Սերը տաղանդ է ծնում

Պատանեկան սերը ստիպեց նրան կյանքին նայել այլ աչքերով: Երգեր ու բանաստեղծություններ գրել, որում արտացոլված են իր երազանքներն ու ապրումները:

Արսեն Սարդարյանը Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող է: Սիրում է իր ընտրած մասնագիտությունը, բայց երգարվեստն ավելի շատ է սիրում և ընտրության դեպքում պատրաստ է նույնիսկ փոխել մասնագիտությունը: Ասում է.

-Երգը, կարծես, քեզանից չհեռանալու միջոց լինի:

Առաջին երգը, որը կոչվում է «Որոնում», գրել է 16 տարեկանում: Այդ շրջանում իր ստեղծագործող ընկերների հետ համերգներ է ունեցել մարզերում և զորամասերում: Ծառայության ընթացքում գրել է նաև մի շարք բանաստեղծություններ, որոնցից ամենասիրելին «Չդարձար ընկեր, չդարձար օտարն» է: «Որոնումը» իր հեղինակած միակ երգը չէ: Չնայած նա դեռ 21 տարեկան է, բայց արդեն 8 երգի հեղինակ է: Ապագայից խոսելիս Արսենն ասում է, որ շարունակելու է ստեղծագործել ու երգեր գրել: Ուզում է, որ մարդիկ իր երգերում գտնեն իրենց: Ինքն էլ հենց էդպես է ստեղծագործում. երգերում տեղ են գտնում դրվագներ իր կյանքից: Սերը մղիչ ուժ է հանդիսանում ստեղծագործելիս: Ասում է, երբ սիրահարված է լինում, շատ խենթությունների է գնում: Մի անգամ, երբ սիրահարված էր, ծնվեց հետագայում իր համար ամենասիրելին դարձած երգը:

-Որոշեցի խորամանկել ու մանկական գլխարկ գնեցի բաժնից, որտեղ խորհրդատու էր աշխատում սիրածս աղջիկը: Բայց, ցավոք, հանդիպումը չստացվեց:

Հանդիպումը չստացվեց, բայց ծնվեց մի գեղեցիկ երգ, որը կոչվեց «Մանկական գլխարկ»: Բոլորովին վերջերս էլ ունկնդիր եղանք նրա «Միթե» երգին:

-Արդեն հինգ ամիս կլինի, ինչ չեմ ստեղծագործում: Երևի սիրահարվել է պետք,- ծիծաղելով ասաց Արսենը: