Սովորենք անկեղծանալ

Մինչև 13 տարեկանը չեմ հիշում, որ սուտ խոսեի։ Բայց երբ մեծացա, մի անգամ մայրիկիս ստեցի։ Հետո սկսեցի նկատել, որ հաճախ եմ ստում, երբեմն նույնիսկ առանց պատճառի եմ ստում, և ոչ միայն մայրիկիս։ Այո՛, ես չեմ սիրում ստել և չեմ սիրում, երբ ինձ են ստում, բայց երբեմն սուտն անհրաժեշտ է լինում։ Սկսել եմ կամաց-կամաց չստել այլևս, և կարծես թե ստացվում է։ Ավելի լավ է ճիշտն ասեմ և գործածս սխալների համար պատասխանատվություն կրեմ, քան սուտ խոսեմ և հետո կրկնակի պատժվեմ։ «Ավելի լավ է դառը ճշմարտություն, քան քաղցր սուտ»,- այս ասացվածքին ուշադրություն դարձրի այն ժամանակ, երբ մի անգամ մի լավ կրակի մեջ ընկա։

Մայրիկս ինձ թույլ չէր տալիս գնալ ընկերուհիներիցս մեկի տուն, և ընդհանրապես, թույլ չէր տալիս նրա հետ շփվել։ Մի անգամ ես մայրիկիս ասացի, որ գնում եմ զբոսնելու և շուտ կվերադառնամ, փոխարենը գնացի ընկերուհուս տուն։ Այնտեղ մոռացել էի ժամանակի գոյության մասին։ Երբ տուն վերադարձա, արդեն շատ ուշ էր։ Մայրիկիս բարկությունը կրկնակի էր, և ամենից շատ նա բարկացել էր, որ սուտ եմ խոսել։

Թագա Բաղդասարյան, 16 տ․

 

***

IMG_20181208_164847

Թագա՛, երբ կարդացի պատմածդ, գիտե՞ս, ես էլ ինձ հիշեցի․․․ 13 տարեկանում։ Ինչեր ասես, որ չէի հնարում, անգամ այն իրավիճակներում, երբ ինչ-որ բան հնարելու կարիք էլ չկար։

Ստելու անհրաժեշտությունը քո դեպքում հիշեցնում է հոգեպես հասունանալու սկզբի մասին։ Որքան էլ որ քննադատում ես ինքդ քեզ և իրականում չես սիրում ստել, այնուամենայնիվ, երբեմն ստում ես՝ ինքդ էլ գուցե չկարողանալով բացատրել, թե ինչու։

Երբ մարդը փորձում է ինքնուրույնանալ, անցնում է ոլորապտույտ մի ճանապարհ, դա նման է լաբիրինթոսի։ Եվ լաբիրինթոսի փողոցներից մեկն էլ կարելի է անվանել Սուտլիկ-փողոց կամ լաբիրինթոսի «հեքիաթային» փուլ, երբ մարդը կարող է պատմել ստեր, որոնք գուցե սեփական ծիծաղն են հարուցում։

Սկզբում դա ավելի շատ հնարքների տեսք է ունենում, օրինակ, երբ ստում ես ինչ-որ բանի վերաբերյալ, որն իրականում գոյություն չունի։ Քո հասակակիցներից շատերին բավականին բնորոշ է այս սովորությունը։ Ծնողները փորձում են հասկանալ, անհանգստանում են, իսկ պատանիներին սա որոշ հաճույք է պատճառում՝ ունենալ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ, որոնց մասին հազիվհազ փորձում են կռահել ծնողները։ Մյուս դեպքում, իրոք, պատանին ունենում է թեկուզ փոքրիկ գաղնիքներ, գործեր, որոնք չի ցանկանում բացահայտել։

Այսպես սկսվում է մի լաբիրինթոս, որի վերջում հասունությունն է։ Սակայն մինչ հասունությունը գոյություն ունի ևս մի շատ կարևոր և անհրաժեշտ փուլ, որ կոչվում է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ փուլ։ Այստեղ շատ կարևոր է պատասխանել հետևյալ հարցին․ «Իսկ կարո՞ղ եմ ես ասել ճշմարտությունը․․․»։

Անել մի բան և չստել դրա վերաբերյալ, գաղտնի չպահել այն, նշանակում է վերցնել պատասխանատվություն տվյալ արարքի և դրա հետևանքների համար, բնականաբար, նաև նախապես ծրագրել դա․․․ Մի տեսակ շղթայի է նման՝ ճշմարտություն => պատասխանատվություն => հասունություն։

Համաձայն եմ, այնքան էլ հեշտ չէ, բայց այդ ամենի արդյունքում մարդը վայելում է պատասխանատու մարդ լինելու հաճույքը։

Շատ խրախուսական է քո դիրքորոշումը, Թագա՛, որը, ի դեպ, քո սեփական փորձի արդյունքն է։ Կարծում եմ՝ խնդրին ինքդ էլ լավ լուծում ես գտել՝ «Լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը»․․․

Հաջողություն եմ ցանկանում։

Մանե Տոնոյան, հոգեբան