Mariam Harutyunyan new

Սենտիմենտալ ապուշություն

Օրագիր, 6  տարի անց, էջ 354

Բառերս, առանձ ինձ հարցնելու, անշտապ, բայց լարված դուրս են գալիս։ Ուզում եմ մեկին ենթարկվել. այնպիսի մեկին, ով կօգնի հաղթել ինքս ինձ։ Պարտված եմ։ Ամաչում եմ։

Մեկ-մեկ մոտենում եմ հայելուն, որ հասկանամ՝ հայացքս էլ է պարտվա՞ծ, թե՞ միայն ներսս, ու ոչինչ չեմ հասկանում, որովհետև այդ հայացքը իմը չէ։

Դու  հաղթեցիր։ Երբեք չէի մտածի, որ հպարտությունս, որով այդքան հպարտանում էի, կթուլանա, կնվաղի ու… Կպարտվի քեզ։ Թվում է՝ պարտվելը ամենածանր բանն է, բայց ավելի ծանր է պարտությունն ընդունելը։ Ես ընդունում եմ։ Ու սա սենտիմենտալ ապուշություն չի, սա ես եմ: Դու իմ մանկությունն ես, իմ ընթացքն ու կանգ առած ներկան։

Դու իմ դեռ չսկսած ու չգրված պատմությունն ես։

Ուզում եմ հաղթել այս անիմաստ ու միակողմանի պատերազմում, բայց միայն պարտվում եմ։ Ուզում եմ ոչինչ չզգալ, ու սա սենտիմենտալ ապուշություն չի, սա ես եմ։ Սա ես եմ, ով քեզ կարգել է որպես չմոռացվող ու ամեն կերպ փորձում է մոռանալ, սա ես եմ, ով  աշխարհի բոլոր գույները քո մեջ է տեսնում։

Երանի կարդաս… Կարդաս ու հասկանաս, որ հենց ՔԵԶ եմ գրում։

Բառերս դեռ հոսում են ու կհոսեն այնքան ժամանակ, մինչև վերջնականապես ուժասպառ լինեմ, իսկ հետո ամեն ինչ կսկսվի նորից՝ նույն սցենարով, նույն պատկերներով ու նույն մտատանջություններով, ես էլ կփորձեմ հարմարվել ու նորից կդժգոհեմ ինքս ինձնից, ու սա սենտիմենտալ ապուշություն չի, սա ես եմ…

Շարունակելի…