Ամեն ինչ լավ կլինի

Հարցազրույց 12-րդ դասարանի աշակերտ Շիրազ Կիրակոսյանի հետ:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

-Որպես ապագա շրջանավարտ ի՞նչ մտավախություններ կամ հուզող հարցեր ունես:

-Ես ուսուցիչների խորհրդով քննություններս տեղափոխեցի մայիս ամիս, բայց փոշմանել եմ, որովհետև դեկտեմբերին անցկացված քննություններին մարզից ստուգողներ չկային, իսկ մայիսին հնարավոր է գան: Ինձ ասում էին՝ մյուս կիսամյակ կնստես դասի, մի բան կսովորես, կգրես: Բայց եթե ես այս 12 տարիների ընթացքում չեմ սովորել, ու ցանկություն չի էլ առաջացել սովորելու, ինչպե՞ս կսովորեմ մի քանի ամիսների ընթացքում:

-Իսկ ի՞նչ ես կարծում, մայիս ամսի պարտադիր 3 քննությունները կարո՞ղ ես հանձնել:

-Դե, պիտի արտագրեմ, բայց ումից՝ չգիտեմ: Բոլոր լավ սովորողները արդեն հանձնել են:

-Ինչպես հասկացա, չես սիրում սովորել: Իսկ որևէ հոբբի կամ նախասիրություն ունե՞ս:

-Արդեն 2 տարի է գնում եմ նկարչության ու շատ եմ սիրում նկարել: Դաս չեմ սիրում անել, հոգնում եմ, իսկ նկարելով հանգստանում եմ, ոչ թե հոգնում: Ես փոքր ժամանակ միշտ նկարում էի ու մայրս տեսնելով, որ սեր ունեմ, ուզում էր գնամ սովորելու այդ ուղղությամբ: Ցերեկը այդքան ժամանակ չի լինում նկարելու համար, դրա համար գիշերն եմ միշտ նկարում: Մայրս գալիս, լույսը անջատում է, ես էլ նորից միացնում ու շարունակում եմ: Իմ ուսուցիչը միշտ ինձ ասում է, որ երբ հավեսով չեմ նկարում, դադարեցնեմ, թե չէ կհիասթափվեմ: Ես հենց այդպես էլ անում եմ: Քանի որ հայրս վատառողջ է, ու իրեն օգնելու շատ բաներ եմ ունենում, դրա համար չեմ հարմարեցնում նկարել: Հայրս միշտ ասում է, որ չհիասթափվեմ:

-Ունե՞ս երազանքներ:

-Ես իմ կյանքը առանց նկարչության չեմ պատկերացնում, հետևաբար իմ երազանքները կապված են նկարչության հետ: Երազում եմ իմ արվեստի տունը ունենալ ու շատ աշակերտներ: Ուզում եմ, որ իմ աշակերտները ինձ հպարտանալու առիթ տան, ինչպես որ մենք՝ մեր ուսուցչին: Սոն ջան, հույս ունեմ, որ կընդունվեմ, ուղղակի վարձավճարի հարցն է:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

-Կա՞ այնպիսի հարց, որը քեզ միշտ մտահոգում է ու տխրություն է պատճառում:

-Հա: Ես ժամանակին արել եմ մի սխալ, չգիտակցելով, որ ինձ մտերիմ ընկեր ձևացողները ինձ վատ դրության մեջ կդնեն ու կծիծաղեն վրաս: Ես չէի մտածել հետևանքների մասին: Ես հիմա ամենաշատը ընկերության կարիք ունեմ: Գիտե՞ս, Սոն, որ ընկեր կոչվածներս երբ ինձ դիմում էին, միշտ փորձում էի օգնել, բայց իրենք… Շատերն են ասում՝ ընկերությունը սուտ է, հա, ես էլ էի էդպես մտածում, բայց դու ինձ հակառակը համոզեցիր, Սոն՝ դժվար պահերին կողքս մնալով: Առաջ, որ ընկերներս բարև էին տալիս, սովորական էր, իսկ հիմա թանկարժեք է դարձել էդ մի սովորական «բարև»-ը:

-Ամենաշատը ի՞նչ կցանկանայիր, որ կատարվեր քեզ հետ:

-Եթե հայրս բուժվի, ամեն ինչ լավ կլինի: