sona zakaryan

Սկսենք մեզանից

Թավշյա հեղափոխություն։ Այս արտահայտությունը չնայած նրան, որ սովորական է թվում, այդքան էլ սովորական չէ։

Դուք էլ եք չէ՞ զգում այն սերն ու ջերմությունը, որը միանգամից տարածվում է այս արտահայտությունը արտաբերելուց հետո։ Այս արտահայտությունը վերջին ժամանակներում դարձել է առօրյայումս ամենաշատ օգտագործվող արտահայտությունը։ Ժպիտը դեմքիս քայլում եմ իմ ամերիկյան դպրոցում, գրկում ընկերներիս, «անտեղի» ծիծաղում։ Շատերը մտածում են, որ տարօրինակ եմ դարձել։

Վերջին ժամանակահատվածում ընկերներս բողոքում էին, որ անընդհատ սոցիալական ցանցերում եմ ու հեռախոսը ձեռքիցս վայր չեմ դնում։ Դասի ժամանակ փորձում եմ ուղիղ եթերները նայել, չվախենալով, որ կարող եմ նկատողություն ստանալ։

Մարդկանց ոգևորված պատմում եմ ամեն ինչի մասին, ինչ կատարվում է Հայաստանում։ Շատերը հետաքրքրված են, ոմանք՝ ոչ այնքան, մի մասն էլ գաղափար անգամ չունեն այդպիսի բաներից։ Այսպիսի պահերին հայի կարիք ես զգում, գոնե մի հայի, ով լիովին կհասկանա քեզ, քանի որ օտարերկրացիներին ինչքան էլ բացատրես՝ նրանք միևնույն է, չեն հասկանա այնպես, ինչպես հայը։

Շատ դժվար էր այս ժամանակահատվածը իմ և իմ ՖԼԵՔՍ ծրագրի հաղթող մյուս ընկերների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր այս պահին հեռու են գտնվում հայրենիքից։

Բոլորիս ամենամեծ ցանկությունը հայրենիքում լինելն էր, մեր ընտանիքներին ու ընկերներին աջակցելը, ողջ ազգին աջակցելը։

Չեմ ուզում երկար-բարակ խոսել հեղափոխության մասին, քանի որ ինքս ցույցերին չեմ եղել ու երևի չեմ զգացել ու հասկացել այն ամենը, ինչը որ զգացել են հազարավոր մարդիկ, ովքեր օրեր շարունակ մասնակցել են ցույցերին ու պայքարել մեր բոլորի ապագայի համար։ Միայն կասեմ, որ ճիշտ է, ֆիզիկապես ձեզ հետ չէի, բայց հոգեպես ամբողջովին Հայաստանում էի։ Այս օրերի ընթացքում շատ բաներ եմ վերլուծել, ինքս ինձ հետ քննարկել ու հասկացել։ Միշտ հավատացել եմ, որ մենք կարող ենք փոխել Հայաստանը, մենք կարող ենք ստեղծել վառ ապագա ու միշտ մի թաքուն երազանք եմ ունեցել, որ բոլորը այդպես մտածեն։ Ամեն անգամ այս ամենի մասին խոսելիս շատերը քմծիծաղ են տվել, ասելով, որ երեխայի նման եմ մտածում ու վարդագույն ակնոցները պետք է աչքերիցս վերջապես հանեմ։ Այսօր այդ նույն քմծիծաղ տվողները երևի ցուցարարների շարքերում էին։

Այն մարդը, ով նրանց հույս ու հավատ է ներշնչել ու այդքան մեծ սեր դեպի հայրենիքը, արժանի է լինել ՀՀ վարչապետ։ Այդ խիզախ մարդը, որին շատերը անգամ չէին ճանաչում ու երբեք չէին հետաքրքրվել նրա գործունեությամբ, դարձավ այն ճրագը, ով միավորեց բոլորին՝ ստեղծելով լուսավոր ապագայի հույսեր։ Հույսերը դարձան գործողություններ, իսկ գործողությունները տվեցին իրենց արդյունքը։

Շա՜տ-շա՜տ դժվար էր ինձ համար այս օրերին հայրենիքում չլինելը։ Ինչպես ընկերներիցս շատերն են ասում՝ պատմական պահեր եմ կորցրել։ Բայց գիտե՞ք, այսպիսի իրավիճակները միշտ օգնում են, որ ավելի արժևորես այն ամենը, ինչ ունես ու ավելի արժևորես հայրենիքդ։ Համենայնդեպս, իմ դեպքում այդպես է։

Պետք չէ մտածել, որ մեկ կամ երկու ամսից Հայաստանը կփոխվի կամ արագ կզարգանա։ Առաջին հերթին պետք է մտածենք ինքներս մեզ փոխելու, մեր քաղաքակրթությունը կոփելու մասին։ Հենց սրանից էլ կսկսվեն զգալի փոփոխությունները։ Հիմա ավելի ոգևորված եմ, որ շուտով հետ եմ գալու Հայաստան, ու այն ամենը, ինչը որ ինձ տվել է Միացյալ Նահանգները, ներդնեմ հայրենիքիս զարգացման գործում։ Ինչպես տեսաք, փոքր ճրագը խավարը վերածեց լուսաբացի։

Հայաստանը ես եմ, Հայաստանը դու ես ու յուրաքանչյուր հայ Հայաստանն է, այնպես որ, եկեք սկսենք ինքներս մեզնից։

Հ. Գ. Շատ շնորհակալ եմ «Ազատություն» ռադիոկայանին, ինչպես նաև 17-ին՝ այս ամբողջ ընթացքում իմ ինֆորմացիայի գլխավոր աղբյուրները լինելու համար։