rafik tumnayan

Սպիտակ քաղաքը, սպորտը և կարծրատիպերը…

Ես ապրում եմ Սպիտակում: Ապրելով այս քաղաքում, ես անընդհատ բախվում եմ տարբեր խնդիրների հետ: Սպիտակ քաղաքի ամենամեծ հիմնախնդիրներն են՝ մտածելակերպը, կարծրատիպերն ու կաղապարները, որոնք նկատում եմ մարդկանց մեջ: Օրինակ` սպիտակցիների կարծիքով աղջկան հարիր չէ, որ սպորտով զբաղվի: Իմ ընկերուհիներից մեկը ցանկացավ զբաղվել սպորտով: Դա իր համար և՛ անհրաժեշտություն է, և՛ առողջ ապրելակերպ: Սկզբում մենք ուշադրություն չէինք դարձնում սպիտակցիների կարծիքներին և շատ հետաքրքիր պարապմունքներ էինք անցկացնում: Մենք զբաղվում էինք ձեռնամարտով: Ձեռնամարտը Հայաստանում մեծ տարածում չունի, և միայն Սպիտակում են զբաղվում այդ սպորտաձևով: Սակայն չկան համապատասխան պայմաններ, սպորտային գույք: Նաև չկան այլ խմբակներ, որպեսզի մենք կարողանանք մրցումներ կազմակերպել նրանց հետ: Մեր մարզիկները ստիպված են մրցումների մասնակցել այլ մարզաձևերում: Վատ պայմանների պատճառով տղա մարզիկներն էլ են շատ քիչ՝ 13 հոգի, իսկ միակ աղջիկ մարզիկը զույգ չունի, որի հետ կարողանա սովորել սպորտային հնարքներ, մրցել և կատարել լիարժեք պարապմունք: Բայց անգամ այս պայմաններում, նա չէր դադարում պարապել, քանի որ նպատակ ուներ և իսկապես սիրում է այս սպորտաձևը: Այս պայմանները նրան այնքան թևաթափ չարեցին, որքան այն մարդկանց խոսքերը, ովքեր կարծում են, թե աղջիկը չպիտի զբաղվի սպորտով: Նա վերջնականապես որոշեց թողնել սպորտն այն ժամանակ, երբ իմացավ, որ իր մտերիմ մարդկանցից մեկն էլ է իր մասին այդպիսի կարծիք արտահայտել:

Մենք՝ երկուսով, իսկապես չէինք կարող փոխել ամբողջ Սպիտակի մտածելակերպը…

Բացի այս, ուրիշ շատ դեպքեր էլ են եղել, երբ հասարակության կարծրատիպերի պատճառով շատ հետաքրքիր նախագծեր չեն իրագործվել Սպիտակում:

Այս խնդիրն ինձ ավելի շատ է հուզում, քանի որ մյուս բոլոր խնդիրները ֆինանսական են, ու քիչ թե շատ, լուծվում են: Իսկ մտածելակերպը, որն արմատացած է, դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի փոխել, քանի որ այդ ուղղությամբ գրեթե ոչ մի քայլ չի արվում…