Սամվելի վերջին շախմատային պարտիան

Սամվել Գևորգյանի ընտանիքը երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում էր ապրում, սակայն Սամվելը համառորեն պնդում էր՝ ինքը պիտի հայրենիքում ծառայի։

Ուրախ, ազնիվ ու պատասխանատու էր Սամվելը և լեզու էր գտնում բոլորի հետ, անկախ տեսակից ու տարիքից։ Մայրը՝ Հասմիկը, երբեմն զարմանում էր՝ ինչպես էր Սամվելը շփվում անգամ ամենաբարդ բնավորության տեր մարդկանց հետ։ Սամվելի հետ երբեք չէիր հոգնում ու չէիր ձանձրանում։

5-րդ դասարանից Սամվելը շախմատ էր սովորում։ Հենց շախմատի հետ էլ կապված էին նպատակները․ ծառայությունից հետո պիտի մնար հայրենիքում, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ ընդունվեր ու հետագայում շախմատ դասավանդեր։ «Դեռ չավարտած էլ արդեն դասավանդում էր ու պարապում երեխաների հետ։ Իր շախմատի ուսուցիչն իրեն այդքան վստահում էր», – պատմում է մայրը։

Կյանքում էլ շախմատային մտածողությունն օգնում էր Սամվելին, ու նա միշտ մի քանի քայլ առաջ էր մտածում։

Սամվելը լավատես էր ու ցանկացած պարագայում կրկնում էր՝ ամեն ինչ լավ ա լինելու, մամ, ցավդ տանեմ։ Այդպես էր նաև պատերազմի օրերին։

Չկար մեկը, ում Սամվելը նեղացրած կլիներ։ Նույն հոգատարությամբ էր վերաբերվում նաև  կենդանիներին։

Թեև Սամվելը երկար տարիներ հայրենիքում չէր ապրել և երկու տարի մեծ էր իր ծառայակից ընկերներից, հեշտ էր հարմարվել ծառայությանը։ Մատաղիսում էր ծառայում ու պատերազմի օրերին էլ հիմնականում հենց այնտեղ է կռվել։ Վերջին օրերին Մարտակերտի բարձունքում է եղել, որտեղ էլ հերոսացել է ԱԹՍ-ի հարվածից` 2020թ․ հոկտեմբերի 7-ին։

Սամվել Վարդանի Գևորգյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։