Ani Ghulinyan

Սպասում ենք հայրիկներին` Ձմեռ պապիկի փոխարեն

Փոքր ժամանակ ես էլ մյուս երեխաների նման սիրում էի ձմեռը: Բայց ոչ նրա համար, որ ձյուն է գալիս, Ամանոր է, ծննդյան օրս ու նման բաներ, այլ որովհետև այդ եղանակին շատ ու շատ հայրիկների նման իմ հայրիկն էլ էր վերադառնում արտագնա աշխատանքից:

Սոցիոլոգները ամեն տարի հայտնում են վիճակագրական տվյալները երկիրը ժամանակավոր լքող տղամարդկանց մասին: Կարդում են սովորականի նման, լուրջ ու անվրդով դեմքով, հաճախ նաև կատակներ անելով, բայց այդ հարյուր հազարավոր մարդկանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, երկիրը լքելու իր պատճառները, իրեն ութից տասը ամիս սպասող ընտանիքը:
Նման բաների կողքով երբեք անտարբեր չեմ կարող անցնել, որովհետև ինքս էլ զգացել եմ երկար ժամանակ հայրիկիցս բաժանված լինելու դառնությունը:
Հայրս ներկա չի եղել իմ ծնվելու ժամանակ, երբ առաջին անգամ քայլում էի, առաջին բառն էի ասում, առաջին անգամ դպրոց էի գնում, բայց ամեն դեպքում ես միշտ էլ հասկացել եմ նրա բացակայության արդարացիությունը: Այդ բացակայության շնորհիվ է, որ ես երբեք ոչնչի կարիք չեմ զգացել: Մայրս ասում է, որ ես իմ հասակակիցներից ավելի շուտ եմ մեծացել, որովհետև հաճախ ընտանեկան կենցաղային հարցերը մայրս քննարկում էր ոչ թե հորս, այլ իմ՝ յոթ-ութ տարեկան երեխայի հետ:
Այսօր հայրիկս այլևս չի գնում արտերկիր աշխատելու, ու հիմա էլ ես ոչ թե ձմեռն եմ սիրում, այլ երեկոյան ժամերը, երբ հայրս տանն է լինում: Երբեմն նա ինձնից շուտ է արթնանում, գնում աշխատանքի, երբ ես քնած եմ, և գալիս տուն, երբ ես էլի քնած եմ, ու մենք իրար բարևում ենք միայն հաջորդ օրվա առավոտյան, բայց ես զգում եմ այն ջերմությունը, ապահովության զգացումը, որ ունենում եմ հորս ներկայության դեպքում:
Երբ հորս Ռուսաստան ճանապարհելուց հետո աչքերս թաց ու ամեն կերպ այդ թացությունը թաքցնել փորձելով դպրոց էի գնում, դասղեկս ոչինչ չէր ասում, միայն զանգում ու տեղեկացնում էր մայրիկիս: Մայրիկս էլ ինձ ոչինչ չէր ասում, որովհետև գիտեր, եթե այդ թեմայով սկսեր խոսել, երկուսս էլ չէինք կարողանալու արցունքները զսպել: Դրա համար յուրաքանչյուրս մեր տխրությունը լուռ էինք տանում: Հիմա, տարիներ անց է միայն նա ինձ պատմում պարբերաբար կրկնվող ուսուցչիս զանգերի մասին:

Հայրս տանն է, և ձմեռն այլևս ցուրտ չէ: