Սպասիր ինձ, էլի եմ գալու

Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի

Ամեն ինչ սկսվեց անցած տարի, երբ բախտն ու լավ ընկերս ինձ ժպտացին, ու ես հայտնվեցի ճամբարում՝ որպես ջոկատավար, մինչդեռ ոչ վաղ անցյալում ճամբար էի գնում որպես մասնակից: Վճռել էի՝ մյուս տարի էլի պիտի գնամ:

2017 թիվ, հունիսի 28, Երևան: Երթուղայինում եմ. վերադառնում եմ քննությունից: Զանգահարեց ընկերս.

-Բարև՛, Լի՛լ, քեզ համար լավ լուր ունեմ:

Այդ պահին, չգիտեմ՝ ինչու, մտքովս ճամբարն անցավ, ու չսխալվեցի: Սպասում էի այդ երանելի օրվան՝ հուլիսի 24-ին (մինչ այդ հասցրի երրորդ քննությունս էլ հաջող հանձնել ու բարձր միավորներով ընդունվել ուզածս բաժինը):

Եկավ սպասված օրը, ու արդեն երկրորդ անգամ հայտնվեցի ճամբար-դրախտավայրում, որտեղ խմբվում են հարյուրավոր հրեշտակներ ու ամեն պահս անկեղծությամբ լցնում: Նրանք վերադարձնում են լիաթոք ծիծաղս, անկեղժ ժպիտս, սիրով ու ջերմությամբ են լցնում ողջ էությունս: Ճամբարում գտնում ու վերագտնում եմ ինձ, ճանաչում ու բացահայտում նոր տեսանկյուններից, հասկանում, որ ամեն ինչ էլ կարող եմ: Կարող եմ ծայրաստիճան համբերատար ու «ամենաբարի ջոկատավար»-ի չափ բարի լինել… Կարող եմ ավելին, քան կարծում եմ, ավելին, քան կարծում են: Ճամբարում սովորում ու սովորեցնում եմ միաժամանակ: Էստեղ ինձ օգտակար եմ զգում, որովհետև 20 երեխաներով եմ շրջապատվում ու նրանց համար դառնում կարևոր ու օրինակելի կերպար: Նրանք կիսում են ինձ հետ իրենց բոլոր մտահոգություններն ու ժպիտները, նրանք սիրում, վստահում ու հավատում են մինչև վերջ…

Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի

Ու հիմա էլ, երբ տանն եմ, լուսավորվում ու ջերմանում եմ ճամբարից բերած մի քանի տասնյակ բացիկներով ու նվերներով, որոնք զարդարում են սենյակիս պատերը, դարակները ու ամեն օրս ժպիտով լցնում:

Գիտե՞ք՝ կարդալուց հետո էլ համոզվում եմ, որ ճամբարն իմն է, իսկ ես՝ նրանը, ու սրտի մեծ թրթիռով սպասում եմ մյուս տարվա ճամբարային 7 հրաշք օրերին, որ էլի հոգնեմ ոտքից մինչև մազիս ծայրը, որ էլի ճաշարանում արագ ու մի կերպ հաց ուտեմ, որ էլի ուշ քնեմ, իսկ առավոտյան շուտ արթնանամ, որ էլի հանդիպեմ հին ու լավ ընկերներիս, հարազատներիս ու ծանոթանամ նորերի հետ՝ նորից հանդիպելու ակնկալիքով, որ պարզապես ապրեմ 365 օրերից լավագույն 7 օրերս:

Կյանքում շատ քիչ վայրեր կան, որտեղ կրկին ուզում ես վերադառնալ:

-Ճամբա՜ր, սպասիր ինձ, էլի եմ գալու: