Anahit Badalyan

Սեփականի մասին

Ասում են՝ կյանքում ամեն մեկն իր համար պիտի ապրի, սեփական խնդիրներով մտահոգվի, սեփական նվաճումներով ուրախանա, սեփական դժվարությունները հաղթահարի, սեփական «դարդերով տապակվի» ու էլի էդպիսի շատ սեփականություններով լցվի կամ դատարկվի։

Իսկ ի՞նչն ենք մենք սեփականացնում էս կյանքում։ Ի՞նչն է, որ մեզ է պատկանում։ Այն դպրոցականի մայրը, որ գլուխը բարձր է քայլում՝ սեփական որդու գերազանց առաջադիմությամբ ու օրինակելի վարքով հպարտ, մի՞թե սեփականաշնորհել է այդ տասնամյա պատանուն։ Կամ այն ծեր կինը, որ սեփական տուն անգամ չունի, մի՞թե տան սեփականատեր կդառնա մի քանի փաստաթուղթ ստորագրելուց ու պաշտոնապես բնակարանատեր դառնալուց հետո։ Մենք հաճախ սեփականաշնորհում ենք այն, ինչը ի սկզբանե էլ մերը չի եղել, և չի դառնա մերը ո՛չ մի տարի, ո՛չ երկու տարի ու ո՛չ էլ մի հարյուրամյակ հետո։ Հայաստանը իմ սեփական երկիրը չէ, բայց այն ամեն հայինն է, պատկանում է ամեն հայի, ու ամեն հայ է պատկանում Հայաստանին։ Մի՞թե քաղաքապետը սեփականաշնորհել է քաղաքը, կամ դպրոցի տնօրենը՝ դպրոցը։ Մի՞թե քննություններում հաջողած դիմորդի կրկնուսույցը «Իմ երեխան ընտիր հանձնեց» ասելիս իր սեփականությունն է դարձնում այն պատասխանատու և խելացի երիտասարդին, ով հավուր պատշաճի հաղթահարել է իր առջև դրված խնդիրը։ Վստա՞հ ենք արդյոք, որ կյանքում սեփականատերն ենք այն ամենի, ինչին տիրում ենք տեսականորեն։

Ես 17 տարեկան եմ, տուն, մեքենա, գործակալություն կամ որևէ անշարժ գույք չունեմ։ Սեփական գրքեր ունեմ, որ Կոելյոն, Դյուման, Սևակն ու Չարենցն են գրել։ Ես ասում եմ՝ իմ սեփականն են, որովհետև ես եմ գրախանութից գնել։ Սեփական հեռախոս ունեմ, որովհետև առաջին աշխատավարձովս եմ գնել, իմ վաստակած գումարով, որ ձեռք եմ բերել սեփական աշխատանքի ու թափած մեծ ջանքերի շնորհիվ։ Արի՝ մի գաղտնիք բացեմ։ Իմ սեփականը չեն ոչ հեռախոսս, ոչ գնածս գրքերը, ոչ էլ այն գնելիքը, որ պիտի ձեռք բերեմ գալիք կյանքումս՝ ամենաարդար ու ազնիվ կերպով վաստակած գումարիս միջոցով։ Այո, գերազանցիկ այն տասնամյա պատանին իր մոր որդին է՝ միակն ու անկրկնելին, բայց սեփականությունը չէ իր մայրիկի, նա իր մայրիկին չէ, որ պատկանում է, թեև կյանքն էլ, ապրածն էլ վաղը պատրաստ կլինի տալ մոր մի ժպիտի համար։ Ծեր այն կնոջ նոր գնած բնակարանի սեփականության վկայականը ամենևին էլ չի վկայում, որ այդ կնոջ սեփականն է այդ բնակարանը, այդ կնոջն է պատկանում ու այդ կնոջից է սերվել։ Կրկնուսույցն էլ չի կարող սեփականաշնորհել այն տասնյակ դիմորդներին, որոնք կհաջողեն քննություններում` շնորհիվ սեփական գիտելիքների ու աշխատասիրության։ Մենք չգիտենք՝ ինչն է մեր սեփականն, ու որն է տարբերությունը սեփական լինելու ու սեփականացնելու միջև։ Սեփականը մեզնից ծնվածն է, մեզնից դուրս եկածը, այն, ինչին մենք ենք կյանք տվել ու այն, ինչը մերն է եղել ստեղծված օրվանից ու մերն է լինելու միշտ։ Սեփական է այն, ինչը մենք միշտ կարողանալու ենք վերահսկել, փոփոխել ու հղկել միշտ։ Մեր մտքերն են մեր սեփականը, մեր սկզբունքները, մեր արժեքները ու մեր որոշումները։ Հա, մայրն է ծնում որդուն ու մորից է, որ սկիզբ է առնում այդ օրինակելի որդին, բայց նա է իր կյանքի, ապագայի ու ինքն իր տերը, իր՝ կարգապահ ու գովելի, կամ անտանելի ու անմիտ կերպարի ստեղծողը։ Մայրը դաստիարակում է զավակին, ճիշտ ճանապարհի վրա է դնում ու ուղղորդում է ողջ կյանքում, բայց հավերժ կառավարել ու վերահսկել մարդը կարող է միայն ու միայն այն ամենը, ինչը բխում է իրենից ու անփոփոխ է մնում այնքան ժամանակ, որքան մարդը՝ ինքը, չի դիպչում դրան։

Ակնթարթ թվացող այս կյանքը մի արևոտ կամ թխպոտ օր լքելուց հետո կվերավաճառվի մեր «սեփական» բնակարանը, աշխատավարձովս գնած «սեփական» հեռախոսս գուցե աղբամանում հայտնվի մոդայից դուրս գալու պատճառով, կրկնուսույցն էլ տարիներ անց գուցե չճանաչի իր «սեփական» աշակերտին, որ դուրս մնաց համալսարանից երկրորդ կուրսում՝ անբավարար գնահատականների պատճառով: «Սեփական» զավակը մի գեղեցիկ օր գուցե այլևս մորը հպարտություն չպարգևի, որովհետև զուրկ է եղել այնպիսի սեփականությունից, ինչպիսին գնահատել իմանալն ու գոնե հանուն ծնողների կյանքի սխալ ուղին արհամարհելու կարողությունն են:

Սեփական սկզբունքներն են, որ անցողիկ այս կյանքը լքելուց հետո հիմնավորելու են այս ու այն արարքդ, մաքուր ու բարձր պահեն անունդ, պատիվդ, վառ պահեն հիշատակդ կամ քեզ պատմության գրկում թողնեն՝ որպես գրքի հերթական թերթվող էջ։ Իսկ դու սովորիր տեր կանգնել իրական սեփականությանդ, ասել է թե՝ արժեքներիդ, արժանիքներիդ ու սկզբունքներիդ։ Սովորիր, որ մայրդ, որին դու պատկանում ես, ու ով քեզ է պատկանում, սեփական աչալրջությանդ ու խոհեմությանդ շնորհիվ պիտի գլուխը բարձր քայլի փողոցով՝ որ տարիքում էլ որ լինի։ Սեփական հպարտությունդ թող քեզ երբեք թույլ չտա ծնկի գալ կյանքի ամենաչար մոլուցքների առաջ, սեփական բարությունդ թող բռնի ձեռքդ շուրջդ խաղաղություն ստեղծելու օգնականի հորդորով, սեփական հարգանքդ ու սերդ ազգիդ ու մշակույթիդ հանդեպ թող քեզ դարձնեն Հայաստանիդ արժանի պատկանողն ու թող էլ ավելի քոնը դարձնեն էս մի բուռ Հայաստանը։ Անշարժ գույքն անշարժ է քանի դեռ այն չեն շարժել տեղից, այնինչ իրական անշարժը սեփական հոգիդ պիտի լինի, սեփական ուղեղդ ու բանականությունդ, որ անվրեպ պիտի առաջ շարժվի՝ նոր նվաճումների ու ձեռքբերումների վառ ճանապարհով։ Դու չես սեփականաշնորհել ո՛չ գիտելիքդ, ո՛չ սիրտդ, ո՛չ զգացմուքներդ, ո՛չ էլ արժանիքներդ։ Դու ձեռք ես բերել գիտելիք ու դարձրել այն քո սեփականը նրանով, որ ծառայեցրել ես այն քո իսկ ճանապարհով, քո իսկ ձևով, քո զգացածը միայն դու ես զգացել ու էլ ոչ ոք էս մոլորակի վրա, ու քեզ պես ազնիվ, անաչառ կամ ստախոս դու ես միայն, որովհետև դու ես քեզ էդպիսին դարձրել սեփական քայլերիդ ու արարքներիդ միջոցով։ Դու սեփականատեր ես, բարեկամս, անկախ նրանից, թե որ դասարանում ես սովորում ու քանի տարեկան ես, անկախ ունեցածդ հեռախոսի մակնիշից ու գնից, անկախ էն բոլոր նյութական երևույթներից, որոնց բացակայությունը կարող է քեզ սեփականություն չունենալու զգացողությունը պատճառել երբևէ։ Դու միշտ դու ես՝ քեզ նման մի երկրորդը էս մոլորակի վրա չունենալով, ու դրանով դու քո իսկ սեփականությունն ես… Ուրեմն ճանաչիր այն, ինչն իսկապես քոնն է էս մեծ աշխարհում, պայքարիր այն քո աչքին լավագույնը դարձնելու համար, ջանք թափիր, չարչարվիր, աշխատիր ու մտորիր անընդհատ, բայց հաշիվ տուր քեզ ամեն րոպե, որ վստահ լինես՝ սեփականությունդ տեղն է մինչև վերջին կոպեկը, վերջին գրամն ու վերջին աստիճանը… Մի հրաժարվիր էն ամենաթանկից, որն ունես. սրտից, հոգուց ու բանականությունից… Ծառայեցրու դրանք կյանքի ամենահարուստ սեփականությունները սեփականաշնորհելու նպատակով. արժեքներ ու արժանիքներ կերտիր ինքդ քեզնով ու այնքան հավատարիմ եղիր սեփական սկզբունքներիդ, որ այդ արժեքներդ դառնան այ այնքան անշարժ, ինչքան էն գույքն ես պատկերացնում, որի սեփականության վկայականը կարելի է գնել մի քանի հարյուր հազար դոլարով…