Ani Harutyunyan

Սեր առաջին փողոցից

Կան, չէ՞, այնպիսի մարդիկ, որոնց մեկ անգամ ես տեսնում, ու մի տեսակ պետք եղածից շատ են հարազատ թվում, ու եթե կան այդպիսի մարդիկ, կան նաև նման վայրեր։

Մեքենայից իջա ու մոռացա, որ 2 ժամ շարունակ ճանապարհ եմ գնացել՝ 100 անգամ Վիկտոր Ցոյ լսելով։ Իջա ու տեսա, որ քաղաքը ժպտում է ինձ, թեթև հրում ուսս ու հումորներ անում. Գյումրին է։

Սկզբում չէի գիտակցում, ամբողջովին չէի ընկալում Գյումրին։ Աստիճանաբար ամեն քայլի հետ քաղաքը խառնվում էր արյանս ու հոսում երակներովս։ Քայլում էի փողոցով ու չէի ուզում, որ խոսեին ինձ հետ, խանգարեին, սթափեցնեին քաղաքի հրապուրանքից։

Պիտի գնաս Գյումրի ու թափառես քաղաքում, բարևես հին տան բակում նստած, հին տնից մի քանի տարով փոքր ծերուկին, ժպտաս ու անցնես։

Հասնես Շիրազին, նստես կողքին, ու ոնց ինքն էր սիրում՝ քարով ձմերուկը կիսես, ջուրը վրադ թափելով ուտես ու նորից վերադառնալու խոստումով լքես։

Մտնես Ավետիքենց տուն, թոնրի նոր թխած լավաշը վայելես։

Ֆրունզիկի հետ թեյի սեղանի շուրջը զրուցես, փորձես հասկանալ հոգով տխուր լինելու, բայց բոլորին ժպիտ պարգևելու բանաձևը։

Պիտի գնաս Սև բերդ, զգաս դարերի շունչը, զրուցես այնտեղ կռված մարդկանց հոգիների հետ ու ստանաս ամենակարևորը՝ առանց նահանջելու պայքարի ուժը:

Գյումրին վայր է, որտեղ ուզում ես նորից վերադառնալ։

Գյումրին սեր է առաջին փողոցից։