Ուսանողական առաջին շաբաթ

Քննությունները անցան, ամառը՝  ևս: Սկսվեց սեպտեմբերը՝ իր հետ բերելով նոր, դեռ ամբողջությամբ չբացահայտված առօրյա, կենցաղ և ինչու չէ, ապրելաոճ. ուսանող եմ: Սեպտեմբերի մեկից սկսվեց ծանոթությունների շրջանը: Ու այստեղ ինձ օգնեց ավագ դպրոցը, հա, բոլորի կողմից քննարկվող ու վատաբանվող դպրոցը: Երեք տարի առաջ, կարելի է ասել, նույն իրավիճակում էի, որովհետև այնտեղ էլ ոչ մեկին չէի ճանաչում (խոսքը դասարանի մասին է): Առաջին իսկ ժամից սկսեցինք լեկցիա գրել (համակարգչային հմտություններ). անսովոր էր. մինչև հիմա էլ չեմ հասկանում դրա իմաստը, նյութը կարելի է դասագրքերի վերածել, դպրոցի նման, որովհետև ձանձրալի ու հոգնեցնող է 80 րոպե գրելը: Բայց ինչ արած, մնում է հարմարվել: Օրերը հաջորդում էին, ծանոթությունները՝ շատանում: Սակայն այս 5 օրվա ընթացքում բուհի ամենակարևոր յուրահատկությունը հասկացա. դու այստեղ անհատ ես, ում ոչինչ չեն պարտադրում, և քո քայլերի համար միայն դու ես պատասխանատու:

Հա, մոռացա ևս մեկ «թերություն» նշել: Գրեթե բոլոր դասախոսները հարցնում էին, թե «ռայոնից» ով կա, ու երբ պարզվում էր, անմիջապես հաջորդում էր հետևյալը՝ չուշանաք: Բայց ընթացքում հասկացել եմ, որ մենք՝ «ռայոնցիներս», միշտ էլ պարտաճանաչ ենք, և ուշացողները հիմնականում «ոչ ռայոնցիներն» են (էս ուղղակի):