Milena Sedrakyan

9-րդից հետո

9-րդից հետո ո՞րտեղ ես շարունակելու:

Թերևս այս տարվա ամենաշատ լսված հարցը, և սրանից հետո շարունակաբար սկսվում է լռության մեկ րոպեն, հաջորդիվ` իմ պատասխանը.

-Չգիտեմ, չեմ որոշել:

Սովորել, սովորել, սովորել, բայց որտե՞ղ սովորել և ի՞նչ:

Եթե հենվենք տրամաբանությանը, ապա միանգամից մտքներիս կգան ավագ դպրոցները: Բայց ավագ դպրոցների մասին ծնողներիս հետ զրուցած մարդիկ սկսել են այսպես.

-Վայ, ավագ դպրոցնե՞րը: Դաս չեն անում, գիրք չեն ստանում, ուսուցից չկա, ամենաշատը 2-3 ժամ, տղաները դասի են գնում մեքենաներով: Դա անցյալ տարի էր: Հիմա չեն էլ գնում, ոստիկանությունն էլ հսկում է անընդհատ, ուրեմն, մի բա կա, չէ՞:

Եվ սրանից հետո պարզապես անհնար է թույլտվություն ստանալ` սովորելու ավագ դպրոցներում, մանավանդ իմ ավանդապաշտ ու խիստ ծնողներից:

Չնայած, կարծում եմ, մեծ մասը լեգենդներ են, բայց…

Լավ, բացառեցինք այս տարբերակը:

Հիմա կասեք` գնա Երևան: Ես էլ եմ համամիտ, բայց համամիտ չեն ինձ համար մտածող, ինձ սիրող ու միշտ պաշտպանել ցանկացող բարեկամներս:

-Միլենա ջան, դու տեսե՞լ ես ոնց են վարում մեքենաները: Դու չես կարողանա անգամ փողոց անցնել: Այդքան գնաս-գաս, իմ սիրուն աղջիկ, կհոգնես, չես էլ կարողանա սովորել:

Դե նորից համաձայնվում եմ: Ատում եմ իմ այս բնավորության գիծը:

Բացառեցինք նաև այս տարբերակը:

Մնաց գյուղը:

-Գյո՞ւղ:

-Այո:

-Գյուղինստիտուտի քոլե՞ջ:

Չէ, չէ, սխալ հասկացաք: Հիմա ամեն ինչ կբացատրեմ:

Ձեզ հետ միասին երկար-բարակ մտածելուց հետո որոշեցի գնալ գյուղ: Չնայած միայն ես էի խոսում, դուք համեստաբար լռում էիք:

Որոշեցի գնալ Մրգաշատ գյուղ` ուսումս շարունակելու այնտեղ: Գյուղի դպրոցը միջնակարգ է: Ունեմ շատ-շատ ծանոթներ, հայրական գյուղս է, բայց դպրոցը անբարեկարգ վիճակում է գտնվում:

Հիմա դիմում եմ Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարին՝ Լևոն Մկրտչյանին:

-Հարգելի նախարար, եթե դպրոցները վերադառնային իրենց հին ավանդական համակարգին, գուցե այսօր ես և իմ նման շատերը չլքեին իրեց հարազատ բնակավայրը, թաղամասը` այլ վայրերում ուսումը շարունակելու համար: