Սյունյաց օլիմպիականներ, հաղթական Արցախ

Մայիսի 31

Սյունիքի մարզպետարանը լի էր օլիմպիականներով: Տեղի էր ունենում դիպլոմների հանձնման պատվավոր արարողությունը: Բոլորը ուրախ էին և յուրաքանչյուրը սրտի թրթիռով սպասում էր, թե երբ կհնչի իր անունը: Ուրախությունը կրկնապատկվեց, երբ հանդիպման ավարտին հայտարարեցին. «Սիրելի՛ օլիմպիականներ, հուլիս ամսին տեղի կունենա երկօրյա այց դեպի Արցախ»:

Հուլիսի 12

Զբոսնում էի չքնաղ դրախտավայր Կապանում, երբ հեռախոսիս զանգ եկավ: Զանգը մարզպետարանից էր: Հայտնեցին, որ դեպի Արցախ այցը տեղի կունենա հուլիսի 17-18-ին: Շատ ուրախացա և հաջորդ օրը հայտնեցի, որ անպայման ներկա կլինեմ:

Հուլիսի 17

Առավոտյան ժամը վեցն էր: Այս անգամ մարզպետարանի բակն էր լի օլիմպիականներով:
Ճանապարհ ընկանք: Մեր առաջին հանգրվանը եղավ Գորիսի Խնձորեսկ գյուղը: Խնձորեսկ` քարանձավային դղյակ և ճոճվող կամուրջ: Բոլորս անցանք ծայրեծայր ձգվող կամրջի վրայով, որից բացվում է հիանալի տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է ուշադրության արժանի ևս մի վայր` Սբ. Թադևոս եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը:
Ճանապարհը շարունակեցինք: Հասանք Ստեփանակերտ, հանգստացանք, ճաշեցինք և ուղևորվեցինք դեպի դարեր շարունակ կարևորագույն կրոնական կենտրոն եղած Գանձասար: Գանձասարի Մայր տաճարը կառուցվել է XIII դարում Հասան-Ջալալ իշխանի կողմից: Տպավորությունները Գանձասարի վանական համալիրից հրաշալի էին:

Հուլիսի 18

Հարուստ տեղեկություններով լի օր: Շրջեցինք Ստեփանակերտի պատկերասրահում, հիացանք Արցախի նկարիչների ստեղծագործություններով, եղանք Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում, ինչպես նաև Զոհված ազատամարտիկների թանգարանում: Այնուհետև ուղևորվեցինք Շուշի (Գանձասարից հետո Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոն), որտեղ Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցում մոմավառություն կատարեցինք Սյունիքի մարզպետի հետ: Զրուցեցինք մարզպետի հետ, նա շնորհակալություն հայտնեց մեր աշխատանքների համար (օլիմպիական ցուցանիշներով Սյունիքի մարզը զբաղեցրեց պատվավոր II տեղը մայրաքաղաք Երևանից հետո), իսկ մենք շնորհակալություն հայտնեցինք մարզպետին և մարզպետարանի Կրթության, սպորտի և մշակույթի բաժնի աշխատակիցներին մեզ նման հնարավորություն ընձեռելու համար:
Տուն վերադարձանք լի անջնջելի տպավորություններով և անսահման ուրախությամբ:
Այդպիսի հաղթական ուղևորությունները շարունակվելու են: