tatev tamrazyan erevan

17 տարեկան աշխարհը

Երկինքը, արևը, փողոցը, մեր բակի պապիկը, մետրոն, դպրոցը, մայրիկն ու աշխարհը տասնյոթ տարեկան են:

Աչքս բացելու օրից մեր փողոցն եմ տեսել ու պատերին սպիտակով` մեր բակի երեխաների անունները: Հետո ծառերն եմ տեսել, որոնց վրա սպիտակով թվեր են գրված: Հետո երկինքն եմ տեսել` սպիտակով ներկված ամպերով: Հետո փողոցները` սպիտակ գծերով: Տասնյոթ տարվա, հավատարիմ ամենօրյաները նրանք են, նրանք բոլորրը` սպիտակով ներկված:

Մի քանի օրեկան տասնյոթ տարեկանի կյանքը շատ հետաքրքիր է: Ինձ հարցրին.

-Տաթև, քանի՞ տարեկան դարձար

-17

-Երանի քեզ

Մտածեցի` իրոք, երանի, տասնյոթերորդ գարունը չապրած, արդեն գիտես, պատկերացնում ես` ինչ ես սիրում կամ գուցե ում, ինչը կբարկացնի, և ում կլսես, թեկուզ հազար անգամ, թեկուզ նույն պատմությունը, թեկուզ գիտես վերջաբանը:

Տասնյոթ տարեկանում դու գիտես, որ սիրելի ցայտաղբյուրդ` ցածրահասակը, էլ ջուր չի նվիրելու:

Տասնյոթում դու հստակ գիտես` սիրելի գրողդ Բակունցն է, երազանքիդ վայրն էլ իր նկարագրած գյուղը: Երազանքի, որովհետև այդպես միայն իր աշխարհում է լինում, իսկ քեզ մեկ-մեկ հյուր է կանչում, երբ գիրքը ձեռքդ ես վերցնում:

Տասնյոթում դու հասկանում ես, որ սիրում ես ավտոբուսում` «Կանգնեք, նստող կա» ասողներին:

Տասնյոթում ցավով գիտակցում ես, որ տունդ փոքր է անտուն շներին պահելու համար:

Տասնյոթում հաշտվում ես, որ հիվանդանոցների բակերում կանգնելով, ոչ մի երեխայի չես օգնելու:

Տասնյոթերորդ տարում հենց իմացար` ինչ ես դառնալու, ամբողջ կյանքում ինչով ես զբաղվելու ու հենց տասնյոթերորդում իմացար, զգացիր, որ սպիտակից գեղեցիկ գույն դժվար էլ գտնես:

Տասնյոթ տարեկանում ես դեռ չեմ հասկանում` ինչու աշխարհը լցնել փուչիկներով, կենդանիներով, գույներով` բացառելով մարդկանց: Մի՞թե չի կարելի մարդկանց բնավորության գծերի ամենաանու՜շ համադրությունը ստեղծել:

Տասնյոթում դու սիրում ես ելույթը ձախողած դերասանին, ու ինչքան էլ գրկես, գիտակցում ես անզորությունդ` նրան սփոփելու:

Տասնյոթում մեկ է, չես հասկանում երկնքի կատարյալ լինելու գաղտնիքը, անվերջ նայել տալու բանալին, նրանով հավերժ զմայլվելու քմահաճույքը, բայց դա հրաշալի է. աշխարհում կա մի բան, որը կատարյալ է, անծայրածիր, անհատակ, ու որին արժի նմանվել: Կա:

Դու կարդացել ես գրքերի կես տոկոսը, եթե նույնիսկ ընթերցասեր ես քեզ համարում: Չէ՞ որ դու տասնյոթ ես ընդամենը:

Տասնյոթում դու սիրում ես քո տասնյոթ տարի ճանաչած մայրիկին, տունը, փողոցը, երկինքն ու բակի այն պապիկին, որ երբեք չի խոսում, որովհետև բառերը վշտի մեջ են քնել, բայց ամեն անգամ, երբ թոռնիկը կվազի, նա կարթնացնի բառերն ու կգոռա.

- Զգու˜յշ:

Ինձ թվում է երկինքը, ծառերը, մայրիկն ու բակի պապիկը հավերժ են եղել ու իրենց կյանքի 17 տարին ինձ են նվիրել` իրենց ճանաչելու: Բայց ագահության ինչպիսի դրսևորում, ես դեռ այսպիսի մի քանի տասնյոթեր եմ խլելու իրենց կյանքից, իրենց հավերժ կյանքից, իրենք միշտ ներկա պիտի լինեն:

Տասնյոթում ուզում ես այնպես ապրել, որ հախվերդյանական ջրափոսի մեջ երգեր որոնողներից լինես, ու նրա երանին քոնը լինի հիսունից առաջ ապրելու համար:

Տասնյոթ տարեկանում հավատում ես, որ ցայտաղբյուրը` փոքրիկը, ջուր կնվիրի։