mariam grigoryan

Սովորել, աշխատել, ժպտալ

Երևանի փողոցներով քայլելիս շատ եք տեսնում մռայլ ու «մուննաթ» եկող հայացքներ, չէ՞: Ես էլ: Ուսուցիչներիցս մեկը պատմում էր Հունաստան կատարած իր այցից: Ասաց, որ սկզբում շատ անսովոր էր, ու ամեն ինչ տարբերվում էր Հայաստանից: Բոլորը ժպտում են ու թեկուզ առանց պատճառի զրուցում անծանոթների հետ: Լսել եմ, շատերն ասում են, որ ուղղակի հայերը շատ խնդիրներ ու հոգսեր ունեն, դրանից է: Չեմ կարծում, որ խնդիրներ միայն հայերը ունեն: Ուղղակի մենք սիրում ենք ամեն ինչ բարդացնել: Համ էլ, հայերին շատ է հետաքրքրում մյուսների կարծիքը: «Որ ժպտամ, չե՞ն ասի՝ էս գիժը ով ա, անտեղի բերանը բացել ա»: Կամ էլ իրար խորհուրդներ են տալիս.

-Փողոցում մի ծիծաղեք, կողքից սիրուն չի նայվում:

Էդ ինչպե՞ս: Բայց այնպիսի տպավորություն է, որ մարդկանց ուղղակի առիթ է պետք քննադատելու համար: Լուրջ դեմքի արտահայտությամբ մեկին տեսնելիս էլ ասում են՝ «Մի հատ էլ խփի»: Չէ, իրար խփել պետք չէ, իրար վիրավորել, քննադատել ու բամբասել նույնպես: Երևի թե սա է ամենամեծ խնդիրը, ուղղակի պետք է դադարել քննադատել իրար և մտածել ուրիշի կարծիքի մասին: Թեթև ապրելը ավելի հեշտ է: Ի վերջո ապրում ենք մի անգամ, ապրում ենք ինքներս մեզ համար:

Եթե ինձ հարցնեն, թե որն է կյանքիս կարգախոսը կամ ինչով եմ առաջնորդվում, ես կպատասխանեմ. «Կապ չունի՝ ինչ եմ անում, մարդիկ միշտ խոսելու պատճառ կգտնեն: Ապա ինչու չանեմ այն, ինչ ինձ դուր է գալիս»:

Իսկ ամենաչսիրած արտահայտությունս է. «Իսկ մարդիկ ի՞նչ կմտածեն»: Եթե շփվում ես ինձ հետ ու հիմա կարդում ես սա, երբեք ինձ չասես դա: Ինձ չի հետաքրքրում: Մասնագիտությանս ընտրությունն էլ է հակասական արձագանքներ առաջացնում: Շուտով կավարտեմ դպրոցը, ու ամենաշատ հնչող հարցը հենց մասնագիտությանս ընտրությանն է վերաբերում: Պատասխանը ստանալուց հնչում է հաջորդ հարցը` «Իսկ չե՞ս վախենում»: Կամ էլ` «Իսկ ինչո՞ւ հենց լրագրող»: Պատասխանեմ բոլոր հարցերին` չէ, չեմ վախենում, վերջ ի վերջո պետք է լինեն մարդիկ, ովքեր կխոսեն իրոք կարևոր հարցերից, ոչ թե «աստղերի» ամառային հանգստից, և լրագրող, որովհետև սա այն եզակի մասնագիտություններից է, որտեղ կկարողանամ օգտագործել գիտելիքներս, շփվել ու ծանոթանալ տարբեր մարդկանց հետ և ուղղակի հաճույք ստանալ կատարածս աշխատանքից:

Բայց մի րոպե, ոնց որ թե շեղվեցի թեմայից: Ուզում էի ասել, որ ամբողջ օրը տխրելով խնդիրները չեն լուծվի: Մեկ էլ, եթե ինչ-որ մեկը հաջողության է հասնում, դա ամենևին չի նշանակում, որ բախտավոր է, ուղղակի նա աշխատել է և բազում դժվարությունների միջով անցել նախքան դա: Չի ասել. «Էս երկրում գործ չկա», այլ աշխատել է ու չի ամաչել իր աշխատանքից: Բոլորն էլ ինչ-որ բանից են սկսել, համոզված եմ, համաշխարհային ճանաչում վայելող մարդկանց կենսագրություններում էլ եք հանդիպել այդպիսի պատմությունների: Հայտնի պապիկը ասել է. «Սովորել, սովորել, սովորել», իսկ ես կավելացնեմ. «Սովորել, աշխատել, ժպտալ», ու ձեր կյանքում ամեն ինչ լավ կլինի: