյան թեման ակտուալ է, չէ որ վերջին զանգի միջոցառումը նոր է վերջացել, թարմ են տպավորությունները: Բոլորի ֆեյսբուքյան պատերին զանգեր, ավարտական դասարաններ, քննություններ, ծաղիկներ ու նվերներ…

Հիշում եմ, երբ փոքր էի, թաղի երեխաներով հավաքվում, այ հենց այս օրերին, մտածում էինք, թե ում տանից ինչքան ու որ ծաղիկն ենք ուզելու, որպեսզի փնջենք ու մեր ծանոթ-հարևանին նվեր անենք վերջին զանգի առիթով: Դե հիմիկվա նման ծաղիկներ չէինք գնում խանութից:

Ես այս տարի ավարտում եմ տասնմեկերորդ դասարանը, բայց ոչ դպրոցը, ու ավարտական ոչ մի բանը ինձ չէր հետաքրքրի մինչև այն պահը, երբ մեզ ` տասմեկերորդցիներիս, առաջարկեցին տասներկուերորդ դասարանի վերջին զանգի միջոցառմանը մասնակցել: Հիմա կասեմ՝ ինչու, դե այս տարի մեր մոտ (Ներքին Կարմիրաղբյուրում) ավարտում էին ընդամենը 3 աշակերտ: Ու նույնիսկ մեծ ցանկության դեպքում ավարտական միջոցառում չէր ստացվի, թե´ ֆիզիկապես, և թե´ հոգեպես: Մեր դասարանի մասին խոսեցի, երևի պատկերացրեցիք 20-25 հոգանոց դասարան, բայց մեր դասարանում ինչպես տասերկուսում ու համարյա մնացածում, ընդամենք չորս հոգի ենք: Դպրոցում ամենաշատ հոգանոց դասարանում կա 10-11 աշակերտ, եթե ոչ ավելի քիչ: Բայց չեմ ուզում շարունակել այս թեմայով, որովհետև այնքա՜ն բան կա ասելու:

Ուզում եմ վերջին զանգի արարողությունից խոսել: Համոզված եմ, որ բոլոր տեղերում համարյա նույն գործողությունների «սցենարն» էր, բայց` համարյա: Օրինակ` մեզ մոտ հարևան գյուղերի ավարտական դասարանները հրավիրում են միմյանց իրենց միջոցառումներին: Ու գրեթե համոզված եմ, որ օրինակ, Երևանում, նման արարողություններ չկան, կամ էլ կան, բայց ինչպես տատիկս է ասում` հատ ու կենտ են: Կամ օրինակ, նման միջոցառումներում, որոնք տեղի են ունենում մեզ մոտ` դահլիճում ասեղ գցելու տեղ չի լինում, որովհետև փոքր գյուղ է, մեկը մյուսին բարեկամ ու հարազատ են: Եվ վերջապես ոչ մի դպրոցում տասնմեկերորդ դասարանի աշակերտները ու նույնիսկ տասներորդից երեք-չորս հոգի, չեն մասնակցում ավարտական միջոցառումներին: Բայց գիտեք, ես գյուղիս հենց այս խառնաշփոթն եմ սիրում…