Վեդու մանկապարտեզներում այս ձմռանը հերթափոխ չի լինի

IMG_7034

Արարատի մարզի Վեդի քաղաքի մանկապարտեզները տարիներ շարունակ ձմռանն աշխատել են հերթափոխով, այսինքն՝ երեք մանկապարտեզներից միայն մեկն է աշխատել: Աշխատող ծնողների համար ձմռանը մանկապարտեզների չաշխատելը մի շարք խնդիրներ է առաջացնում: Ուսուցչուհի Անահիտ Թորոսյանի ընտանիքի բոլոր անդամները աշխատում են, իսկ փոքրիկ Արփիին պահելու համար տատիկը ստիպված գյուղում մենակ է թողնում պապիկին ու գալիս Վեդի: Սակայն այս տարի, կարծում եմ, հարկ չի լինի պապիկին մենակ թողնելու, քանի որ Վեդու երեք մանկապարտեզներն էլ ձմռան ամիսներին կաշխատեն:

-Եվ ես, և բալիկս շատ ուրախ ենք, որ մանկապարտեզը շարունակելու է իր բնականոն աշխատանքը, քանի որ երբ աղջիկս մանկապարտեզում է լինում, ես ավելի հանգիստ եմ կատարում իմ աշխատանքը: Իսկ երեխաների համար, կարծում եմ, ընկերների հետ անցկացրած ժամանակն ավելի հաճելի է,- նշում է Սուսաննան, որն արդեն երրորդ բալիկին է ճանապարհում Վեդու նույն մանկապարտեզ:

Վեդու թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Սվետա Մանջոյանը նշում է, որ մանկապարտեզն ունի մոտ 130 սան: Դեկտեմբերի 3-ի դրությամբ հաճախումների թիվը 120 է, այսինքն՝ ձմռանը հաճախումները զգալիորեն չեն նվազում: Տնօրենի խոսքով այս տարի ֆինանսավորումը որոշ չափով բարձրացել է, և դրա շնորհիվ կկարողանան մանկապարտեզի դռները բաց պահել մինչև դեկտեմբերի 24-ը: Մանկապարտեզի ջեռուցումը կատարվում է լոկալ ջեռուցման համակարգի միջոցով, որը տեղադրված է երեք կետում՝ երկուսը խմբերում, մեկը՝ վարչական մասում: Ջեռուցման ծախսերը վճարվում է համայնքային բյուջեի հաշվին, ինչը նշանակում է, որ 5000 դրամ վարձավճարը մեկ երեխայի հաշվով չի ավելանա:

-Օրակարգում ևս փոփոխություններ չունենք: Աշխատում ենք 8-ժամյա աշխատանքային ռեժիմով՝ 8:45-16:45,- նշում է տնօրենը:

Վեդու համայնքապետարանի ընդհանուր բաժնի պետ Լիլիթ Դալլաքյանը նշում է, որ երեք մանկապարտեզներից երկուսի ջեռուցումն իրականացվում է ջեռուցման համակարգի միջոցով, իսկ մյուս մանկապարտեզում տեղադրված են գազի վառարաններ: Յուրաքանչյուր մանկապարտեզի մեկ ամսվա միջին ծախսը ձմռան ամիսներին կազմում է մոտ 2,6 մլն դրամ, որն իրականացվում է համայնքի բյուջեի և վարձավճարների հաշվին:

-Եթե ունենանք պարտաճանաչ հաճախումներ, մանկապարտեզներում արձակուրդները երկար չեն լինի,- նշում է Լիլիթ Դալլաքյանն ու ավելացնում, որ ներկա գտնվելով ընթացիկ ծնողական ժողովներին՝ միշտ բարձրաձայնել է, որ ծնողների պարտաճանաչությունից շատ բան է կախված:

Իսկ երեխաներն իրենց վերարկուները թողել էին անվանական պահարաններում ու սպասում էին խոհանոցից եկող համեղ հյուրին, քանի որ սենյակում ոչ միայն մթնոլորտն էր ջերմ, այլև ջերմաստիճանը: