hasmik givargizyan

Սովորական երեքշաբթի կամ ուշացած խոստովանություն

Ձմեռային երեքշաբթին սովորական էր. ցուրտ, ձմեռոտ, սպիտակ: Եղանակը տարօրինակ էր ճիշտ այնքան, որքան սովորական էր այդ օրը: Բացասական ջերմաստիճանից սառած ոտքերով մտա դպրոց: Առաջին հարկում ամեն ինչ նույնն էր, միայն երեխաների ոտքերից պոկված ձյունն էր, որ սպիտակ գորգի պես փռվելով գետնին, ուղեկցում էր ինձ երրորդ հարկ: Սպիտակ սալիկներ, որոնց սահմանագծերը վաղուց արդեն սևացել էին, և տարիների վաղեմության մի դուռ, որն իր վրա կրում էր նոր վերքեր ու սպիներ՝ մեր դասարանի կողմից ստացած: Աղմկոտ դասարան, զանգ, ու հինգ րոպե ուշացող ուսուցիչ (իսկական երջանկություն):

-Ժո՜ղ, էսօր Վալենտին ա,- ասաց մեկը:

Նայում եմ մի տեսակ անհասկացող հայացքով, հետո ավելացնում.

-Էսօր ուղղակի երեքշաբթի ա, մի չափազանցրեք:

Ամբողջ օրը նույն բանն ասացի, հետո ինքս էլ դրանից զզվեցի ու սկսեցի մտածել. «Սիրո տոն, է հա, բայց, ո՞վ ասաց, որ սերս պիտի պարտադիր հակառակ սեռի նկատմամբ լինի…»: Հավաքեցի մտքերս, դրեցի կենսաբանությունից ստացած 9-իս կողքին ու տուն եկա: Արագ ճաշելուց հետո օգնեցի մայրիկին ավարտել տան գործերը: Մի պահ կանգ առա, նայեցի սառը ու տաք ջրերի փոփոխությունից ուռած մորս ձեռքերին. «Մա՜մ, մենակ թե իմանաս, թե ինչքան եմ սիրում քեզ, հազար տիեզերքի չափ, ու դեռ մի քիչ էլ ավել: Միայն թե իմանաս…»: Մտածում եմ, բայց մայրիկի ձայնը խլացնում է մտքերս: Գնամ խոհանոցն ավլեմ, թե չէ մայրիկիս մեջքն էլի կցավի…

Ես այդպես էլ համարձակություն չունեցա շնորհավորելու մայրիկիս տոնը բարձրաձայն… Ոչինչ, կսիրեմ կամաց, բայց ուժեղ…