artyom safaryan

Սպասում ենք անհամբեր

Մի քանի տարի առաջ լսում էի ամեն անկյունում, թե ինչ վատ վիճակում ենք մենք, մի կարգին ֆուտբոլիստ էլ չունենք աշխարհահռչակ, որ մեր ֆուտբոլի զարդը դառնա: Լսում էի ու տխրում, մտածելով, որ անցել են ժամանակները, երբ Խորեն Հովհաննիսյանը բարձր էր պահում խորհրդային ֆուտբոլի պատիվը աշխարհում և հայկական ֆուտբոլինը` ԽՍՀՄ-ում: Շատ էի մտածում ու հանկարծ մի օր դիտեցի «Շախտյորի» հանդիպումը և նկատեցի 22 համարի մարզաշապիկով հանդես եկող մի ֆուտբոլիստի, որն իր հոյակապ դրիբլինգով և աննկարագրելի փոխանցումներով գրավեց իմ սիրտը: Դե, պատկերացրեք իմ զարմանքը, երբ ես իմացա, որ այս հոյակապ մարզիկը հայ է: Այո, Հենրիխ Մխիթարյանն էր, որը շատ արագ սկսեց առաջընթաց ապրել «Շախտյորի» կազմում և շատ շուտով դարձավ Ուկրաինայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն, իսկ սա Շեվչենկոյի նման լեգենդար ֆուտբոլիստի մայր առաջնությունն է:

Մխիթարյանը միանգամից գրավեց աշխարհին, քանի որ ուներ այն հատկությունները, որոնք շատ հազվագյուտ են հանդիպում ներկայիս ֆուտբոլում: Նա «ունիվերսալ» էր կիսապաշտպանության յուրաքանչյուր դիրքում և տալիս էր հոյակապ փոխանցումներ, որոնք դուրս էին բերում թիմակցին հնարավոր ամենանպաստավոր դիրք: Զարմանալի չէր, որ նա տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա» և դարձավ թիմի ամենաթանկ ձեռքբերումը: Բոլորը մեծ ապագա էին կանխորոշում մեր տղային, քանի որ նա տեղափոխվեց ամենաայցելվող առաջնություն և այդ տարվա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես եկավ թիմի կազմում: Այստեղ Մխիթարյանը ծաղկեց աննախադեպ կերպով Կլոպի, առավել ևս, Տուխելի օրոք: Մխիթարյանը տարբերվում է ֆուտբոլային բարձր ինտելեկտով: Նա տեսնում է դաշտի յուրաքանչյուր անկյունը և փոխանցում է միայն այն ժամանակ, երբ տեսնում է գրոհի սրացման ինչ-որ տարբերակ: Եվ ահա 45 մլն եվրոյով նա տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբ, որի պատմությունը կարող է մի քանի բեսթսելլերի սյուժե դառնալ: Անգլիայի առաջնության հետ ոչ մի առաջնություն չի կարող համեմատվել, թե ինչու` կասեմ մյուս հոդվածներից մեկի մեջ, իսկ հիմա շարունակեմ: Մխիթարյանը առաջարկ էր ստացել «Յուվենթուսից», «Չելսիից» և «Արսենալից», սակայն ընտրել էր մանկունյանցիներին: Եվ դրանով իսկ գործեց ամենաճակատագրական սխալը: Մեր տաղանդավոր խելացի եզակի կիսապաշտպանը հիմա մաշեցնում է բազմոցը, քանի որ նույնիսկ վնասվածքի ապաքինվելուց հետո Մոուրինյոն նրան խաղաժամանակ չի տալիս: Իմ կարծիքով, Մխիթարյանը իրեն կգտներ «Արսենալում», ուր Վենգերը նրան կտար ազատություն և կդարձներ նոր Ֆաբրեգաս, կամ «Չելսի»- «Յուվենթուս» զույգից մեկում, քանի որ նման ֆուտբոլիստը ուղղակի ամանորյա նվեր կլիներ այդ շախմատային ոճի թիմերի համար: Բայց գուցե ամեն բան կորած չէ՞, գուցե դեռ կտեսնե՞նք Հենոյի փայլուն խաղը մանկունյանցիների կազմում:

Ամեն դեպքում, հաջողություն մաղթենք մեր հպարտությունը հանդիսացող Հենոյին և սպասենք ձմեռային տրանսֆերային պատուհանին: Կա տեղեկություն, որ «Յուվենթուսը» նորից ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին: Իսկ “The Special One”-ին կհորդորեինք տրամադրել Հենոյին խաղաժամանակ, քանի որ թիմին թարմություն է պակասում, ինչպես ցույց տվեցին նախորդ խաղերը: Ինձ թվում է, Մոուրինյոն խելամիտ կգտնվի և ճիշտ կօգտագործի Հենոյի տաղանդը: Իսկ մենք կհետևենք ամենադիտարժան առաջնության ընթացքին: