Anahit Badalyan

Սիրո մոնոպոլիան

Երբ նոր էի սկսում տնտեսագիտություն ուսումնասիրել, նկատում էի, որ այն տարբեր է հումանիտար գիտություններում ներառված այլ առարկաներից՝ հոգեբանությունից, փիլիսոփայությունից, քաղաքագիտությունից և այլն: Հետո հիշեցի՝ հայկական ավագ դպրոցների հոսքային ուղղությունների համաձայն՝ տնտեսագիտականն առանձին է հումանիտարից: Սովորելուս վերջին տարիներին համոզվեցի՝ էդպես չպիտի լինի: Ըստ իս՝ մենք հումանիտար առարկաները վերանայելու խիստ կարիք ունենք: Լեզու-գրականություն-պատմությունից զատ «հումանները»՝ մարդիկ, շատ ավելիին են աղերսվում: Ու տնտեսագիտության աղերսը մարդու, նրա հոգեբանության ու վարվելակերպի հետ ամենաամուրն է: Տնտեսագիտությունը շա՜տ-շա՜տ ավելին է, քան մաթեմատիկական հաշվարկների, ստատիստիկայի ու էլի մի քանի բաների համադրությունը: Տնտեսագիտությունը սեր է:

Սիրո մեջ էլ, ինչպես տնտեսագիտությունում, միությունը հենվում է առաջարկի ու պահանջարկի վրա։ Տալու ու վերցնելու արվեստը տնտեսագիտության մեջ պատկերվում է արտադրողի ու սպառողի շնորհիվ ձևավորված շուկայի միջոցով։ Առանց մեկի մյուսը դադարում է գոյություն ունենալ։ Երկու ոլորտներում էլ կա հավասարակշռության կետ։ Դա այն կետն է, որտեղ արտադրվում և սպառվում է հավասար քանակությամբ բարիք։ Այն կետը, որտեղ տալիս և ստանում են նույնանման (ոչ երբեք՝ նույնչափ) սեր։ Հավասարակշռությունը խախտելը անհետևանք չի մնում շուկաներից և ոչ մեկում։ Թե՛ արտադրանքի, թե՛ պահանջարկի ավելցուկը համապատասխանաբար հանգեցնում են  ամբողջովին չսպառված կամ բավական քանակությամբ չարտադրված բարիքի։ Սրանից տուժում են կա՛մ արտադրողները, կա՛մ սպառողները։ Ստեղծված տատանման պատճառով շուկան ձգտում է վերադառնալ հավասարակշռության կետին, որտեղ ավել-պակաս ոչինչ չկար։ Սիրո մեջ ևս հավասարակշռություն է պետք։ Ստեղծված ավելցուկները անբավարար սպառողների կամ արտադրողների «թեթև ձեռքով» վերածվում են կորուստների ու վնասում ողջ տնտեսությանը։ Բայց տարբերն այն է, որ սիրո շուկայում արտադրանքն ու սպառումը թվերով ի հայտ չեն գալիս, ուստի տվածի և վերցրածի քանակները չափել փորձելիս մենք միշտ կարող ենք կանգնել հավասարակշռությունը կորցնելու վտանգի առաջ։ Իսկ եթե սերն իրոք տնտեսագիտության դրսևորումներից մեկն է, կամ գուցե հակառակը, պիտի ուրեմն համապատասխանաբար իջեցնել կամ բարձրացնել սիրո գինը այնքան, մինչև շուկան կարողանա հասնել իր հավասարակշռության կետին։ Բայց եթե պիտի սերն արժեզրկելով մի անփառունակ հավասարակշռություն նվաճել, էլ ինչների՞ս է էդ տնտեսությունը․․․

Սիրո ու գնի փոխադարձ կապն արտահայտվում է սիրո էլաստիկության միջոցով։ Կանոն է․ բարիքի պահանջարկն ավելի էլաստիկ (առաձգական) է, եթե դրա քանակը մեծապես պայմանավորված է գնով։ Այսինքն՝ թե գինը բարձրանա, բարիքի քանակն էլ դրա պատճառով իջնի, ուրեմն էլաստիկ պահանջարկ ունի բարիքը։ Ոչ էլաստիկ պահանջարկով բարիք պիտի լինի սերը։ Գնի բոլոր տատանումներից անկախ՝ սիրո դիագրամը պիտի միշտ ուղղահայաց գիծ լինի․ միշտ դեպի վեր, միշտ դեպի վեր։

Սիրո մեջ հարկերը փորձություններն են, որոնք կառավարությունը՝ կյանքը, դնում է մեր առաջ ու ասում՝ հաղթահարեք։ Էլի բարիքի պահանջարկի էլաստիկությունից կախված՝ հարկը ծանրանում է կա՛մ արտադրողի, կա՛մ սպառողի վրա։ Էս երկուսի փակած ծախսերից հարստանում է կյանքի բյուջեն, որը, ըստ դեմոկրատ կյանքի մասին օրենքի՝ հետագայում օգտագործվում է այլ տնտեսություններ՝ այլ սերեր հովանավորելու համար։

Սուբսիդիաները ուրիշ սերերի փորձություններից հարստացած կյանքի բյուջեից մեզ տրվող օգնություններն են։ Այն նոր հնարավորություններն են, որոնք պիտի փրկեն մեր տնտեսությունն անկումից ու բարձրացնեն մեր արդյունավետությունը։ Սուբսիդիաները տրվում են հաճախ այն ժամանակ, երբ կյանքը ցանկանում է խրախուսել մեր տնտեսությունը, որովհետև այն կարևոր է համարում ինչպես մեզ, այնպես էլ ողջ հասարակության համար։ Վարակիչ ու լուսավոր սերերին բաժին հասնող երկրորդ, երրորդ կամ գուցե հարյուրերորդ նոր հնարավորությունն են սուբսիդիաները․ որ սերը ճգնաժամերին տանուլ չտանք։

Ու վերջապես։ Սիրո մեջ էլ, ինչպես տնտեսագիտության մեջ, օգուտը հաշվելու համար ընդհանուր հասույթից հանում ենք ընդհանուր ծախսերը։ Արդյունքում մնացածը` մեր օգուտն է։ Ասվում է՝ 0-ից բարձր օգուտ գրանցող տնտեսությունները շարունակում են երկարաժամկետ արտադրությունը։ 0-ին հավասար օգուտ գրանցողները կարող են շարունակել արտադրել, այնուամենայնիվ, հեռանկարային անորոշությունը սահմանափակիչ դեր է խաղալու։ Դե իսկ 0-ից ցածր տնտեսությունների օգուտը շուկան վնաս է կոչում։

Բայց տնտեսությունների կարգավիճակը մեծապես կախված է շուկայի կառուցվածքից։ Տնտեսագիտության մեջ իմ ամենաչսիրած շուկայական կառուցվածքը մոնոպոլիան է եղել։ Անարդար եմ համարել այն, որ ինչ-որ բարիքի արտադրություն սահմանափակվում է մեկ արտադրողով, ու մյուսները չեն կարողանում մտնել շուկա բարձր պատնեշների ու անդիմակայելի մրցակցության պատճառով։ Բայց սիրո մեջ թող մի՛շտ մոնոպոլիա լինի։ Թող այլ արտադրողներ չկարողանան մտնել սիրո տնտեսություն, որովհետև բարձր են պատնեշները։ Կատարյալ մրցակցության միջով անցնող ու մոնոպոլիստիկ սկզբունքներ որդեգրող արտադրողներով ու սպառողներով թող ձևավորվի սիրո տնտեսությունը։

Թող շահո՛ւյթն էլ, հարկե՛րն էլ, օգուտնե՛րն էլ, վնասնե՛րն էլ մեկը կրի։ Թող անասելի բարձր լինի մեր սիրո գինը․․․ Բայց թող մենք երբեք չվաճառենք  մեր սերը․․․ Թող չվաճառվող բարիքի ավելցուկից դառնանք անհավասարակշիռ, ու ոչինչ, շուկան էլ թող ասի՝ վնաս ենք կրում։ Թող մեր կրած ամենամեծ վնասը սիրո ավելցուկը լինի։ Ու թող սերը լինի այն միակ մոնոպոլիան, որից կշահեն երկուսը․․․