violeta mkrtchyan

21 տարի անց

Այսօր երևի թե հորս ամենաերջանիկ օրերից մեկն էր, հիշողությունների տեղատարափ էր գլխում, պատմում էր ու պատմում.

-21 տարի առաջ էր, որ ընդունվեցինք ԵՊՀ ռադիոֆիզիկայի բաժինը։ Ի՜նչ օրեր էին, է՜, անհոգ, երջանիկ, ուրախ։ Առավոտ շուտ տրանսպորտով հոգնած Մուղնիից հասնում էի Երևան, որ դասի նստեի ու հանկարծ համալսարանի բակում տեսնում էի ընկերներիս: «Սա՛մ, արի՛, դասի չնստենք»,- ասում էր ընկերներիցս մեկը: Դե, ինչ արած, ընկերների հետ ժամանակ անցկացնելուց լավ բան չկա, դասերը, երբ էլ ասես՝ կլինեն, բայց թանկ ընկերները միշտ չէ, որ կողքիդ են։ Մի օր դասի չէի գնացել, ընկերներս էլ, դասին չմնալու պատրվակով, վեր էին կացել ու եկել մեր տուն՝ պատճառաբանելով, թե եկել են ինձ տեսնելու։

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Հիշողությունները խեղդում էին բոլորին: Լուռ նստած՝ հետևում էի հին ընկերներին. այնքան ջերմ էին, այնքան կարոտած, որ նույնիսկ 4-5 հոգով հավասար պատմում էին նույն բանը: Մեկը մյուսին հերթ չտալով՝ խոսում էին անդադար, մեզ էլ խորհուրդ էին տալիս.

-Այ, նայի՝ ինչ լավ ա սովորելը, ընդունվում ես համալսարան, լավ շրջապատ ես ձեռք բերում, ու օրերից մի օր այսպես հավաքվում եք ու հիշում ամեն ինչ՝ թեկուզ մի փոքր թախիծով, մի փոքր ափսոսանքով, որ անցել է, բայց, ի վերջո, հպարտությամբ, որ սովորել ես, հասել ես այդ ամենին:

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Այսօր ընկերների ընտանիքները, 21 տարի անց, ծանոթացան միմյանց հետ, մի սեղանի շուրջ նստեցին, երեխաները դարձան ջերմ ընկերներ, իսկ շրջապատը դարձավ շատ հարազատ։ Երիտասարդ հասակում շատ էին երազում այս պահի մասին, իսկ հիմա միմյանց հետ սեղանի շուրջ են նստել, կենաց են խմում՝ ակնկալելով, որ ապագայում երեխաները նույնպես այսպես են լինելու։