Սերգեյ Կոզլով. Եթե ես ընդհանրապես չկամ

Տեր Կյուրեղ քահանա Տալյանի հիշատակին

 

Մի փոքր էլ` և աստղերը կբոցավառվեն, և դուրս կլողա լուսինն ու կսահի` ճոճվելով աշնանային խաղաղ դաշտերի վրայով: Հետո լուսինը անտառից ներս կնայի, մի քիչ կանգ կառնի` կառչելով ամենաբարձր եղևնու գագաթից, և հենց այդ ժամանակ Ոզնին ու Արջուկը նրան կտեսնեն:

-Տես,- կասի Ոզնին:

-Ըհը,- կասի Արջուկը: Իսկ լուսինն ավելի վեր կելնի ու ողջ աշխարհը կողողի իր սառը գունատ լույսով:

Այսպես էր այս ցուրտ աշնան բոլոր երեկոները: Եվ ամեն երեկո Ոզնին ու Արջուկը միասին էին.  կամ Ոզնին էր այցելում Արջուկին, կամ Արջուկն էր այցելում Ոզնուն և ինչ-որ բանի մասին խոսում էին: Ահա այսօր էլ Ոզնին ասաց Արջուկին.

-Բայց ինչ լավ է, չէ՞, որ մենք իրար ունենք,- Արջուկը տմբացրեց գլխով,- միայն պատկերացրու. ես չկամ, դու նստած ես մենակ և ոչ ոք չկա, որ զրուցես հետը:

-Բա դու որտե՞ղ ես:

-Իսկ ես չկամ:

-Էդպես չի լինում,-առարկեց Արջուկը:

-Ես էլ եմ էդպես կարծում,-ասաց Ոզնին,- բայց հանկարծ այնպես ստացվի, որ ես չլինեմ: Դու մենակ ես: Ի՞նչ կանես, հը՞:

-Կգնամ քեզ մոտ:

-Ո՞ւր:

-Ո՞նց թե ուր: Քո տուն: Կգամ ու կասեմ. «Ոզնի, այդ ինչո՞ւ չեկար»: Եվ դու կասես…

-Այ քեզ հիմար: Ո՞նց կարող եմ ես ասել, եթե ես չկամ:

-Եթե դու տանը չես, ուրեմն գնացել ես իմ տուն: Հետ կդառնամ իմ տուն: Իսկ դու այնտեղ ես… Եվ կսկսեմ…

-Ի՞նչ:

-Հանդիմանել:

-Ինչի՞ համար:

-Ո՞նց թե` ինչի: Նրա համար, որ էնպես չես արել, ինչպես պայմանավորվել էինք:

-Իսկ ի՞նչ էինք պայմանավորվել:

-Ես ի՞նչ իմանամ: Բայց դու պիտի կամ ինձ մոտ լինես, կամ քո տանը:

-Բայց ախր ես ընդհանրապես չկամ, հասկանո՞ւմ ես:

-Ո՞նց թե չկաս, ահա նստած ես:

-Դա ես հիմա եմ նստած, իսկ եթե ես ընդհանրապես չլինեմ, որտե՞ղ կլինեմ:

-Կամ իմ տանը, կամ քո:

-Դա այն դեպքում, եթե ես կամ:

-Դե հա,-ասաց Արջուկը:

-Իսկ եթե ես ընդհանրապես չլինե՞մ:

-Այդ ժամանակ դու նստած կլինես գետափին ու կնայես լուսնին:

-Գետափին էլ չկամ:

-Էդ դեպքում դու գնացել ես ինչ-որ տեղ և դեռ չես վերադարձել: Ես կվազեմ, ողջ անտառը ոտի տակ կտամ ու քեզ կգտնեմ:

-Դու արդեն ամեն տեղ փնտրել ես,-ասաց Ոզնին,- բայց ինձ չես գտել:

-Կվազեմ հարևան անտառ:

-Ես այնտեղ էլ չկամ:

-Ամեն բան տակնուվրա կանեմ ու քեզ կգտնեմ:

-Չկամ ես, ոչ մի տեղ չկամ:

-Այդ դեպքում, այդ դեպքում… Այդ դեպքում ես կվազեմ դեպի դաշտը,-ասաց Արջուկը,-և կբղավեմ. «Ոոոոզնիիիի…», և դու ինձ կլսես ու կբղավես. «Արջուուուկ»: Դե ահա:

-Ոչ,-ասաց Ոզնին,-ես ոչ մի կաթիլ չկամ: Հասկանո՞ւմ ես:

-Ի՞նչ ես կպել ինձանից,-բարկացավ Արջուկը,- եթե դու չկաս, ուրեմն ես էլ չկամ: Հասկացա՞ր:

-Չէ, դու կաս, բայց ես չկամ:

Արջուկը լռեց ու մռայլվեց:

-Արջուկ, այ Արջուկ,-Արջուկը չպատասխանեց:

Նա նայում էր, թե ինչպես է լուսինը, որ բարձրացել էր անտառի վրա, իր սառը լույսը հեղում իր ու Ոզնու վրա: