Ստեփանակերտ, պայմանագրից հետո

Ստեփանակերտի ճանապարհին անընդհատ ռուսական դրոշներ էինք տեսնում, Շուշիի մոտ՝ ադրբեջանական։ Մի տեղ հայկական դրոշ տեսանք, ուրախացանք բոլորս, Աիդան պատուհանը բացեց, գոռաց՝ խնդրում եմ, մի քիչ բարձր ծածանեք մեր դրոշը։ Պատուհանը փակեց, ու բոլորս մեր ուրախությունից զարմացանք։ Զարմացանք, որ մեր երկրում մեր դրոշից ուրախանում ենք։

Արցախ առաջին անգամ էի գնում: Միշտ մտածում էի` մի օր կգնամ, էլի: Բայց ուշացա: Հասա միայն, երբ մեզ մի քայլաչափ տեղ էր մնացել: Իսկ դրանից դուրս ոչ մենք էինք, ոչ մեր դրոշներն ու ոչ էլ մեր ոտնահետքերը:

Կեսօրին հասանք Ստեփանակերտ ու առաջինը, որ տեսանք, տատիկն ու պապիկն էին: Արձանները չէ, իսկական, քայլող, շնչող ու ապրող տատիկ պապիկները, որ ծանր տոպրակներով տուն էին գնում: Մի քիչ մոլորված գնացինք Ստեփանակերտի քաղաքապետարան: Դռան մոտ մեծ հերթ էր, չնայած անձրևին ու վատ եղանակին: Հեռացող բոլորի ձեռքին նույն դեղին տոպրակներն էին, որոնք իրար օգնելով տատիկն ու պապիկը տանում էին. սնունդ էր: Մարդիկ վերադարձել էին, ապրում էին, օգնում էին իրար:

Ծանոթացանք քաղաքապետի հետ, զրուցեցինք հույսերի, արածների ու անելիքների մասին: Ներսի եռուզեռը, քաղաքապետի, կամավորների ու աշխատողների եռանդը, հույսը, ուժը փոխանցվում էր մեզ, ու չնայած մենք ծանր սրտով էինք գնացել, իրենք էին մեր սրտի բեռը թափում: Էդպես էլ «շարունակելու ենք ապրել ու ստեղծել»-ը մարմին ստացավ մեր աչքին: Ասացինք, որ ուզում ենք նկարել քաղաքը, բայց ծանոթ չենք տեղանքին: Քաղաքապետը Գևորգին կանչեց ու ծանոթացրեց մեզ, ասաց, որ կուղեկցի ուր որ պետք է, ցույց կտա վնասված շենքերը: Ճամփա ընկանք բարձրահասակ, կանաչ աչքերով ու ինձ հանդիպած լավագույն գիդի հետ: Գևորգը հերթով պատմում էր ամենաշատը վնասված շինությունների ու տարածքների մասին, ու հերթական անունը տալուց հետո մենք միաձայն ասում էինք` իսկ կարո՞ղ ենք էդտեղ էլ գնալ, ու ստանում էինք հերթական դրական պատասխանը: Մի քանի րոպեից էլ ոչ միայն թվարկած տեղերում էինք լինում, այլ նաև ճանապարհին տարբեր շենքերի մոտ կանգնում էինք և ուշադիր լսում Գևորգի պատմածները: Խնդրում էինք` մնալ մեքենայում, որ չթրջվի, մինչև մենք կնկարեինք: Բայց իջնում էր, ուղեկցում, կանգնում կողքներս, մտնում շենքերը, ոչ մի րոպե մենակ չէր թողնում: Միայն եկեղեցում մի քանի րոպե տեսադաշտում չէր, վերադարձավ` երեք վզնոց ձեռքին` Ա տառ կուլոնով` Անիին, Աիդային ու Անիին: Մեկ էլ սկսեց պատմել.

- Մոտեցա վաճառողին, ասեցի` 3 հատ Ա տառ տվեք: Ասեց` բայց կարող ա 3 հատ Ա չլինի, մեկը ուրիշ տա՞մ: Մտածեցի` լավ, որ Ա չլինի, Փ կվերցնեմ, ինչ անեմ:

Սկսեցինք չորսով ծիծաղել: Ու ես զարմացա, թե ինչ ուժ էր Գևորգի ներսում, որ տունը ռմբակոծությունից կորցնելուց, ամեն օր տունը կորցրած հարյուրավոր մարդկանց հետ շփվելուց հետո շարունակում էր անընդհատ հումորներ անել, ժպտալ: Մեկ էլ հարցրինք.

- Իսկ ապաստարաններ կա՞ն, որտեղ բնակության հետքեր են մնացել, դե, ասենք, ափսեներ, մահճակալներ:

Պատասխանեց.

- Չէ, բայց կարամ ասեմ արագ իջացնեն, նկարեք, հանենք:

Ու էդպես ամեն կանգառում, երևի, տեսնելով երեքիս դեմքի քարացած ու սառած արտահայտությունները, մյուս վայրերին հասնելու արանքում հումորներ էր անում, որովհետև մեզ էլ, իրենց էլ դա է փրկում:

Ռմբակոծված շենքերը տեսնելուց հետո մտածում էի` ոնց որ կինոյում լինեմ: Բոլոր կադրերը, որոնք տեսել էի ֆիլմերում, տարբեր երկրների մասին պատմող վավերագրականներում, գալիս էին աչքիս առաջ: Ու հասկանում էի, որ չէ, ես չեմ կինոյում: Կինոներն են հենց մեր կյանքը: Հենց այս կադրերն էլ դառնում են կինո: Մի օր էլ ինչ-որ ծանր ֆիլմի վերջում հայատառ գրելու ենք` հիմնված է իրական փաստերի վրա:

Գևորգը պատմում էր, որ ցանկացել են վնասել Արցախի էլեկտրացանցը, բայց շեղվել ու դպրոցին են հարվածել: Դպրոցում մանկական սենյակներ կային, պատերին արև, կապույտ ամպեր, ծաղիկներ, իսկ գետնին կոտրված ապակիներ ու մանկական փոշոտված կոշիկներ: Մանկություն էր պատերազմի օրերին:

Եղանակը Ստեփանակերտում մռայլ էր, ձյուն էր ու անձրև: Գևորգն ասաց` էսօր առաջին անգամ ձյուն եկավ: Պատասխանեցինք.

- Թարս էր, էլի, մեզնից էր, հենց որոշեցինք գալ, ձյուն ու անձրև սկսվեց:

Ասաց.

- Դե մեր համար հանգիստ գործ էինք անում, ինչի՞ եկաք:

Հրաժեշտին ասաց` հասնենք, անպայման իմաց տանք: Ճանապարհի մառախուղից վախեցած ու լարված` մոռացել էինք: Առավոտյան գրել էր.

- Մտածեցի` գերի եք ընկել: Չորս հոգու վերցրել էի, որ գոնե փոխանակենք:

Անհնար է մարդկային վերաբերմունքն ու ջերմությունը մեզնից որևէ պայմանագրով ինչ-որ մեկին հանձնել: