davit tizyan

Սովորական սահման

Մի քիչ մեր սովորական աշխարհի անսովոր կյանքից

Մի պահ ձգտում եմ խրամատում էնպիսի տեղ կանգնել, որ հնարավոր չափով ամենամոտիկը լինեմ մեր դիրքի ամենահեռու ու խորը կետին, ու ավելի մոտ «հակառակորդին», ու էդ պահին հասկանում ես, որ քեզ պատկանող 200 մետրում, գումարած դրան կողքի դիրքերի մեջ եղած հեռավորությունը, որոնցից մեկը ավելի քան 600 մետր է հեռու, իսկ մյուսը՝ 300, ընդհանուր առմամբ՝ 900 մետր կտրվածքով քո դիմաց հայ չկա։ Բոլոր հայերը, Հայաստանը, ընկերդ, սիրելիդ, սովորությունները, հայկական տոլման, խորովածը, պարերը, բարբառները ու վանքերը, բոլորը քո հետևում են։

Զուտ մենակ զգացողության մասին

Մի տեսակ եզակի է ու հետաքրքիր, բայց շատերը էստեղ ժամանակ չունեն մտածելու նման՝ երևի անիմաստ բաների մասին։

Ոտքիդ տակ զգում ես, որ հողը զզվել է քեզնից, ու երևի հողը մի հատ մեծ երևույթ է, որը ունի զգայարաններ, ու ամեն անգամ բահը խփելիս ու մի մասնիկ իր վրայից պոկելիս ցավեցնում ես իրեն։

Ու մտածում ես՝ տեսնես կգա մի օր, որ էս հողին չեն անհանգստացնի մարդու ձեռքով սարքած ինչ-որ երկաթե իրերից առաջացած պայթյուններ։ Ու երևի ինձ պես հողն էլ է ուզում թեկուզ մի 100 տարի հետո երեխեքի ձեն ու ջահելների կռիվ տեսնի, դե էդ կռվի մեջ ոնց էլ չլինի՝ մեկը մյուսի հետ ընդհանուր ծանոթ կգտնեն, կգնան մոտակա գարեջրատուն, ծանոթության կենացը կխմեն, կամ ուղղակի մի հաճելի զրույցի կբռնվեն։
Հողը կժպտա, խորը, հանգիստ շունչ կքաշի։

Հնարավոր է էդ ժամանակ դիրքս մեկի տունը կլինի, իսկ հարևան դիրքը՝ հարևանի տունը (ի դեպ, շատ լավ պոտենցիալ ունի տուն դառնալու)։
Ու այսպիսով էս հարուստ հողերը կծառայեն իրենց նպատակին, ոչ թե մենք՝ «հարուստ հողերին»։

Մի քիչ էստեղի աստղերի մասին

Մեզ մոտ աստղերը ավելի շատ են, քան աշխարհի մնացած բոլոր կետերում, բայց հաշվել լինում ա: Ուղղակի երկու տարին, ասում են, քիչ է մինչև վերջին հատիկը հաշվելու համար, բա որ հաշվելուց կողքից շեղում են, ու հաշիվը կորցնում ես, դաժան ա։

Էստեղ՝ մեզ մոտ, 40 աստիճան շոգը 60 աստիճան է լինում, դրա պատճառն էլ էն ա, որ էստեղի արևը սովորական արևից լա՜վ մեծ ա, չնայած՝ չգիտեմ ուրիշ տեղ ինչ չափ ունի, համենայնդեպս, տեսածս ու զգացածս եմ ասում։

Էստեղի գիշերները սովորական չեն, երկար են սովորականից, ու եթե ուրիշ տեղ 8 ժամ ա, մեր մոտ 16 ժամ է լինում, իսկ ձմեռները ցերեկ չի լինում։

Ու էստեղի անձրևը նման է լույսի մարդուն, այ էդքան չես ուզում, որ գա։ Գիտեմ, որ ուրիշ տեղերում դա ռոմանտիկ ա, իսկ էստեղ՝ ուղղակի ցեխ։ Սկսում ես մենակ քո մասին մտածել՝ մոռանալով, որ մի ամբողջ «հող» երևույթ դրա կարիքը ունի, իսկ որ երկնքից նայեմ, հողի վրա իսկի չեմ էլ երևա։

Ու էստեղի բոլոր գրքերը կարդացվել են, շատ չեն չնայած, բայց գոնե բացվել փակվել են, կապ չունի, որ մեծ մասամբ թերթերը բացակայում են, կեսն էլ կաթացած մոմից կպել են իրար։

Լուսի՜նը… Չեմ մոռացել…

Լուսինը նույն էֆեկտը ունի էս հողերի համար, ինչ մոմը՝ փակ սենյակում:

Հավատո՞ւմ եք, որ լուսնի դեմք հիշեցնող հայացքները փոխվում են քո տրամադրությանը համապատասխան, կամ էլ ուղղակի փոխում են քո տրամադրությունը։
Հեչ մտածե՞լ եք, որ լուսինը ձայն ունի։ Գիշերվա ընթացքում գոնե մի քանի անգամ առիթ լինում ա, չէ՞ անհանգստանալու ինչ-որ տարօրինակ, չլսված կամ անհասկանալի ձայնից, դե ինչ կա որ, հնարավոր է՝ լուսինն ա հորանջում՝ հոգնած էս պայքարի տեսարաններից:

Քամի՜ն…

Քամին գիշերը նման է օտար լեզվի բառարանի, հետը տարօրինակ բառեր է բերում ու անծանոթ անուններ, իսկ հետևից եկող քամի՜ն (ժպտում եմ)։
Որ խորը շունչ քաշես, կարող ես անգամ քո շենքի շքամուտքի համով ուտելիքի հոտը զգալ, ու մի պահ դպրոցից սոված տուն գալդ հիշել, ու էն կասկածելի պահը, որ ամեն դեպքում՝ տենաս մեր տնի՞ց ա էս հոտը:

Ու մի պահ աչքերդ փակես ու զգաս, որ սիրածիդ կողքով էլ ա անցել էս քամին, ու փորձես քամու տաք կաթիլների մեջ իր օծանելիքի հոտը ման գալ։

Ու տեսնես, որ լուսինը դեմքի արտահայտությունը փոխեց, ու ոչ մի բան կողքիդ չի անհանգստացնում, իսկ ուշադրությունդ պարտավորված է իրան զգում։

Էհ, դեռ մի քանի թերթ էլ կարելի է խոսել զգացողությունների, իրերի, երևույթների համ ուրիշ, համ նույնը լինելու մասին, գլուխներդ տանել ամեն տեսակ մտքերով, բայց շատերի համար պաթետիկ ու անձնազոհ, իսկ մեզ համար սովորական ու առօրյա դարձած սահմանին կանգնելը սպասում ա։